Ալեքսանդր Արզումանյանը գործընկերներին խորհուրդ տվեց «թեթև տանել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ նիստում քննարկվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծը, որով կոչ է արվում բոլոր երկրների խորհրդարաններին և միջխորհրդարանական կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:

Նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության դե յուրե պատգամավոր Ալեսանդր Արզումանյանը: «Ես մի քիչ նախապատմությունից կխոսեմ, ասեմ, որ 100-րդ տարելիցից առաջ որևէ հայտարարության տեքստ չընդունելը սխալ կլիներ: Մեր բոլոր պատվիրակներն աշխատել են, որպեսզի այս հարցն արծարծվի և փաստաթղթեր ընդունվեն տարբեր ամբիոնների կողմից: Բոլորից պահանջել և ինքներս չանդրադառնալ, սխալ կլիներ», – նշեց նա:

Պատգամավորը հիշեցրեց, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկման ժամանակ պատգամավորները դեմ են եղել Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծին:

«Զարուհի Փոստանջյանը ներկայացրել էր  Ցեղասպանության 100-ամյա հռչակագրի տեքստն ամբողջությամբ, որ ընդունվի որպես հայտարարություն: Մեր հանձնաժողովում ակտիվ քննարկում է եղել, և բոլորը դեմ էին` տարբեր պատճառաբանություններով: Քանի որ սա այն հարցն է, որ դժվար է դեմ քվեարկել, մենք համաձայնվեցինք և գտանք այն չեզոք բառը, որ մենք ոչ թե հիմք ենք ընդունում, այլ արժևորում ենք: Կուլիսներում, քննարկումներում հնչում է, որ մենք, կոչ անելով, սա դարձնում ենք արտաքին քաղաքականության դիրեկտիվ, դրանով համաձայն չեմ: Կոլեգաներիս հորդորեմ, որ թեթև տանենք, սրանով պահանջատիրական բան չեմ տեսնում: Նորմալ տեքստ է, արժե շուտ քննարկել, վերջացնել», – եզրափակեց նա:




Լրահոս