Ո՞ՒՄ ՀՈՒՅՍՈՎ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին, ի թիվս ՀՀ մի շարք այլ համայնքների, քաղաքապետ են ընտրելու նաեւ Դիլիջանի բնակիչները: Այստեղ մրցակցությունն ընթանում է երեք թեկնածուների՝ գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Արմեն Սանթրոսյանի, ԲՀԿ-ական Ժորա Սահաբալյանի եւ անկուսակցական Գուրգեն Հարությունյանի միջեւ:
Քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Ժորա Սահաբալյանը, բնակիչների հավաստմամբ, իր քարոզչությունը կառուցում է բացառապես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հեղինակության վրա: Նա իր նախընտրական հանդիպումներում ընտրողներին խոստանում է, թե Ծառուկյանը կգա, «գործարան կառնի, կաշխատեցնի, ավտոբուսներ կբերի, քաղաքային ավտոբուսների պարկը կթարմացնի, հյուրանոցներ կկառուցի, բարեգործական եւ սոցիալական այլ միջոցառումներ կիրականացնի» եւ այլն: Այս պահվածքը մի տեսակ չի ընկալվում շատ դիլիջանցիների կողմից: Եթե քարոզչական նման միջոցների դիմեր մեկը, ով առաջին անգամ է մասնակցում ընտրություններին, թերեւս հասկանալի լիներ: Սակայն Ժ. Սահաբալյանը, որը մինչ ԲՀԿ-ին անդամակցելը ՀՀԿ-ական էր, 2002-2005թթ. արդեն եղել է Դիլիջանի քաղաքապետ: Մարդիկ չեն մոռացել, որ այդ ընթացքում նա հասցրել է  վաճառել երեք մանկապարտեզ, քաղաքային այգու կեսը, հանրային զուգարանը, Շամախյանի ակումբը: Նաեւ քաղաքային լիճը վերցրել է վարձակալության եւ մատնել անտերության:
Իսկ գործող քաղաքապետն իր ղեկավարման տարիներին համայնքի համար գնել եւ վերանորոգել է մանկապարտեզի նոր շենք, հետ է գնել վաճառված ակումբի տարածքը եւ կառուցել ակումբի նոր շենք, ինչպես նաեւ կրկին հետ է գնել վաճառված քաղաքային զուգարանի տարածքը եւ կառուցել նորը, դատական կարգով լուծարել լճի վարձակալության պայմանագիրը, որից հետո բարեկարգվել եւ նոր տեսք է ստացել քաղաքային լճի տարածքը:
Նշենք նաեւ, որ Սահաբալյանի նախընտրական շտաբի հետ առնչություն ունեցողների շրջանում խոսակցություններ են պտտվում, որ Սահաբալյանի հաղթանակի դեպքում քաղաքն իրականում կառավարելու է ԲՀԿ Դիլիջանի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Խառատյանը՝ Բոյով Արմենը:
Շատերին է հայտնի, որ 60 տարեկանում բուհն ավարտած  Ժ. Սահաբալյանի որդիները անտարբեր չեն խաղատների նկատմամբ, ինչի պատճառով էլ նախկին քաղաքապետը ստիպված է եղել վաճառել իր բնակարանը: Իսկ եղբոր անունով գնված բնակարանը, որը, ըստ լուրերի, պատկանում է Ժ. Սահաբալյանին, 2012թ. ամռանը պարտքերի պատճառով գրավադրվել է «Արդշինինվեստ» բանկում:
«Ժողովուրդ»-ը վերոշարադրյալ հարցերի շուրջ զրուցեց Ժ. Սահաբալյանի հետ, որը հերքեց իր հասցեին հնչեցված մեղադրանքները՝ ասելով. «Ես ոչ մի բան էլ չեմ վաճառել, քանի որ իմ իշխանության ժամանակ վաճառքը չէր թույլատրվում»: Ինչ վերաբերում է լճի վարձակալության պայմանագրի լուծարմանը, ապա այն վաճառվել է մինչ իր քաղաքապետ լինելը. «Ես պատրաստ եմ փաստաթղթերով ապացուցել»: Սահաբալյանը, բնականաբար, հերքեց նաեւ տղաներին վերաբերվող խոսակցությունները՝ հայտարարելով, թե նրանք խաղամոլ չեն:
Բնականաբար, թեկնածուն պիտի պաշտպանվեր, բայց դա իրականությունը չի փոխում, եւ առաջադրված թեկնածուների գնահատականը սեպտեմբերի 23-ին կտա դիլիջանցին:

ՍՅՈՒԶԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Դիլիջան




Լրահոս