«Զվարթնոց» օդանավակայանը սեպտեմբերի 20-ին վերստին դադարեցրել էր «Արմավիա» ավիաընկերության թռիչքները, որովհետեւ ընկերությունն իր ընթացիկ պարտքերը ժամանակին չէր վճարել: «Ժողովուրդ»-ը դիմեց «Արմավիա»-ին՝ պարզելու, թե ինչու վճարումները չեն կատարվել: «Տվյալ փոխանցումը կատարվում է 2-3 օրվա ընթացքում: Իսկ այսօր` տոնի նախօրեին, օդանավակայանը ցանկանում է, որպեսզի «Արմավիա»-ն կանխավճար տրամադրի, այն էլ այս նախատոնական օրերին: Դա անհնար է, իսկ անկախության օրվա նախաշեմին «Արմավիա»-ին` ազգային ավիափոխադրողին, այդ կերպ զգուշացնելը` ուշացումներով եւ ուղեւորների համար անհարմարություններով, ճիշտ չէ»,-նշեցին «Արմավիա»-ից:
Իսկ «Զվարթնոց» օդանավակայանի մամլո խոսնակ Գեւորգ Աբրահամյանը մեզ տեղեկացրեց. «Պարզապես «Արմավիա»-ն իր պարտքերի սահմանաչափը, որը նախատեսված է պայմանագրով, գերազանցել է: Եւ այս ուշացումներից հետո ստիպված գնում ենք այս քայլին: Երեկ՝ ցերեկվա ժամերին, ամբողջ օրը չի սպասարկվել, սակայն երեկոյան, ուղեւորների շահերից ելնելով, օդանավակայանը որոշեց սպասարկել: Որոշվեց «Արմավիա»-ին ժամանակ տալ մինչեւ սեպտեմբերի 24-ը»:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Զվարթնոց»-ը դադարեցնում է «Արմավիա»-ի չվերթերը:
ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ