Դեռեւս տարեսկզբին լուրեր էին պտտվում այն մասին, որ մոդել, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պլանավորում է ապրիլին առաջին անգամ այցելել պապենական հայրենիք` Հայաստան: Օրերս արդեն Us Weekly-ն տեղեկացրեց, որ ռեալիթի-շոուների աստղը Հայաստանում կանցկացնի առաջիկա շաբաթը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Քարդաշյանը Երեւան կժամանի սեփական փոխադրամիջոցով: Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանի միայն հայրն է հայ` Ռոբերտ Քարդաշյանը, ով մահացել է 2003-ին: Ամերիկյան լրատվամիջոցները մեջբերում են Ամերիկայում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի խոսնակ Ֆիլ Վոլինսկուն, ով նկատում է, որ Քիմի այցը «իմաստավոր է»: Նա ասել է, որ ցանկացած մեկի համար, ով հայ է, կարեւոր է ցանկանալ վերադառնալ իր արմատներին, հատկապես` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:
-Պարո՛ն Մելքոնյան, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան կարո՞ղ է միջազգային հանրության ուշադրությունը մեր ազգի համար կարեւորագույն այս խնդրի վրա բեւեռելու հնարավորություն ընձեռել, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նա սոցցանցերում ու միկրոբլոգներում միլիոնավոր հետեւորդներ ունի:
-Իհարկե, Քիմ Քարդաշյանը որոշակի շրջանակներում հեղինակություն է վայելում, եւ նրա ամեն խոսքն էլ բավական լայն տարածում է գտնում, սակայն եթե հաշվի առնենք այն մեթոդները, որոնց միջոցով հռչակ են ձեռք բերում եւ պահպանում Քիմ Քարդաշյանն ու իր ոլորտի այլ հայտնիներ, ապա կարծում եմ, որ նրանք չպետք է մեր կողմից դիտվեն որպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման լայն շրջանակներին հասու դարձնելու կարեւոր օղակ: Հայոց ցեղասպանությունն առաջին հերթին իրավական, քաղաքական ու բարոյական խնդիր է, եւ ես չեմ կարծում, որ մենք պետք է շատ մեծ տեղ տանք Քիմ Քարդաշյանին եւ այլ նմանատիպ հանրային անձանց:
-Ձեր կարծիքը պայմանավորված է հանրությանը հայտնի նրա սկանդալային կերպարո՞վ:
-Պետք չէ անտեսել այն հանգամանքը, որ երբ առիթ է ստեղծվում թուրքական շրջանակներում խոսել Քիմ Քարդաշյանի մասին, լինեն այդ ազգի գիտնականներ, լրագրողներ թե այլ ոլորտների ներկայացուցիչներ, առաջնահերթ շեշտում են նրա մասնակցությամբ սկանդալային տեսաերիզի, կիսամերկ լուսանկարների, սկանդալային կապերի հանգամանքները եւ ասում` ահա, այս մարդն է Հայոց ցեղասպանության խնդրի ջատագովն ու դրա ճանաչման համար պայքարողը: Ինքս` որպես հայ եւ որպես մասնագետ, հարմար չեմ համարում Քիմ Քարդաշյանի ներգրավվածությունը Հայոց ցեղասպանության թեմայի կոնտեքստում` զուտ բարոյական տեսակետից:
-Իսկ այն հանգամանքը, որ Քարդաշյանի ընտանիքի նախնիներն էլ Հայոց ցեղասպանության վկաներ, այդ ոճրագործությունից փրկվողներ են, չի՞ մեղմացնում իրավիճակը:
-Ցեղասպանությունից փրկված կամ զոհված անձանց շատ ժառանգներ կան, որոնք բոլորովին այլ մեթոդներով են հիշում նախնիների կորուստը: Չեմ կարծում, թե Քիմ Քարդաշյանի պահվածքն այնպիսին է, որ Հայաստանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում նրան դարձնի խաղաթուղթ կամ հաղթաթուղթ: Եթե նույնիսկ նրա միջոցով եւս 100 հազար մարդ գիտակցի Հայոց ցեղասպանության փաստը, կոնկրետ ինձ համար, անկեղծ ասած, վիրավորական է, որ նրանք պետք է առաջին հերթին նայեն Քարդաշյանի բարեմասնություններին, հետո նոր մտածեն Ցեղասպանության մասին:
-Ի վերջո, հնարավոր է նաեւ, որ Քարդաշյանի այցը Հայաստան ընդամենը նրա PR քայլերից մեկն է:
-Այո՛, կարծում եմ, որ PR քայլ է: Ճիշտ է՝ Հայաստան գալ-չգալը նրա անձնական գործն է, բայց ես չեմ կարծում, թե նա պետք է դառնա մեր «դրոշակը»: Կցանկանայի մի հանգամանքի մասին էլ խոսել: Բազմիցս տարբեր թուրք մասնագետների հետ քննարկել ենք, օրինակ, «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը, եւ նրանք խոսելով Հայաստանի շահերը պաշտպանող միջազգային փաստաբան Ամալ Քլունիի մասին՝ նշում են, թե մենք Քլունիին որպես մասնագետ չենք շահարկում, այլ օգտագործում ենք նրա միջազգային դիրքը, ճանաչվածությունը: Նույնը կարող է լինել Քարդաշյանի պարագայում:
Եվ, ի վերջո, պետք չէ անտեսել այն հանգամանքը, որ մենք ապրում ենք արեւելքում, եւ մեր շրջանում պետք է գերիշխող լինի արեւելյան մտածելակերպը:
Հ.Գ. Երեկ՝ երեկոյան, Քիմ Քարդաշյանի անձնակազմը ժամանել է Երեւան: Նրանց աղուհացով են դիմավորել օդանավակայանում:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է
Ֆրանսիայի Հայկական թանգարանը կործանման եզրին է: Այս մասին ահազանգում են change.org կայքում կազմակերպված ստորագրահավաքի մասնակիցները:
Բանն այն է, որ 2011-ին Փարիզի Ֆոշ արվարձանում գտնվող Գիմե թանգարանում տեղակայված «Ֆրեդերիկ Ֆրինգյան հայկական թանգարանի» զբաղեցրած փարիզյան առանձնատան վերանորոգման աշխատանքների պատրվակով Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը առաջարկել է Հայկական թանգարանին ժամանակավորապես ազատել իր ցուցասրահները եւ տեղափոխել հավաքածուն: Իսկ շենքի վերանորոգման ավարտից հետո Հայկական թանգարանի վերադարձն արգելվել է: Փաստորեն վտանգված է 3000 տարվա պատմություն ունեցող շուրջ 1 200 արվեստի գործ` փրկված Մեծ Եղեռնը վերապրածների կողմից:
«Ժողովուրդը»-ը ՀՀ մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց` արդյոք կառույցը երբեւէ վերոնշյալ խնդրով դիմել է Ֆրանսիայի իշխանություններին եւ ինչ ուղիներ է տեսնում` խնդիրը լուծելու համար: Նախարարությունից տեղեկացնում են, որ 2011-ին թանգարանի շենքի վերանորոգման նպատակով «Ֆրեդերիկ Ֆրինգյան հայկական թանգարանի» տնօրինությունը փաթեթավորել է ցուցանմուշները եւ դրանք տեղափոխել Փարիզի հյուսիսային արվարձաններ` հանձնելով Ֆրանսիայի մշակույթի նախարարության հոգածությանը: «Ֆրանսիայի պատկան մարմինները բանավոր խոստացել էին, որ ցուցասրահի վերաբացումից հետո «Ֆրեդերիկ Ֆրինգյան հայկական թանգարանի» հավաքածուն կվերադարձվի ցուցասրահ: Պարոն Ֆրինգյանը նաեւ տեղեկացրել է, որ թանգարանի վերաբացումից հետո ցուցանմուշները ցուցասրահ չեն տեղափոխվել, այլ շարունակում են մնալ պահեստներում, ինչի վերաբերյալ նա գրավոր պարզաբանում է խնդրել Ֆրանսիայի մշակույթի նախարարությունից, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: Այս հանգամանքը խիստ անհանգստացրել է ՀՀ մշակույթի նախարարությանը, եւ վերջինս համապատասխան նամակով 2014-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության միջոցով խնդրել է ֆրանսիական կողմի հետ քննարկել ստեղծված իրավիճակը»,-ասված է նախարարության պատասխանում:
Կառույցն իր պատասխան նամակում նաեւ նկատել է, որ հարցի լուծումը փոքր-ինչ բարդ է, քանի որ, հանդիսանալով մասնավոր կառույց, «Ֆրեդերիկ Ֆրինգյան հայկական թանգարանը» հնարավորություն չունի օգտվելու պետական օժանդակությունից: «Նաեւ տեղեկացնում ենք, որ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը խնդրի առնչությամբ որեւէ նախաձեռնություն չի դրսեւորում` լուծումը թողնելով Գիմե թանգարանի ղեկավարությանը»,- եզրափակված է պատասխանը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՆՎԻՐՎՈՒՄ Է 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Հայրենական նորաձեւության հիմնադիրներից մեկի` Լիլիթ Մարգարյանի «Gallery 100» հավաքածուի ցուցադրությունը կկայանա ապրիլի 7-ին: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքածուի հիմքում հայ կնոջ կերպարն է ու նրա ոճի զարգացումը, որն ուղեկցվել է պատմական եւ տարածքային բազմազան գործոնների ազդեցությամբ: Հավաքածուի հիմնական նմուշները զգեստներն են, որոնք 20-րդ հարյուրամյակի հայ նկարիչների ստեղծագործություններից ոգեշնչման արդյունք են: Ներկայացվող դեֆիլեի առանձնահատկություններից են լինելու նաեւ Նուռի` հատուկ այս միջոցառման առիթով ստեղծած աքսեսուարները, որոնք զարդարելու են հավաքածուի նմուշները: Լիլիթ Մարգարյանի հավաքածուի հիմքում Սարյանի, Հակոբյանի, Կալենցի, Գառզուի եւ այլ մեծանուն նկարիչների փորագրանկարներն են:
ՈԳԵԿՈՉՈՒՄԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՄԻՍ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլը հայտարարվել է ոգեկոչումի եւ հիշատակի ամիս: Ինչպես տեղեկացնում են օպերային թատրոնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ապրիլի 11-ին թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա իտալացի ճանաչված ջութակահարուհի Ֆրանչեսկա Դեգոն: Երեկոյի ընթացքում կհնչեն Վոլֆ-Ֆեռարիի ջութակի կոնցերտը եւ Մենդելսոնի իտալական թիվ 4 սիմֆոնիան: Ամսվա ընթացքում հանրությանը կներկայացվեն նաեւ Ջ. Վերդիի «Տրավիատա», Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերաները եւ Ջ.Պերգոլեզիի «Ստաբատ մատեր», Ա. Պիացոլայի «Տանգո», Ա. Խաչատրյանի «Սպարտակ», «Գայանե» բալետները: Համերգային կատարմամբ կներկայացվի նաեւ Է.Հովհաննիսյանի «Անտունի» բալետը:
ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է
Հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով տեւական ժամանակ է` բուժումներ է ստանում գլխուղեղի քաղցկեղից ազատվելու նպատակով, նոր խնդրի առջեւ է կանգնել: Հիմա էլ Ֆրիսկեի մոտ ճառագայթային նեկրոզ է առաջացել: Խոսակցություններ կան անգամ այն մասին, որ երգչուհին սկսել է կորցնել տեսողությունը:
Ամեն դեպքում, բժիշկները տեղեկացրել են, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ Ֆրիսկեի տեսողությունը հնարավոր է վերականգնել: