ԹԱԼԻԲՆԵՐԻ ԼՐՏԵՍՆԵՐԸ
«Թալիբների լրտեսները կարող են Հայաստան գալ առեւտուր անելու, բայց թալիբները չեն կարող գալ»,-երեկ ասել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը: Նրա գնահատմամբ` թալիբներն իրենց հողի վրա կարող են լավ աշխատել, քանի որ շատ լավ գիտեն իրենց տեղանքը: Իսկ ղարաբաղյան պատերազմի ժամանակ նրանք չկարողացան կատարել ադրբեջանցիների հանձնարարականը. «Ադրբեջանցիները նրանց հանձնարարել էին կռվել հայերի հետ, որը չկարողացան կատարել: Իսկ երկրորդ հանձնարարականը շատ լավ կատարեցին: Նրանց հանձնարարված էր կրակել եւ սպանել այն ադրբեջանցիներին, որոնք լքում էին պատերազմի դաշտը»:
ՆԱԽԱՐԱՐԸ ԲՌՆԱԲԱՐԵԼ Է
Վրացական դատախազությունը վստահեցնում է, որ Բելգիայում թաքնվող Գլդանի բանտի աշխատակիցը, որը տարածել է բռնաբարությունների եւ կտտանքների սկանդալային տեսագրությունը, խոշոր գումար է ստացել դրա դիմաց: Վրաստանի գլխավոր դատախազ Մարտազ Զադելավան հայտնել է, որ Վլադիմիր Բեդուխաձեն տեսագրությունների տարածման համար 2 միլիոն դոլար է ստացել: Իր հերթին Բեդուխաձեն Բելգիայից հայտարարել է, որ Վրաստանի ներքին գործերի նախարար Բաչո Ախալայան եւս երկու բարձրաստիճան պաշտոնյաների հետ ռետինե մահակով բռնաբարել է բանտարկյալ գնդապետ Ալեքսանդր Տետրաձեին, որը դրա արդյունքում մահացել է: Բանտի նախկին աշխատակիցն ասել է, թե պատրաստ է ապացուցել իր խոսքերը:
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ
Անդրադառնալով վերջին օրերին միջազգային հանրության կյանքն ալեկոծած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմին` Հայաստանյայց առաքելական եկեղեցին հանդես է եկել այն խստորեն դատապարտող հայտարարությամբ: «Դատապարտելի են կրոնական հողի վրա նման սադրիչ երեւույթները, որոնք չեն նպաստում ժողովուրդների կյանքում միջկրոնական հանդուրժողականության եւ խաղաղ ու համերաշխ համակեցության մթնոլորտի ձեւավորմանը: Կրոնն ու հավատը երբեք չպետք է դարձվեն բռնության գործիք, «որովհետեւ Աստուած խռովության Աստվածը չէ, այլ՝ խաղաղության» (Ա Կոր.14:3)»,-նշված է հայտարարության մեջ:
ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑԻՆ
2012թ. Ստամբուլում կայացած Համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի հավաքականի գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը կառավարության որոշմամբ կստանան 20-ական միլիոն դրամ մրցանակ։ Հավաքականի մյուս պատասխանատուներին պարգեւատրելու համար կառավարությունը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է ընդհանուր 114 մլն դրամ։
ՊԱՇՏՈՆ` ՕԵԿ-ԱԿԱՆԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Նելսոն Զուլոյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար մինչեւ սահմանված կարգով ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։ Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր մնաց այն բանից հետո, երբ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդին նշանակվեց ԱԺ աշխատակազմի ղեկավար:
ՆՈՐ ՌԵԿՏՈՐ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն նախարար Արմեն Աշոտյանին ներկայացրել է Հայաստանի ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոնթուա Ժան Ժակին եւ դեսպանի մշակութային խորհրդական Ժան Միշել Կասբարյանին: