Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության հռչակման 21-ամյակը: Ինչպե՞ս են ընկալում այս տոնը մեզ հայտնի մարդիկ եւ ի՞նչ են կարծում՝ Հայաստանում արդյոք կա իրական անկախություն:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
-Հայաստանում 100 տոկոս կա անկախություն: Ես մի քիչ ավելի մեծ եմ, 70-80 տարի Սովետական ռեժիմի տակ ապրել ենք, կյանքը նորմալ էր, բայց բոլորս երազում էինք անկախություն ունենալու մասին: Հիմա անհամեմատ ավելի անկախ ու ազատ ենք: Ինձ համար սա մեծագույն տոներից մեկն է:
-Ձեր խոսքում նշեցիք, որ Հայաստանն իսկապես անկախ է, այդ դեպքում ինչպե՞ս է, որ գերտերությունները մեզ ինչ-որ բաներ են թելադրում:
-Բայց այդ գերտերություններին էլ մենք ենք թելադրում, ամեն ինչ շաղկապված է, բնական է, աշխարհում բոլորն իրար հետ կապված են, բայց ուր՝ Սովետական վարագույրը, ուր` այսօրվա մեր անկախ Հայաստանը: Այս ասելով՝ չեմ փորձում որեւէ մեկին դուր գալ, իսկապես ասում եմ այն, ինչ մտածում եմ: Կարծում եմ՝ մենք պետք է ավելի միասնական լինենք, իրար գնահատենք, իրար համար դողանք: Եթե մենք տաղանդավորին, օժտվածին, խելացիին առաջ չմղենք, այլ մղենք մեր ընկերներին, այդ ժամանակ մենք կկորչենք: Պետությունը քուչա չէ, ինքը պետություն է իր բանակով, արդյունաբերությամբ: Պետությունը չպիտի լինի ախպերական մոմենտների մեջ, էն մարդը պետք է բերվի մեջտեղ, որը կարող է ծառայել իր ժողովրդին ու պետությանը: Մենք բոլորս եղբայրներ ենք, չի կարելի, որ ամեն մեկն իր կյանքով ապրի, չէ՞ որ քեզնից հետո էլի կյանք է գալիս:
-Ինչպե՞ս եք նշելու տոնը:
-Նայած զբաղվածությանս, բայց երեւի կնոջս ու աղջկաս հետ ման կգանք քաղաքով, հրապարակի համերգին ներկա կլինենք, երեւի մի երկու բաժակ էլ կոնյակ կխմենք՝ նշելով մեր անկախության տոնը:
ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
-Հայաստանի անկախությունը պետականորեն ընդունված է կնիքով, փաստաթղթերով հաստատված:
-Բայց իսկապե՞ս անկախ ենք:
-Մարդ լիարժեք անկախ կարող է լինել միայն ջունգլիներում, որտեղ ո՛չ մարդկություն կա, ո՛չ կենդանություն: Չնայած այդ դեպքում էլ ինքը կախված կլինի բնությունից: Մենք չենք ապրում տակառի մեջ, այլ երկրագնդի վրա, ու բնական է, որ կախված ենք էս պետությունից, էն պետությունից, էս հարեւանից, էն հարեւանից:
-Այսինքն՝ բնակա՞ն է, որ գերտերությունները մեզ ինչ-որ բաներ են թելադրում:
-Ես ավելին ասեմ, այն ձեռքը, որը չես կարողանում կտրել, պետք է համբուրել:
-Նշելո՞ւ եք անկախության տոնը:
-Ես դրա համար կռվել եմ, լավ ընկերներ եմ կորցրել, պայքարել եմ, դա ինձ համար սովորական օր չէ: Իսկ տոնի հետ կապված՝ սեպտեմբերի 24-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում բեմադրել եմ ներկայացում՝ նվիրված Գուրգեն Մարգարյանին:
ԱՐԱՄՈ
-Մենք անկախ ենք 1988-ից հետո, երբ 70 տարվա այդ երկաթյա վարագույրը բարձրացավ, ու մենք սկսեցինք հասկանալ՝ ինչ է հայրենասիրությունը, հայրենիքը, այն ժամանակ նաեւ համարձակություն չէինք անում եկեղեցի գնալ, ամեն ինչ կախված էր Կրեմլից, Լենինից, իսկ հիմա ամեն ինչ ազատ է՝ ե՛ւ շփումը, ե՛ւ ինֆորմացիան:
Հիմա մենք ունենք նաեւ մեր պետականությունը, մեր դրոշը, հիմնը… Բա դա անկախության նշա՞ն չէ:
Բոլորը, նույնիսկ գերտերություններն ինչ-որ այլ պետությունների ենթարկվում են: Ամբողջ աշխարհը մեկը մեկի հետ կապված է, բոլոր երկրներն էլ դաշնակիցներ են:
-Ի՞նչ է տվել Ձեզ անկախությունը:
-Մտքի անկախություն, որ կարողանաս քո կյանքը կառավարել ոնց ցանկանաս: Դու ես քո կյանքի ու ապագայի տերը: Ես իմ պատանեկությունից ու երիտասարդությունից գոհ եմ եղել, բայց, բնականաբար, մինչ անկախությունը խոչընդոտները շատ էին: Սեպտեմբերի 21-ն ինձ համար իսկապես տոն է լինելու, ես համերգի եմ, երգելու եմ ու շնորհավորեմ բոլորիս տոնը: