ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցավ «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի՝ 2015 թվականի մրցանակաբաշխությունը, որի հաղթողները պարգեւատրվեցին հինգ անվանակարգերով: Նշենք, որ 2012 թվականից Հայաստանում անցկացվում է «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության անցկացման անցած երեք տարիների ընթացքում ՀՀ մարզերի եւ Երեւան քաղաքի կին գործարարներից 35-ը արժանացել են ՀՀ վարչապետի մրցանակին, իսկ 36 կին գործարարների շնորհվել են խրախուսական մրցանակներ եւ նվերներ:
«Ժողովուրդ»-ը ներկա գտնվեց մրցանակաբաշխությանը եւ զրուցեց մրցանակակիրներից մի քանիսի հետ: «Կազա» շվեցարական մարդասիրական հիմնադրամի «Փախստականների ինտեգրացիա կրթության միջոցով» ծրագրի պատասխանատու Մարինե Թունյանը մեզ հետ զրույցի ընթացքում նկատեց, որ իրենք 2014 թվականին իրականացրել են մասնագիտական կրթության դասընթացների շարք: Նրանք աշխատել են հիմնականում սիրիահայերի հետ:
«Սիրիահայերի մոտ տարածված էր հենց մասնագիտական կրթությունը՝ խոհարարություն, ձեռքի աշխատանքներ. մենք ունեցանք մի ծրագիր, որը փորձելու էր վերապատրաստել իրենց հենց այդ ոլորտներում: Համագործակցեցինք ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հետ, որտեղ սիրիահայ կանայք գնացին եւ խոհարարություն, դերձակ-մոդելավորում վարսավիրություն ու նմանատիպ այլ մասնագիտական դասընթացներին մասնակցեցին: Եւ մեր շահառուներից երկուսը՝ Յոլանդ Սափունջյանը եւ Կարմեն Մնացականյանն այս միջոցառմանը առաջադրվել են որպես լավագույն կին ձեռներեց»,- ներկայացրեց Մարինե Թունյանը եւ հայտնեց, որ նախորդ տարի իրենք աշխատել են 400 հոգու հետ, իսկ այս տարի նախատեսում են աշխատել 500-600 հոգու հետ:
Մեր զրուցակցի խոսքով՝ վերը նշված սիրիահայ կանայք տեւական ժամանակ է, ինչ սկսել են իրենց բիզնես գործունեությունը: «Բնականաբար, խնդիրներ էլ կան, եւ իրենց մոտ դա կապված է հիմնականում իրացման հետ: Մենք ինչքան էլ որ փորձում ենք իրացնել, տարածել կամ գովազդել իրենց պրոդուկտը, միեւնույն է՝ խնդիրը կա: Դժվար է շուկա մտնելը եւ հաստատվելը»,- նշեց Թունյանը:
«Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությանը ներկա միջազգային կազմակերպությունների կողմից նույնպես կին գործարարները խրախուսական մրցանակների արժանացան: Նրանց թվում էր նաեւ Տավուշի մարզի սահմանամերձ Կոթիի բնակչուհի Շուշանիկ Հարությունյանը, ով արժանացավ բարձր գնահատականի եւ «Լավագույն կին-գործարար» անվանակարգի մրցանակին:
Տավուշի մարզի սահմանամերձ համայնքում գործող «Կոթի պրոդուկտ» արտադրամասի սեփականատեր Շուշանիկ Հարությունյանը խրախուսվեց USAID միջազգային կազմակերպության կողմից: Շուշանիկն իր ամուսնու՝ Գուրգեն Աբովյանի հետ արդեն չորս տարի է` զբաղվում է պանրի արտադրությամբ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գործարար ամուսինները հայտնեցին, որ իրենք մտադիր են ընդլայնել պանրի արտադրության ծավալները: Բայց դրա համար արտադրամասը նոր սարքավորումների խիստ կարիք ունի: «Տեղի խնդիր ունենք, տարածքը փոքր է: Նաեւ սարքավորումներ պետք է ձեռք բերենք»,- ներկայացրեց Շուշանիկի ամուսինը՝ Գուրգեն Աբովյանը:
Սարքավորումներ ձեռք բերելու եւ տարածքը ընդլայնելու հարցերով գործարար ամուսինները դեռ չեն հասցրել դիմել պատկան կառույցներին: Առայժմ ընկերությունն իր դեմ ծառացած խնդիրները փորձում է լուծել վարկերի միջոցով:
«Կոթի պրոդուկտ»-ը հիմնականում իր արտադրանքը իրացնում է Գորիսում եւ Վանաձորում: Իսկ, ահա, երեւանյան մեծ սուպերմարկետներում ընկերության արտադրանքը դեռ չի վաճառվում: Դիմել են, սակայն անարձագանք: «Խնդիրներ կան»,- համառոտ ներկայացրեց կոթեցի գործարարը: Իսկ թե կոնկրետ ինչ խնդիրներ, Շուշանիկը չմանրամասնեց: Միայն նշեց, որ այդ փոքր տարածքում էլ կարողանում են 7-9 աշխատող պահել: Սահմանամերձ Կոթիում գործող ընկերության սեփականատերերը չեն պատրաստվում սահմանին պարբերաբար հնչող կրակոցների պատճառով փակել արտադրամասն ու հեռանալ: Ընդհակառակը, նրանք վճռական են սկսած գործը շարունակելու եւ ընդլայնելու հարցում:
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործող «Ժպիտ» ատամնաբուժարանի տնօրեն Իրինա Ղամբարյանը երեկ կայացած մրցանակաբաշխությանը նույնպես մրցանակի արժանացավ` «Լավագույն կին նորարար» անվանակարգում: Տեղեկացնենք, որ նրա ղեկավարած ատամնաբուժարանն արդեն 7 տարի է, ինչ գործում է եւ ունի 11-12 աշխատատեղ: Ատամնաբուժարանի տնօրեն Իրինա Ղամբարյանի խոսքով՝ հիմնական խնդիրը կապված է երիտասարդ մասնագետների հետ: «Կցանկանայի, որ մեր երիտասարդ, նոր ավարտած խելացի մասնագետները գան ու մարզերում աշխատեն: Մենք այստեղ երիտասարդ մասնագետների կարիք ենք զգում»,- նկատեց տնօրենը: Նա նաեւ տեղեկացրեց, որ գումար չունենալու պատճառով մարդկանց հաճախելիությունը նվազել է:
Նշենք, որ մրցանակաբաշխության ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց. «Ես ուզում եմ հավաստիացնել, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոնը հատուկ ուշադրություն է դարձնելու ձեր բոլորի նախաձեռնություններին, եւ համոզված եղեք, որ ոչ մի նախաձեռնություն կամ ոչ մի կին գործարար իր գործունեության ընթացքում որեւէ խնդիր չի ունենա»:
Հ.Գ. Նկատենք, որ էկոնոմիկայի նախարարի այս հավաստիացումն այնքան էլ հավատարժան չէ: Օրեր առաջ, օրինակ, սնանկ ճանաչվեց, ապա աճուրդի հանվեց մոտ երկու տասնյակ տարի գործող պանրի արտադրությամբ զբաղվող «Որդի Արմեն» ընկերությունը, որի սեփականատերն, ի դեպ, եւս կին էր:

 

 

 

 

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՏՎԻՆ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԸ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՆ

ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում ապրիլի 11-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի օծման արարողությունը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս արարողությանը հրավիրված է նաեւ Սերժ Սարգսյանը:

Մասիս քաղաքի Երեւանյան փողոցի բնակիչները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ իրենց դեռ ապրիլի 2-ին քաղաքապետարանի աշխատակիցները մոխրագույն երանգի անվճար ներկեր են բաժանել եւ հրահանգել են, որ վերջիններս երկու օրվա ընթացքում ներկեն իրենց տան արտաքին հատվածը: Բանն այն է, որ հենց այդ ճանապարհով պետք է Սերժ Սարգսյանն անցնի:
Տեղեկացանք, որ քաղաքապետարանի աշխատակիցները բնակիչներից պահանջել են, որ վերջիններս ոչ միայն ներկեն տան արտաքին հատվածը, այլեւ այն ազատեն խոտերից, մոլախոտերից, աղբից, երկաթի կտորներից: Կարճ ասած՝ տարածքը կարգի բերեն: Իսկ քաղաքի մյուս թաղամասերում ապրող բնակիչներին ներկեր չեն բաժանվել:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանի հետ, ով հայտարարեց, որ Մասիսում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված բարերար Գագիկ Ադիբեկյանի կողմից հուշաքար կա տեղադրված: Իսկ ապրիլի 11-ին հուշաքարի օծումն է լինելու: Տեղեկացնենք, որ Գագիկ Ադիբեկյանը մոսկվայաբնակ հայ է:
«Ժողովուրդ»-ը Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչ միջոցներով է ներկեր գնվել ու բաժանվել բնակիչներին. «Երեւանյան փողոցի բնակիչներին է միայն անվճար ներկեր հատկացվել, քանի որ այն կենտրոնական փողոցն է: Դրանք գնվել են բարերարի կողմից: Իսկ մյուս բնակիչներին չի տրվել, որովհետեւ միջոցառումն անցկացվում է հիմնականում կենտրոնական փողոցում: Մենք հյուրեր ենք ունենալու, իսկ բարերարն էլ հրավիրել է այն պետությունների դեսպաններին, ովքեր Ցեղասպանությունը ճանաչել են: Ուղղակի ուզում ենք, որ այդ օրը քաղաքը փոքր-ինչ բարեկարգ լինի»:
Իսկ Սերժ Սարգսյանի այցի մասով քաղաքապետը պատասխանեց. «Նախագահը կգա, թե ոչ, այս պահին դեռ տեղեկություն չունեմ: Քանի որ հրավիրողը ես չեմ, այլ բարերարն է»:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

«ԲԵՆՏՈՆԻՏԸ» ԱՌՈՂՋԱՆՈ՞ՒՄ Է
Իջեւանի «Բենտոնիտ» ԲԲԸ տնօրեն Ալեքսան Դարբինյանից «Ժողովուրդը» տեղեկացավ, որ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ գյուղում բենտոնիտի փոշի վերամշակող գործարանը մի քանի օր առաջ վերսկսել է աշխատանքը: Ա. Դարբինյանի վկայությամբ՝ գործարանում այժմ աշխատում է 70-80 հոգի: Նրա խոսքերով՝ իրենց ձեռնարկությունում չգրանցված աշխատողներ չկան: Ձեռնարկության տնօրենը հավաստիացրեց, որ լուծված է գործարանի արտադրանքի արտահանման հարցը, եւ առաջիկայում գործարանը կաշխատի ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, անգամ նոր աշխատողներ կընդունվեն: Հավելենք, որ անցած տարիներին «Բենտոնիտի» տնօրինությունը բազմիցս նման հավաստիացումներ է տվել, սակայն դրանք չեն իրականացվել: Երբեմնի արդյունաբերական հսկան այժմ հազիվ գոյատեւում է: Հուսանք, որ այս անգամ պատկերն այլ կլինի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս