Արձագանքելով մեր թերթի հրապարակմանը` Արարատի մարզի «Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Լեւոն Հայրիյանն ու Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայի կանանց բաժանմունքի վարիչ Արսեն Հայրիյանը եկել էին «Ժողովուրդ»-ի խմբագրություն` հավաստելու, որ իրենք երբեւէ գումար չեն վերցրել հիվանդի մորից: Սա առիթ դարձավ, որ մենք եւս մեկ անգամ հետաքննենք այս թեման ու հասկանանք, թե որքանով են տնօրենի եւ վարիչի հավաստիացումները ճշգրիտ: Պարզվեց, որ նրանց ասածները չեն համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ի նախորդ համարներից մեկում գրել էինք Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչ Նատալյա Մարտիրոսյանի մասին, որի աղջիկը` Ալինան, երկար տարիներ հոգեբուժարաններում բուժման կուրսեր է անցնում: Տիկին Նատալյան 10 տարի շարունակ մեկ օրվա դիմաց հոգեբուժարաններին վճարել է 1000 դրամ: Բացի այդ, հոգեբուժարանների աշխատակիցները հիվանդի մորից տարին երկու անգամ պահանջել են բերել սպիտակեղեն, սրբիչ, օճառ, լվացքի փոշի, վարագույր, ավել եւ այլն:
«Ժողովուրդ»-ը նորից եղավ Գողթ գյուղում եւ զրուցեց տիկին Նատալյայի հարեւանների հետ: «Ես դռները կողպում էի: Բայց դա էլ փրկություն չէր, որովհետեւ նա գալիս էր մեր տան մոտ, քարերը ձեռքին պահած` կանգնում ու սառած հայացքով նայում: Վախից չէինք իմանում, թե ինչ անեինք: Խեղճ կին, գրտնակ անելով է փող աշխատում: Աշխատածն էլ տանում է հոգեբուժարան տալիս: Ամեն անգամ ուզում են, որ պահեն այնտեղ»,-պատմեց 42-ամյա Արմինեն:
Բնակիչների պատմելով՝ Ալինան անգամ մի գիշեր փորձել է դանակահարել մորը, սակայն հարեւանները նրան փրկել են: «Այդ օրը՝ կեսգիշերին մոտ, քնելուց առաջ ես դուրս եկա, որ գնամ զուգարան: Դե գիտեք, գյուղերում զուգարանները հիմնականում տանից դուրս են լինում: Մեր զուգարանը տանից մոտ 30 մետր հեռավորությամբ է գտնվում: Կես ճամփին էի հասել, հանկարծ լսեցի՝ ինչպես Նատալը գոռաց, թե հասե՛ք, սպանում ա ինձ: Արագ վազեցի` կանչելով ամուսնուս: Տեսանք, թե ինչպես է աղջիկը մեծ դանակը կպցրել մոր փորին: Ասում էր՝ արյուն եմ ուզում թափել: Ամուսնուս ու ինձ հաջողվեց փրկել Նատալի կյանքը: Բայց մինչեւ լուսաբաց Ալինան մեր տան դարպասների մոտ կանգնած մնաց: Սպասում էր, որ դանակը ետ տայինք: 42 տարեկան կին եմ, բայց ահավոր վախենում եմ»,-նշեց հարեւանուհին:
Ալինան մի անգամ էլ փորձ է արել այրել իրենց տունը: Հրկիզել է, իսկ հետո նստել ու ծիծաղել: «Չեմ հասկանում՝ իրա ինչն է նորմալ, որ թողնում են տուն գա: Առաջին օրը, որ եկավ, նման բաներ չէր անում, միայն ինքն իրեն խոսում ու ծիծաղում էր: Բայց դրա հաջորդ օրերին ավելի սրվեց վիճակը: Գնում, մեքենաների հետեւից էր ընկնում: Ես զարմանում եմ էս բժիշկների վրա, Ալինան ո՛չ տանեցիներին է պիտանի, ո՛չ էլ շրջապատին»,-զարմացած ասաց տիկին Արմինեն ու բողոքեց, որ ինքը Ալինայի պատճառով միրգ հավաքելու համար նույնիսկ իր այգի չի կարողացել գնալ: «Նատալենց տունը մեր տնից բաժանում է երկաթյա մի ցանց: Երբ դուրս եկա բակից եւ ուզում էի մոտենալ ծառերին, հանկարծ տեսա, որ Ալինան ցանցի վրայով ուզում է թռնել ինձ մոտենալու համար: Դա նկատելով՝ արագ վազեցի տուն: Բայց լսում էի, թե ինչպես էր ինձ հայհոյում»,-ավելացրեց նա:
Մյուս հարեւաններից էլ տեղեկացանք, որ Ալինան երբեմն մերկացել է ու վազել դուրս: «Մի օր մի դեպքի ականատես եղա ու մինչեւ հիմա դրանից զարմացած եմ: Շորի մի մեծ կտոր էր վերցրել ու ամբողջը մտցրել ձեթի մեջ, հետո դնում էր բերանը ու ծամում: Աստվա՜ծ իմ, ասի` Նատա՛լ, էս ինչի՞ է ըսենց անում: Խեղճ Նատալն ի՞նչ անի»,-պատմեց հարեւանուհիներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ: Ամեն անգամ, երբ Ալինան նման բաներ է արել, մայրը խնդրել է, որ չանի, բայց աղջիկը չի լսել ու անընդհատ ծեծել է մորը: «Գլխին էր խփում: Այնքան ուժ ունի էդ աղջիկը, որ ընենց էր խփում, Նատալը գնում կպնում էր իրենց բուդկին»,-լրացրեց հարեւանուհին:
Տիկին Նատալյայի հարեւանները պնդում են, որ Ալինան վտանգավոր է, բայց Հայրիյանները հակառակն են համոզում: Նրանց ներկայացմամբ` Ալինայի մոտ ընդամենը թեթեւ արտահայտված մտավոր հետամնացություն կա: «Ինքն այս պահին առողջական ոչ մի խնդիր ու ագրեսիա չունի, հոգեկան վիճակն էլ կարգավորված է: Ներկա պահին Ալինան հասարակության համար անվտանգ է: Թե տուն գնալուց հետո դեղեր չի օգտագործի ու դրանից այդպես կվատանա, ես այդ մասով չեմ կարող ասել: Ամեն դեպքում, նրա նկատմամբ պետք է ուշադիր լինեն, որպեսզի դեղերն անպայման օգտագործի: Ընդհանրապես, 24 կամ 36-օրյա բուժման կուրսը լրանալուց հետո մենք կարող ենք թողնել հիվանդին, որ գնա, քանի որ ունենք Ազգային Ժողովի որոշում: Եթե մահանա էլ, մենք պատասխանատվություն չենք կրում նրա համար»,-նշեցին Հայրիյանները:
Հավանաբար Լ. Հայրիյանի եւ Ա. Հայրիյանի՝ խմբագրություն գալու պատճառն այն էր, որ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մեր հրապարակման հետքերով հրահանգել էր հոգեբուժարաններում ծառայողական քննություն անցկացնել, եւ հիմա հոգեբուժարանների տնօրենները պարզապես փորձում են պաշտպանվել:
ՀՀ ԱՆ-ն ծառայողական քննություն է անցկացրել վերը նշված հոգեբուժարաններում, սակայն ոչ մի խախտում չի հայտնաբերել: Մինչդեռ նախարար Դ. Դումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, որ ծառայողական քննություն է անցկացվելու ոչ միայն այս երկու, այլեւ ՀՀ-ի մյուս հոգեբուժարաններում: Պարո՛ն նախարար, մի՞թե 15 օրը բավարար էր ծառայողական քննություն անցկացնելու համար, այն էլ երկու բուժհաստատություններում:
«ԵԹԵ ՄԱՀԱՆԱ ԷԼ, ՄԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԵՆՔ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ