Ազատամարտիկները կոչ են անում ազատ արձակել ՀԽ անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատամարտիկների դաշինքի» վարչությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին:

 Ապրիլի 7-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ տեղի ունեցած բռնություններն ու նրանց ձերբակալությունները խիստ մտահոգիչ են Հայաստանի ներքաղաքական կյանքի բնականոն ընթացքի խաթարման տեսանկյունից: «Ազատամարտիկների դաշինքը» ավելի վաղ հայտարարել էր, որ ձեռնպահ է մնում քաղաքական ակտիվ գործունեությունից՝ մինչեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ավարտը:

Չնայած մեր այս որոշմանը, ինչպես նաեւ համաձայն չլինելով ապրիլի 24-ին քաղաքական ակցիաներ կազմակերպելու «Հիմնադիր խորհրդարանի» մարտավարությանը, «Ազատամարտիկների դաշինքը», այնուամենայնիվ, համարում է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունների վերաբերյալ իշխանության պատճառաբանությունները անհամոզիչ են:

«Ազատամարտիկների դաշինքը» միշտ դատապարտել է երկրում տեղի ունեցող անօրինական ձերբակալությունները, առավել եւս, երբ նման բռնությունների թիրախ են դառնում Արցախյան ազատամարտի մասնակիցները: Դաշինքի անդամները մտահոգված են իրենց մարտական ընկերների ճակատագրով եւ կոչ են անում իշխանություններին ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին՝ համոզված լինելով, որ նրանք մեր երկրի անվտանգությանը սպառնացող որեւէ քայլի չէին դիմի:

«Ազատամարտիկների դաշինքի» վարչություն




Լրահոս