Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 19-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գյումրու «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում՝ Մայակովսկու 88 հասցեում տեղակայված խմորեղենի «Պուրակ» արտադրամասում: Այրվել է արտադրամասը, կից գործող արագ սննդի սպասարկման սրահը գույքի հետ միասին՝ 400 քմ: Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ՝ երկուսը Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատներից եւ Ախուրյանի հրշեջ փրկարարական ջոկատը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:45-ին, մարվել՝ 01:10-ին:
Խմորեղենի արտադրամասի տնօրեն Հովհաննես Մարտիրոսյանի տեղեկացմամբ` հրդեհի պահին արտադրամասում ոչ ոք չի եղել, իսկ դրսում գտնվող պահակը, տեսնելով կրակը, անմիջապես զանգահարել է հրշեջ փրկարարական վարչություն:
«Նյութական վնասը ահռելի չէ: Սարքավորումները, սառնարանները տեսնում եք՝ սարքին վիճակում են, ուղղակի մի քիչ մրոտվել են: Ընդհանուր առմամբ վնասները շատ քիչ են, շինությունը այրվել է մասնակիորեն»,-ասաց Հ. Մարտիրոսյանը:
Մեր այնտեղ գտնվելու պահին մաքրվում էր շինության ներսը, դուրս էին բերվել խմորեղեններ պատրաստելու համար նախատեսված տարաները: Հարցին, թե պահեստավորված ապրանքներ չեն եղել ու չեն այրվել, Հ. Մարտիրոսյանը պատասխանեց, որ իրենք օրական արտադրանքն իրացնում են եւ պահեստավորված ապրանք չունեն: Կառույցի տնօրենի վստահեցմամբ՝ մինչեւ դեկտեմբերի 10-ը արտադրամասը կվերանորոգվի եւ պատրաստ կլինի կրկին սպասարկել հանրությանը: Իսկ թե որն է եղել հրդեհի պատճառը, Հ. Մարտիրոսյանն ասաց. «Մասնագետները կորոշեն՝ ինչն է եղել պատճառը»:
Մարզի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Աշոտ Պետրոսյանի տեղեկացմամբ՝ տեսչության մասնագետները դեպքի վայրում աշխատել են ամբողջ գիշեր, կատարել ուսումնասիրություններ, իսկ հրդեհի պատճառն ու դրա հետեւանքով ստացած վնասի չափն առայժմ պարզ չեն, հայտնի կլինեն փորձաքննության ավարտից հետո միայն: Վերը նշված գործով Շիրակի մարզի քննչական բաժինը ներկա դրությամբ չի զբաղվում, քանի որ նրանց ոչ մի գրություն չի ուղարկվել: Եթե փորձաքննության ընթացքում պարզվի, որ հրդեհը դիտավորության հետեւանք է, այդ ժամանակ նոր քննչական վարչությունը կզբաղվի դրանով:
Գյումրի