Ստեփանակերտում արդեն սկսվել է ԼՂՀ «Եղնիկներ» զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտչյանին սուր փսիխոզի հասցնելու գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Լուսական գյուղի բնակիչ Ժորա Մկրտչյանին 2011-ի սեպտեմբերի 27-ին սուր փսիխոզ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ԼՂՀ-ից տեղափոխել էին Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:
Ժորայի հայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը, լրատվամիջոցներին պատմել էր, որ որդուն այդ վիճակին հասցնելու պատճառն այն է եղել, որ նրա մի քանի ծառայակիցներ վերցրել են Ժորայի զինվորական գրքույկը եւ գցել զուգարանը: Տղան փորձել է վերցնել, սակայն նրա նկատմամբ բռնություններն ու ծաղրուծանակը շարունակվել են: Իսկ արդեն հոսպիտալում հայրը որդուն տեսել է խոշտանգված վիճակում՝ մարմնին կապտուկներ, ձեռքերը՝ ծխախոտի այրվածքի հետքերով, ոտքերը՝ վերքերի մեջ, ականջն էլ լրիվ «ցխված»: Տղան նաեւ սրտի ցավեր է ունեցել, քանի որ ոտքով միշտ խփել են սրտին:
Քրեական գործը գրեթե նույն «երանգավորումներով» էլ մտել է դատարան՝ հստակեցմամբ, թե մեղադրյալներից ով ինչ գործողություն է կատարել: Գործով անցնող ամբաստանյալները երեքն են: Ալբերտ Առաքելյանը՝ զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 8-րդ վաշտի 1-ին դասակի 2-րդ ջոկի գնդացրորդը, մեղադրվում է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ. նա հանգիստ հերթափոխի ժամանակ վերցրել է շարքային Ժորա Մկրտչյանի զինվորական գրքույկը եւ նետել մոտակա մոշի թփերի մեջ, որտեղ դիրքի զինծառայողները հոգացել են իրենց բնական կարիքները: Բացի այդ, մի քանի անգամ՝ տարբեր ժամանակներում, բռնություն գործադրելով, հարվածել է Ժորային` պատճառելով առողջության թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով: Նախաքննական մարմինը նման 4 դրվագ է արձանագրել (Քր. օր.-ի 359 հոդվածի 1-ին մաս՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով):
Երկրորդ ամբաստանյալը սերժանտ Վաչիկ Գրիգորյանն է՝ նույն զորամասի նույն գումարտակի, վաշտի, դասակի 2-րդ ջոկի հրամանատարը, որը, ըստ մեղադրանքի, 2011թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, սեռական բնույթի հայհոյանքներ տալով, մեկ անգամ հարվածել է Ժորային: Նույնը կրկնել է նաեւ դրանից 10 օր անց եւ երկու անգամ էլ բռունցքով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին՝ անպարկեշտ ձեւով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քր. օր.-ի 360 հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորելը)՝ 2 դրվագով:
Եւ երրորդ ամբաստանյալը Մովսես Բադալյանն է՝ նռնականետորդ, որը 2011թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, առանց որեւէ հիմնավոր պատճառի մեկ անգամ ապտակել եւ բռունցքով հարվածել է Ժորայի կրծքավանդակին (359 հոդվ. 1-ին մաս): Նրանցից Ալբերտ Առաքելյանը կրկին զորամասում է՝ հրամանատարության հսկողության տակ, իսկ մյուս երկուսը ստորագրությամբ բաց են թողնվել:
Ի դեպ, նշենք, որ դեռ նախաքննության փուլում ծառայակիցների գործողություններից հոգեկան խանգարման հասած Ժորա Մկրտչյանը խնդրել էր հորը հետ վերցնել տղաների դեմ բողոքը, որպեսզի նրանք «գնան հասնեն իրենց ծնողներին, քանի որ չի կարողանում գիշերները քնել»: «Ասում է՝ ինչ եղել-չի եղել, թող անցնի գնա»,-լրագրողներին պատմել էր հայրը: Ու չնայած նա սկզբում չէր համաձայնել՝ նշելով, որ ինքը մինչեւ վերջ պետք է գնա, որ մեղավորները պատժվեն, որպեսզի այլեւս նման դեպքեր չլինեն, այդուհանդերձ, հետագայում տեղի է տվել՝ նշելով, թե ճնշումներ չեն եղել: Նա միաժամանակ նշել էր, որ պահանջելու է հրամանատարների նկատմամբ ավելի խիստ լինել, որպեսզի «չոբանի» երեխային բարձր դիրք ունեցողների երեխաները չճնշեն:
Հիշեցնենք նաեւ, որ զինհոսպիտալից դուրս գրվելուց հետո թեեւ վերականգնվել էր Ժորայի գիտակցությունը, սակայն հայրը լրատվամիջոցներին հայտնել էր, որ տղան դեռ տարօրինակություններ ունի եւ անպարկեշտ արտահայտություններ է թույլ տալիս: Նա հոսպիտալից դուրս էր գրվել 2,5 ամիս բուժում ստանալուց հետո՝ դեկտեմբերին: Սակայն որդու դուրս գրվելուց հետո հայրն անհրաժեշտություն էր զգացել Ժորային լրացուցիչ ստուգման ու բուժման տանելու, որի գումարը, սակայն, նա հովվությամբ չի կարող հայթայթել…
Հ.Գ. Այս շարքային ամբաստանյալ-զինվորներն էլ կդատվեն, կզորացրվեն, կգնան, նորերը կգան… Աստված չանի, բայց նույնը երեւի կկրկնվի այնքան ժամանակ, քանի դեռ բարձրաստիճան հրամանատարներից ոչ մեկը չի դատվել ու անվերադարձ զորացրվել բանակից: Սերժ Սարգսյանի ասած՝ «գլխից բռնող» չկա:
ԶԻՆՎՈՐԻՆ ՓՍԻԽՈԶԻ ՀԱՍՑՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ