«Հարգարժա՛ն նախագահ.
Ձեզ է դիմում Աշտարակ քաղաքի Գրիբոյեդով 3-ա հասցեում ապրող մի ամբողջ ընտանիք՝ խնդրելով Ձեր աջակցությունը վերականգնելու մեր իրավունքը, մեղավորներին պատժելու եւ չորս տարի տեւող դատական գործընթացն արագացնելու համար:
Պարո՛ն նախագահ, մեր ընտանիքը հոգնել է անընդհատ հետաձգվող դատական գործընթացներից: Չորս տարի է՝ հայրենի դատարանները չեն կարողանում ապացուցել, որ մեր անունով սեփականաշնորհված հողերն ապօրինի յուրացրել է Մեհրաբյանների ընտանիքը: Անօրինական գործարքն իրականացվել է Աշտարակ քաղաքի նոտար Գագիկ Հակոբյանի եւ Աշտարակի քաղաքապետարանի գյուղատնտեսության վարչության աշխատակիցներ Արսեն Գրիգորյանի ու Ստեփան Ազիզյանի միջոցով:
1991թ.` սեփականաշնորհման ժամանակ, մեր ընտանիքին հատկացվել է 11 500 քմ հող: Մինչ հորս մահը մենք երեք եղբայրներով՝ Դերենիկ, Առաքել եւ Նորիկ Սարգսյաններս, բնակվում էինք Ռուսաստանի Դաշնությունում: Հորս՝ Մերուժան Սարգսյանի մահից հետո մենք ժառանգեցինք նրան պատկանող ամբողջ գույքը, այդ թվում` սեփականաշնորհված հողերը: Սեփականաշնորհման վկայագրերում մենք գրանցված ենք որպես այդ հողերի սեփականատեր:
Անցնում են տարիներ, հայտնվում է ոմն Արամ Մեհրաբյան եւ պահանջում մեզ պատկանող խնձորի այգու վկայականը` հիմնավորելով, թե իբր հայրս 2003թ. այն վաճառել է իրեն: Մեր ընտանիքը, բնականաբար, մերժում է:
2009թ. փետրվարի 18-ին ինձ է զանգահարում ոմն Վիգեն Սիմոնյան, ներկայանում 6-րդ վարչության աշխատակից եւ հրավիրում ինձ մեր իսկ տուն՝ զրույցի: Տուն հասնելով՝ ես ընտանիքիս գտնում եմ լարված եւ սթրեսային վիճակում, քանի որ վերջինս պահանջում է Մեհրաբյաններին տրամադրել ոչ միայն խնձորի, այլ դեղձի եւ խաղողի այգիների վկայականները: Պահանջը հիմնավորում է առքուվաճառքի պայմանագրով: Փորձում է համոզել, թե իբր հայրս այդ հողերը 1997թ. վաճառել է Արամ Մեհրաբյանին: Սկզբում Սիմոնյանն ինձ ցույց է տալիս իբր 2003թ. մեր կողմից վաճառված խնձորի, ապա խաղողի այգու վաճառքի պայմանագիրը: Այնուհետեւ վերցնում է բացատրագիր եւ հեռանում:
Հետագայում այս հարցը վիճարկվում է դատարանում: Գործընթացը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից անցնելով, մի քանի դատափուլ լսվում է նաեւ Սահմանադրական դատարանում, որը, ուսումնասիրելով հանգամանքները, վճռում է նոր հանգամանքներով նոր դատական վարույթ սկսել: Սակայն Սահմանադրական դատարանի որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանն առ ոչինչ է համարում:
Հարկ եմ համարում նշել, որ դատական գործի նախափուլում մեր տուն են այցելում Արսեն Գրիգորյանը ու Ստեփան Ազիզյանը եւ առաջարկում գործարք. խնդրում են չպահանջել սեփականության իրավունքով ինձ պատկանող այգիները՝ խոստանալով փոխարենը տալ 7000 քմ այլ հողակտոր: Ես մերժել եմ այդ գործարքը: Ինձ ուրիշի սեփականությունը պետք չէ:
Հարգարժա՛ն նախագահ, խնդրում եմ, թույլ մի՛ տվեք՝ ինձնից գողանան իմ սեփական ունեցվածքը: Խնդրում եմ, հրահանգե՛ք անցկացնել ծառայողական քննություն եւ պատասխանատվության ենթարկել Աշտարակի նոտար Գագիկ Հակոբյանին, որին հայրենի դատավորները եւ ոստիկաններն ի զորու չեն դատարան բերման ենթարկել` այսպիսով լուծելով դատական վեճը»:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆՈՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ