Հայաստանում բեռնափոխադրումների թիվը կտրուկ նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական թվերով անգամ այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանի տրանսպորտի գործունեության հետ կապված, լինի դա բեռնափոխադրումներ թե ուղեւորափոխադրումներ, անկում է արձանագրվել: Մասնավորապես, ընդհանուր բեռնափոխադրումներն անցած տարվա համեմատ նվազել է 8,8 տոկոսով, կամ նույնն է թե՝ 120 հազար տոննայով:

Հայտնի իրողություն է, որ բեռնափոխադրումների դինամիկան ուղղակի բնորոշում է տնտեսությունում տիրող վիճակը: Այսինքն՝ բեռնափոխադրումների ընդհանուր անկման պայմաններում տնտեսական աճից խոսելն անհեթեթություն է: Առավել եւս, որ բեռնափոխադրումների ծավալները ոչ միայն մեկ կամ երկու առանձին տրանսպորտի տեսակներով է նվազել, այլեւ բոլորով: Այսպես՝ երկաթուղային բեռնափոխադրումները նվազել են 14,7 տոկոսով, որից բեռների արտահանումը նվազել է 4,9 տոկոսով, իսկ ներմուծումը պակասել է 1,5 տոկոսով: Կտրուկ նվազել են երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումները. անկումը կազմել է 25,6 տոկոս:

Ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների անկումն այդքան մեծ չի` 1,1 տոկոս: Սակայն ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները, ըստ իրենց նպատակի դիտարկելու դեպքում, տեսնում ենք, որ արտահանումը նվազել է ավելի քան կիսով չափ` 51,7 տոկոսով, ներմուծումը նվազել է 19,1 տոկոսով, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումները աճել են 7,7 տոկոսով: Ի դեպ, հենց այս աճի հաշվին է, որ ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների ծավալը քիչ է նվազել: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ լուրջ անկում է արձանագրվել. արտահանման դեպքում` 40 տոկոս, իսկ ներմուծումը` 43,3 տոկոս:

Հատուկ ուշադրության են արժանի «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները, այս դեպքում անկումը կազմել է 13,8 տոկոս: Ավելին՝ բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին եւ այն էլ կոնկրետ մեկ տեսակի ապրանք` գազ: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա առաջին երկու ամիսներին անցած` 2014 թվականի համեմատ զգալի նվազել է: Այս երեւույթն իր հերթին բացատրում է այն հանգամանքը, թե ինչու է Ռուսաստանը ցանկանում թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը: Գազի ներկրման անկման արդյունքում Ռուսաստանի` Հայաստանից ստացվող եկամուտները փաստացի նվազել են, եւ ռուսական կողմը որոշել է իր «կորուստները» փոխհատուցել՝ գազի գինը բարձրացնելով:

Եթե բեռնափոխադրումների ծավալն արտացոլում է ընդհանուր տնտեսության պատկերը, ապա ուղեւորափոխադրումներն անմիջական արտացոլում են հանրապատության ժողովրդագրական վիճակը: Այսպես՝ ընդհանուր ուղեւորափոխադրումները նվազել են 4,5 տոկոսով: Ի դեպ, ուշագրավն այն է, որ ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալը անցած տարվա համեմատ գրեթե չի փոխվել եւ նույնն է մնացել: Փոխարենը երկաթուղով ուղեւորափոխադրումները նվազել են 11,7 տոկոսով, իսկ ավտոմոբիլային ուղեւորափոխադրումները՝ 5,2 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալը նվազել է 15,5 տոկոսով:

Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը թերեւս մեկն է` ուղեւորների նվազումը: Այլ կերպ ասած՝ արտագաղթը չի կարող իրեն զգացնել չտալ: Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի Հայաստանից արտագաղթել է մոտ 50 հազար մարդ: Բնական է, որ նրանց բացակայությունը պետք է ազդի ուղեւորափոխադրումների ծավալների վրա:

Մեկ ուշագրավ տվյալ եւս՝ էլէկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումներն, անցած տարվա համեմատ, աճել են 2,7 տոկոսով: Էլեկտրատրանսպորտ ասելով տվյալ դեպքում խոսքը Երեւանի մետրոյի մասին է: Մետրոյից բացի՝ մի քանի հատ տրոլեյբուս է մնացել Երեւանում, որոնց մեկ-մեկ կարելի է մայրաքաղաքի փողոցներում հանդիպել: Մետրոյով ուղեւորափոխադրումների ծավալների աճն էլ, թերեւս, պայմանավորված է այն հանգամանքով, որ տարեսկզբին Երեւանի քաղաքապետարանը մոտ մեկ տասնյակ ավտոբուսային երթուղիներ հանեց շահագործումից եւ երթուղիներն այնպես ձեւափոխեց, որ մարդիկ մայրաքաղաքի մի ծայրից մյուսը գնալիս ստիպված լինեն անպայման երկու տրանսպորտից օգտվել: Երեւանի քաղաքապետարանի քայլը` վերգետնյա տրանսպորտից օգտվելու հարցում ուղեւորների համար խոչընդոտներ ստեղծելն է հավանաբար պատճառ դարձել, որ երեւանցիները եւ մայրաքաղաքի հյուրերը սկսեն ավելի շատ օգտվել մետրոյից, որը եղել եւ դեռեւս մնում է ամենահաստատուն գործող հասարակական տրանսպորտը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս