ԲԵՐՔԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԴԱՌՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդային շրջանում Նոյեմբերյանի դեղձի այգիներն ամեն տարի մոտ 30 հազար տոննա բերք էին տալիս: 1990-ական թվականներին հանրապետությունում տիրող վառելիքաէներգետիկ ճգնաժամի պատճառով այգիների ոռոգման գործը վատթարացավ, դեղձի այգիների մեծ մասը հատվեց: Սակայն 2000-2003 թթ. ԻՖԱԴ կազմակերպության կողմից Հայաստանին տրված վարկային միջոցներով հիմնվեց 350 հա դեղձի այգի:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի գործունեության հետեւանքով Դեբեդը մշտապես աղտոտվում է: Կոմբինատի պոչամբարից արտանետումների հետեւանքով պարբերաբար Դեբեդը մոխրագույն է դառնում: Դեբեդի հովտի այգեգործները դժգոհում են, որ այդ ջրով այգիները ջրելու դեպքում դեղձենու բունը պատվում է սպիտակ փառով, հողն էլ պնդվում, կարծես բետոնապատ է դառնում: 2008թ. օգոստոսի 22-ին այն ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի Պտղավան այցելության ժամանակ այգեգործները հարց բարձրացրին դեղձի այգիները սնուցող Դեբեդի ջրի աղտոտվածության մասին: Ա. Գեւորգյանն ասաց, որ Դեբեդի ջուրը Երեւանում լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար գյուղնախարարությանը հանձնարարական է տրվել, նաեւ նշեց, որ բնապահպանության նախարարությունը երկարաժամկետ մոնիտորինգ է անելու գործարանների կողմից գետ նետվող արտանետումների նկատմամբ:
Ա. Գեւորգյանն այն ժամանակ կարծիք հայտնեց, որ շուտով կգտնվի հարցի լուծումը: 7 տարի է անցել, հարցի լուծումը այդպես էլ չի գտնվել: Դեբեդի հովտի պտղաբույծները մտահոգված են, որ Թեղուտի բազմամետաղային հանքավայրը շահագործման հանձնելուց հետո ծանր մետաղներով Դեբեդի աղտոտվածությունը կավելանա: Արդյունքում` դեղձի այգիների բերքը կարող է վտանգավոր դառնալ մարդկանց առողջության համար:

 

 

ՈՍԿԻ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում բազմամետաղ հանքի ուսումնասիրության աշխատանքները մոտ 15 օր առաջ դադարեցվել են: Գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասաց, որ ձմռան ընթացքում հանքաքարի նմուշների կորզման եւ ուսումնասիրման աշխատանքները դանդաղ են ընթացել: Նրա վկայությամբ՝ այդ ամենով կանադական ընկերություն է զբաղվում, իսկ աշխատանքների ձգձգման պատճառը ֆինանսների պակասն է: Հանքավայրում Վազաշենից աշխատում է 4 բանվոր, այն գտնվում է համայնքի հաշվեկշռում, այստեղ մեծ է պղնձի պարունակությունը, նաեւ ոսկի կա:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ
Գյումրու հրաձգարանի մարզադպրոցը հիմնադրվել է դեռ 1965թ. եւ իր կեսդարյա գործունեության ընթացքում բազմաթիվ հաջողություններ է ունեցել: Այժմ էլ մարզադպրոցում սովորում են 12-21 տարեկան 60 տղաներ ու աղջիկներ, որոնք սակայն այս կարեւոր սպորտաձեւը յուրացնում են, մեղմ ասած, անմխիթար պայմաններում:
Այն, որ հրաձգությունը որպես սպորտաձեւ մեր երկրի համար ունի ռազմավարական կարեւորություն, իսկ հրաձգարանային մարզադպրոցներն էլ համապատասխան վերաբերմունքի պետք է արժանանան պետության կողմից, կարծես թե անվիճելի է: Միայն այն, որ մեր բանակի ապագա դիպուկահարներն իրենց մասնագիտական պատրաստությունը սկսում են հենց հրաձգարանային մարզադպրոցներից, որեւէ մեկի համար գաղտնիք չէ:
Սակայն Գյումրու հրաձգարանային մարզադպրոցը գործում է վարձակալական պայմաններով վերցված շենքում: Մարզադպրոցն ունեցել է իր շենքը, սակայն այն պատկանել է ԴՕՍԱՖ-ին, որն էլ այն մասնավորեցրել է` օտարման եղանակով: Արդյունքում` հրաձգարանի մարզադպրոցի սաներն ու մարզիչները հայտնվել են, մեղմ ասած, անմխիթար պայմաններ ունեցող եւ մարզադպրոցի համար ոչ պիտանի շինության մեջ, որը չունի ջեռուցում, պատուհաններին ապակիներ չկան, իսկ պատերն էլ խունացած են ու կիսախարխուլ:
Շենքի սեփականատերը վերանորոգման աշխատանքներ չի իրականացնում, մարզադպրոցն ու քաղաքապետարանն էլ իրավունք չունեն որեւէ բան անելու, քանի որ սեփականատեր չեն:
Ի դեպ, 2014-ին հրաձգության աշխարհի առաջնության թիմային փուլում Գյումրիի մարզադպրոցի սաները գրավել են երրորդ պատվավոր տեղը, այս տարվա հունվարին էլ հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնությանը մարզադպրոցի սաները գրավել են առաջին ու երկրորդ տեղերը, ինչը, կարելի է ասել, շատ լավ արդյունք է անհրաժեշտ պայմանների գրեթե բացակայությամբ գործող մարզադպրոցի համար:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի

 

 

 

 

ԱՐԳԵԼՎԱԾ ՍԻԳԸ՝ «ՋՐԻ ԳՆՈՎ»
Զատկի տոնի հետ կապված շուկայում ձկնատեսակների առատություն էր: Հարցումների համաձայն՝ Զատիկին հատկապես լավ են վաճառվում իշխան եւ սիգ ձկնատեսակները: Շրջելով Սեւանի եւ Հրազդանի շուկաներում՝ համոզվեցինք, որ արգելված եւ ոչնչացման եզրին կանգնած սիգ ձկնատեսակի որսը նոր թափ է առել: Ձկնավաճառների հետ զրույցից պարզեցինք, որ սիգն իրենց մատակարարվում է հենց Սեւանա լճից:
«Բռնում-բերում են, մենք էլ, որպես վերավաճառող, գնում ենք»,-ասաց նրանցից մեկը: Իսկ հարցին, թե շուկայի բանուկ հատվածներում արգելված ձկան վաճառքը արդյոք վտանգավոր չէ, սեւանցի ձկնավաճառը պատասխանեց.
«Ոստիկաններին Դուք էլ եք տեսնում, որ չեն մոտենում, դե, թող մոտենան, ասեն՝ մի վաճառեք, մենք էլ չենք վաճառի»:
Գրեթե նույն իրավիճակն է հարեւան Կոտայքի մարզում: Հրազդան քաղաքի բազմաբնակարան շենքերի բակերից մեկում հանդիպեցինք ձուկ վաճառող մի կնոջ, ով խոշոր ու թարմ սիգ էր վաճառում` հատը 400 դրամով: «Մանր սիգի 4 հատը 1000 դրամ կտամ, արի, ջրի գին եմ ասում, աղջիկ ջան»,- առաջարկեց նա:
Խանութներում էլ վաճառողները դժգոհեցին իշխան ձկան վաճառքի գնային քաղաքականությունից: Քաղաքի խանութներից մեկում 1կգ իշխանն արժեր 1450 դրամ, հարեւան խանութում՝ 1600: Ինչպես վաճառողուհին ասաց՝ երկու խանութների մատակարարն էլ նույնն է, բերում է նույն օրը, նույն ժամին, բայց լսել են, որ նրանց ավելի էժան են հանձնել, քան իրենց:
Իսկ, ահա, սիգի վաճառքի դեպքում հստակ գին չկա, վաճառում են՝ ով ինչպես եւ ինչքան կարող է:
Խնդրի կապակցությամբ դիմեցինք Կոտայքի մարզի բնապահպանության վարչություն, որտեղից, սակայն, մեզ հանգստացրեցին` հավաստիացնելով, որ իրավիճակն իրենց կողմից վերահսկվում է, սիգն ամբողջովին ոչնչացման եզրին չէ, ուստիեւ անհանգստանալու կարիք չկա:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ




Լրահոս