«Ժողովուրդ»-ը գրել էր, որ մինչ ապրիլի 24-ը իշխանությունները պատրաստվում են կալանավորել «Հիմնադիր խորհրդարան»-ի եւ «100-ամյակն առանց ռեժիմ»-ի նախաձեռնության անդամներին` Ժիրայր Սէֆիլյանի գլխավորությամբ: Եվ, ահա, երեկվա դրությամբ հիմնադիր խորհրդարանի 5 անդամ ձերբակալվեց:
Ինչո՞ւ հիմա
Դեռեւս 2014 թվականին «Հիմնադիր խորհրդարանը» եւ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը իշխանափոխության կոչերով ՀՀ տարբեր տարածքներում ավտոերթ ու հավաքներ էին անցկացնում՝ հայտարարելով, որ իրենց հիմնական անհնազանդության գործողություններն իրականացնելու են ապրիլի 24-ի երկրորդ կեսին:
Այն, որ իշխանությունները «Հիմնադիր խորհրդարանին» թույլ չէին տա ծրագիրը գլուխ բերել, որեւէ մեկի համար գաղտնիք չէր: Մարտի 19-ի համարում «Ժողովուրդ»-ը գրել էր, որ մինչ ապրիլի 24-ը իշխանությունները պատրաստվում են կալանավորել «100-ամյակն առանց ռեժիմ»-ի նախաձեռնության անդամներին` Ժիրայր Սէֆիլյանի գլխավորությամբ: Մինչ այդ նրանք բազում սադրանքներ կազմակերպեցին՝ ձերբակալության հիմք ստեղծելու համար, բայց ոչինչ չստացվեց:
Գործը հասավ դիվան բաշուն
Եվ, ահա, պահը հասունացել էր. ժամանակն էր մեկուսացնել անհնազանդության կոչ անողներին, քանի որ աշխարհի տարբեր երկրների նախագահների այցը նախապատրաստելու նպատակով այս օրերին Երեւանում են բազմաթիվ երկրների անվտանգության աշխատակիցներ, որոնք պետք է իրենց ղեկավարներին զեկուցեն՝ ինչ իրավիճակ է Հայաստանում, եւ որքանով է այստեղ անվտանգ:
Այդպես՝ երեկ՝ ժամը 06.45-ին սահմաններում, քննչական կոմիտեի եւ ազգային անվտանգության ներկայացուցիչներն այցելել են «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի բնակարան: Ըստ Ժիրայր Սէֆիլյանի կնոջ՝ Նանոր Սէֆիլյանի՝ քննիչը ներկայացրել էր խուզարկության որոշումը եւ հայտնել, որ զենք են փնտրում:
«Տունը խուզարկեցին, իհարկե, մենք տանը զենք չունենք, դանակ գտան, Ժիրայրի զինվորական իրերը գտան, էն տարիների ուսապարկը, ջրամանը եւ մի փոքր դանակ, որը մեկը նվիրել էր իրեն, դուբինկա… տարան դրանք»: Նշենք, որ խուզարկությունը տեւել է մոտ երեք ժամ, ինչի արդյունքում իրավապահներն առգրավել են Սէֆիլյանի, նրա կնոջ, եղբոր ու երեխաների համակարգիչները եւս: armlur.am-ի հետ զրույցում Ժիրայր Սէֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը հայտնեց, որ խախտվել է իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը. «Այն, որ հայտարարել են, թե ԱԱԾ-ի քննչական կոմիտեի կողմից կանխվել է համակարգված հանցագործությունը, սա արդեն իսկ անմեղության կանխավարկածի խախտում է: Պետք է քննությունը պարզի` նրանք հանցանք գործել են, իրավախախտում արել են, թե ոչ»:
Շարժման անդամ Կարո Եղնուկյանի պատմելով էլ՝ ժամը 06:30-ին իր բնակարանի դուռը թակած քննիչներն ասել են, եթե նա դուռը չբացի, կկոտրեն: Ավելի ուշ Եղնուկյանը բացել է տանը դուռը, եւ խուզարկության արդյունքում նրա բնակարանից տարել են «Հիմնադիր խորհրդարանի» 600-ից ավել թռուցիկներ, 3 հեռախոս, ժամացույցը, ինչպես նաեւ՝ նրա գրպանի գումարը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասաց. «Եթե Եղնուկյանը չկարողանա իրականացնել հավաքը, ապա կարելի է ասել, որ այս բոլոր խուզարկություններն ու քննչական գործողությունները միտված են նրա քաղաքացիական գործունեության խոչընդոտմանը: Ըստ էության կարելի է ասել, որ հարուցված քրեական գործի քողի տակ խոչընդոտվում է մարդու քաղաքացիական եւ քաղաքական գործունեությունը»:
Տեղեկացնենք, որ ՀՀ քննչական կոմիտե բերման ենթարկվածների մեջ է եղել նաեւ Ժիրայր Սէֆիլյանի եղբայր Թորոս Սէֆիլյանը, որը «Հայկական վերածնունդի» Լիբանանյան ներկայացուցիչն է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սէֆիլյանի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը տեղեկացրեց, որ Ժիրայր Սէֆիլյանի եղբորից առգրավել են նրա անձնագիրը եւ հայտնել, որ նա այն կարող է ստանալ միայն այն դեպքում, եթե ներկայանա քննչական մարմին. «Այս պայմաններում չի կարելի ասել, որ նրան նորմալ ճանապարհով հրավիրել են ցուցմունք տալու»:
Լուսինե Հակոբյանը նաեւ նշեց, որ խոչընդոտել են վկայի՝ փաստաբան ունենալու իրավունքը. «Բացի այդ՝ ինձ թույլ չեն տվել ձայնագրառում իրականացնել: Հարցաքննության ընթացքում իմ իրերը դուրս են բերել, եւ երբ ես դուրս եմ եկել իմ իրերի հետեւից, ինձ այլեւս թույլ չեն տվել վերադառնալ եւ մասնակցել հարցաքննությանը»:
Խուզարկեցին ու ձերբակալեցին
Խուզարկություններից հետո «Հիմնադիր խորհրդարանից» 5 հոգու ձերբակալեցին՝ Վարուժան Ավետիսյան, Պավել Մանուկյան, Գեւորգ Սաֆարյան, Ժիրայր Սէֆիլյան, Գարեգին Չուքասզյանը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ վերջիններս ձերբակալվել են 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ: Նրանք կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը:
Դատելով ստեղծված պատկերից՝ նշված անձանց նախնական երկու ամսով կկալանավորեն: Սակայն ուշագրավ հանգամանքներում երեկ ազատ արձակվեց բերման ենթարկված Կարո Եղնուկյանը: Թե ինչու է նա արտոնյալ իր գաղափարակից ընկերների նկատմամբ, դժվար է ասել: Բայց երեկ նա արդեն հայտարարել է, որ եթե անգամ 300 հոգու էլ ձերբակալեն, իրենք հանրահավաքն իրականացնելու են: Սակայն նույնիսկ այս խոսքերից հետո Եղնուկյանն ազատություն է վայելում:
Պուտինի մատը
Հետաքրքիր զուգադիպությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցին նախորդող օրերին Երեւանում քաղաքական ձերբակալություններ են լինում: 2013 թվականի նոյեմբերի 5-ին ձերբակալվեց Շանթ Հարությունյանը, ով հայտարարել էր, թե հեղափոխություն է անելու՝ քննադատելով Պուտինին: Հիմա նույնը՝ ապրիլի 7-ին ձերբակալեցին Սէֆիլյանին եւ ընկերներին, քանի որ ապրիլի 24-ին Երեւան է ժամանելու Պուտինը: Այս կերպ Սերժ Սարգսյանն իր ծառայություններն է մատուցում Վլադիմիր Պուտինին եւ փորձում ցույց տալ, թե ՌԴ նախագահի անվտանգ այցի համար պատրաստ է ամեն ինչի: Միաժամանակ Սարգսյանը ցանկանում է ցույց տալ Մոսկվային, որ եթե չլինի իր եւ իրավապահ մարմինների ագրեսիվ միջամտությունը, ամերիկյան կողմը Հայաստանում կարող է իրավիճակի տեր դառնալ:
Հուսանք՝ ձերբակալվածները երկու ամիս անց ազատ կարձակվեն, քանի որ մեղադրանքներն ավելի քան անհեթեթ են:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՐ ԴԵՄ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հոր՝ «Մսի կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռազմիկ Դարբինյանի դեմ: Դատախազությունը 2014թ մարտի 18-ի իր հայցադիմումով Ռազմիկ Դարբինյանից պահանջել է հօգուտ պետական բյուջեի գանձել 12 միլիոն 477 հազար 120 դրամ: Ի դեպ, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը նաեւ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նախկին վարչապետի հոր դրամական միջոցների եւ գույքի վրա արգելանք դնելու պահանջով, ինչը գործով դատավոր Սիմիզար Հովսեփյանը բավարարել է:
Եվ այսպես՝ դատախազությունը դատարան ներկայացրած հայցում գրել է, որ 2010թ. հուլիսի 16-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Արմոն Օհանջանյան Նամագերդին մաքսանենգությամբ Հայաստան է տեղափոխել 12 միլիոն 477 հազար 120 դրամ արժողության ապրանքներ (նաբաթ, պիստակ, սիսեռ, դդմի կորիզ եւ նուշ): Տեղեկացանք նաեւ, որ մաքսանենգության փաստի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը: Ավելի ուշ քննիչը որոշել է՝ մաքսանենգությամբ մեր երկիր բերված ապրանքները ի պահ հանձնվեն «Ուրարտու» ՍՊ ընկերության մաքսային պահեստին: Սակայն կարճ ժամանակ անց պիստակը, սիսեռը եւ մյուս ապրանքները մկները կերել են ու վնասել ներկրված գույքը: Պարզվում է՝ դատարանը չի հավատացել կրծողների վարկածին եւ որոշել է պարզել՝ մաքսանենգ ճանապարհով ներկրված ընդեղենը կարո՞ղ էր այդ պահեստում պահպանել իր ապրանքային տեսքը եւ պիտանի լինել օգտագործման համար: Այժմ փորձագետները ուսումնասիրում են սիսեռի, դդումի կորիզների եւ մնացած ապրանքների վիճակը: Թե ինչ եզրակացություն են տվել փորձագետները, առայժմ չհաջողվեց պարզել:
Բայց քանի որ դատախազությունն, ըստ էության, կասկածներ ունի, որ պահեստի ապրանքը գուցե վաճառվել է փչացածի անվան տակ, ուստի պահեստի պատասխանատուից՝ ՀՀ նախկին վարչապետի հորից՝ Ռազմիկ Դարբինյանից, պահանջում է վճարել շուրջ 12 միլիոն դրամ:
Տեղեկացնենք, որ այս գործով դատական նիստերը շարունակվում են, եւ դեռ պարզ չէ՝ ինչ կլինի վերջը: «Ժողովուրդ»-ը փորձեց նախկին վարչապետի հորից՝ Ռազմիկ Դարբինյանից, հետաքրքրվել, թե ինչ է կատարվում իրականում, եւ ինչ է մտածում նա ստեղծված իրավիճակի մասին:
Ռազմիկ Դարբինյանը հայտնեց, որ այն, ինչ կատարվում է, աբսուրդ է, եւ ինքն էլ իր հերթին է հակընդդեմ հայցով դիմել դատարան. «Դեռ դատական նիստերը շարունակվում են, երբ ավարտվեն, նոր կկարողանամ ներկայացնել իրավիճակը»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնանկ է արվել պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոման Մկրտումյանը: Armlur.am-ի տեղեկություններով՝ պաշտոնանկության պատճառ են հանդիսացել Ռ. Մկրտումյանի կողմից արված ֆինանսական չարաշահումները: Երեկ պաշտոնանկ է արվել նաեւ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը, ով ուղարկվել է կադրերի ռեզերվ: Աղբյուրի փոխանցմամբ` Վարդան Նադարյանը եւ Ռոման Մկրտումյանը մտերիմ ընկերներ են: Ի դեպ, արդեն տեղեկացրել ենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության մի շարք աշխատակիցներ լուրջ մտահոգությունների եւ տարակուսանքի մեջ էին հայտնվել, քանի որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ՊՊԳՎ փոխանցված դրամական խրախուսանքներն ու հավելավճարները վարչության ծառայողներին չէին հասել:
ՔԱԴԱՖԻԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ, անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» նկատմամբ իրականացվող հետապնդումներին, հիշեցրել է Գյումրիի դեպքերը` նշելով, որ իրավապահ կառույցների ղեկավարները պետք է գնան ռուսական ռազմաբազա եւ ձերբակալեն Պերմյակովին, մինչդեռ անցել են ռեպրեսիաների հայրենասերների դեմ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ: «Պարո՛ն Սերժ Սարգսյան, հասկանում ենք Ձեր խուճապը, վախը, բայց ավելի ճիշտ կլինի՝ Դուք վախենաք Յանուկովիչի, Քադաֆիի ճակատագրից: Ճիշտ կլինի, որ այս վախերը Դուք գնահատեք Ձեր մեջ ու հեռանաք առանց արյան»:
ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ անդրադարձել է «Հայփոստ» ՓԲԸ Լոռու տարածքային կենտրոնի աշխատակիցների կրճատմանը. «Տարածքային կենտրոնը միանում է Սպիտակ քաղաքի «Հայփոստ»-ի մասնաճյուղին. այս պահին 11 մարդ կրճատվում է աշխատանքից, բայց դա դեռ վերջը չէ: Միացումն ազդելու է նամակների, թերթերի, ծանրոցների առաքման եւ այլ ծառայությունների որակի վրա, առաջացնելու է տեխնիկական խնդիրներ»,- նշել է պատգամավորը: