ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ president.am-ի
Սերժ Սարգսյանը եւ Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին: Ինչպես երեւում է լուսանկարից՝ Ս. Սարգսյանի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Գարեգին Բ-ի ամպհովանին պահում են ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը եւ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը: Ս. Սարգսյանը «անմեղ» եւ երջանիկ դեմքով ձու է «կռվացնում» Գարեգին Բ-ի հետ: Կարծես թե Ս. Սարգսյանին բոլորովին չի անհանգստացնում, որ մեր երկրում առկա են տնտեսական եւ քաղաքական բազմաթիվ խնդիրներ:
ՀԱՐՑ. Ինչպես գիտենք՝ գազի սպասարկման համար վճարվող գումարների ընթացակարգը փոխվեց, ինչը մեծ աղմուկ առաջացրեց քաղաքացիների շրջանում: Կցանկանայի իմանալ՝ ինչի համար են կատարվել այդ փոփոխությունները, քանի որ ես՝ որպես թոշակառու, չեմ կարող միանգամից այդքան գումար վճարել:
Սիլվարդ Կիյաջյան (72 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում): «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է՝ նոր պայմանագրի դրույթներից ելնելով՝ հաշվարկներում որոշակի խմբագրումներ են կատարվել` հաշվի առնելով 2014թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ներառյալ ամիսների համար հաշվեգրված գումարները:
1) Եթե բաժանորդը սպասարկվել է 2014թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում, ապա 2015թ. հունվարին կատարվել է հաշվեգրման ավելացում 3 ամսվա գումարի չափով: Արդյունքում բաժանորդի վրա հաշվեգրվել է տարեկան վճարի կիսով չափ գումար, որը հիմնավորված է արդեն իսկ կատարված սպասարկմամբ:
2) Եթե բաժանորդը 2014թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում չի սպասարկվել, ապա 2015թ. հունվարին կատարվել է հաշվեգրման նվազեցում 3 ամսվա գումարի չափով: Այս կարգի բաժանորդների մոտ հաշվեգրում կկատարվի ընթացիկ հաշվարկային կիսամյակում` սպասարկման դեպքում:
Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման համար բաժանորդը մատակարարին վճարում է Հանձնաժողովի կողմից սահմանված տարեկան վճար: Վճարը սահմանվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 12.12.2012 թ. N516Ն որոշմամբ եւ կազմում է 2270 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) յուրաքանչյուր գազoգտագործող uարքավորման համար, իսկ երեքից ավել գազօգտագործող սարքավորման առկայության դեպքում` 3 գազօգտագործող սարքավորման համար հաշվարկված գումար (6810 դրամ):
«Գազպրոմ Արմենիա» ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միայն 2014թ. ընթացքում 1 խորանարդ մետր գազի սակագինը 132-ից հասավ 156-ի, ինչպես նաեւ 4 դրամով թանկացավ էլեկտրաէներգիան՝ ցերեկային սակագինը դարձավ 42 դրամ, իսկ գիշերայինը՝ 32: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ մեր երկրի բնակչության մեկ երրորդը կամ ավելի քան 900 հազար մարդ աղքատ է: Սակայն այս թվերը, փաստորեն, չեն մտահոգում Կառավարությանը, որը գործուն ջանքեր չի գործադրում առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների սակագների եթե ոչ իջեցման, ապա գոնե հետագա թանկացման կանխման ուղղությամբ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ եթե կազմակերպության աշխատակիցը զինապարտ է, եւ նրան ժամանակավորապես զորակոչում են ԶՈՒ՝ մասնակցելու զինվորական վարժանքներին, ապա՝
– այդ ընթացքում պահպանվո՞ւմ է նրա աշխատանքային տեղը
– համարվո՞ւմ է բացակայությունը հարգելի
– արդյոք վճարվո՞ւմ է աշխատակիցը, եւ եթե այո, ապա կազմակերպության հաշվի՞ն է վճարվում:
Նարեկ Սահակյան (21 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու եւ վարժական հավաքների կանչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերին կցագրվելու եւ վարժական հավաքների կանչվելու ընթացքում մշտական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) պահպանվում է քաղաքացիների աշխատատեղը (պաշտոնը) եւ միջին աշխատավարձը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ` ըստ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի մշտական աշխատանք չունեցող պահեստազորայինները վարժական հավաքների ավարտից հետո միանվագ ձեւով վարձատրվում են ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված դրամական բավարարմանը համարժեք չափով եւ կարգով: Մնում է հուսալ, որ գործատուները կհարգեն աշխատողների իրավունքները եւ ինչ-ինչ անհիմն պատճառաբանություններ ներկայացնելով՝ չեն փորձի ոտնահարել նրանց շահերը, ինչին շատ հաճախ առնչվում են մեր քաղաքացիները: