Ռուսաստանը երբեք չի պատերազմել Հայաստանի հետ, երկու երկրների միջև միշտ եղել են լավ հարաբերություններ, դրանք այդպիսին են նաև այսօր. կարծում է ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին:
«Սա պայմանավորված է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքով, որը գտնվում է ռիսկային գոտում՝ Իրանի, Թուրքիայի, Իսրայելի կողքին»,- հայտարարել է Վլադիմիր Ժիրինովսկին:
Այսօր տարածաշրջանի ամենացավոտ թեման Լեռնային Ղարաբաղն է: Ռուսաստանը ոչ մի հիմնավորում չունի ուժով միջամտել հակամարտությանը, սակայն Հայաստանի ու Ադրբեջանի հետ պայմանավորվածության դեպքում Ռուսաստանը կկարողանար խաղաղարար զորք մտցնել, որպեսզի բացառի արնահեղությունը:
Ժիրինովսկին զգուշացնում է, որ առանց Ռուսաստանի` Հայաստանը միայնակ կմնա Իրանի ու Թուրքիայի դիմաց:
Ըստ Ժիրինովսկու՝ հայերի ու ռուսների միավորմանը կարող է նպաստել Հայոց ցեղասպանության 100-ամյակը:
«Ես կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է ընդհանուր ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր սահմանել: Հայոց ցեղասպանությունը եղել է ամենազանգվածայինը, սակայն այդ ժամանակ ոչնչացվել են նաև այլ ժողովուրդներ՝ Ավստրոհունգարիայում` ռուսներ, ավելի ուշ` հրեաներ, գնչուներ ու շատ ուրիշներ: Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայում սպանում են քրիստոնյաներին իրենց հավատքի համար, ոչնչացնում են նրանց մշակութային հուշարձանները: Անհրաժեշտ է մեկընդմիշտ միջոցներ ձեռնարկել նման մեթոդների դեմ»,- ընդգծել է քաղաքական գործիչը: