ԽԱՆԴԻ ՀՈՂԻ ՎՐԱ
Կրասնոյարսկի ոստիկանությունը ձերբակալել է 27-ամյա մի տղամարդու, որը կասկածվում է իր ընկերուհուն դաժանորեն սպանելու մեջ: Հանցագործը դիակը թաքցրել է հանրակացարանի սառնարանում, որտեղ էլ այն հայտնաբերել է սպանվածի հայրը: Կնոջ հարազատները սկսել են նրան փնտրել այն բանից հետո, երբ նա երկու օր աշխատանքի չի ներկայացել: Նրա հայրը եկել է հանրակացարան եւ սառնարանում հայտնաբերել աղջկա մարմինը: Հարեւանների վկայությամբ՝ կինը՝ Վիկտորյան, եւ նրա սիրեցյալը՝ Սերգեյը, միմյանց հետ չեն վիճաբանել, հանգիստ կյանք են վարել: Սակայն տղամարդը խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
«Բրիտանուհի զինծառայողը ծննդաբերել է Աֆղանստանի ճակատային գծում»,-գրում է BBC-ն: Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մոր ու նորածնի վիճակը կայուն է: Կինը պատմել է, որ հղիության մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ որովայնի շրջանում ցավեր է զգացել, իսկ հղիացել է մինչ ճակատային գծում ծառայության անցնելը: Ըստ բժիշկների՝ նա ծննդաբերել է ժամանակից 5 շաբաթ շուտ: Սա առաջին դեպքն է, երբ բրիտանուհի զինծառայողը ծննդաբերում է ռազմական գործողությունների պայմաններում:
ՀԱՅՐ ԵՎ ԱՄՈՒՍԻՆ
60-ամյա ամերիկուհի Վալերի Սփրուլը ամուսնու մահից վեց տարի անց պարզել է, որ վերջինս իր հայրն է եղել: Հոր հետ ամուսնությունից նա երեք երեխա ունի: Վալերիի հայր եւ ամուսին Փերսի Սփրուլը վախճանվել է 1998-ին: 2004-ին Վալերիի հորեղբայրը բացահայտել է ճշմարտությունը` պատմելով, որ ամուսինն իրականում նրա հայրն էր: Ցնցված կինը ԴՆԹ-ի թեստ է արել եւ պարզել, որ դա ճշմարտություն է: Փերսի Սփրուլը եւ Վալերիի մայրը` Քրիստինան, ծանոթացել են 15 տարեկանում: Զույգը, բացի Վալերիից, ունեցել է եւս մի քանի երեխա. բոլորին էլ անչափահաս ծնողները հանձնել են այլ ընտանիքների: Փերսի Սփրուլը եւ Վալերին նորից են հանդիպել, երբ աղջիկը 26 տարեկան է եղել:
ԳՈՂԱՑԵԼ ԵՆ
«ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի Սանտա Մոնիկա թաղամասի առանձնատներից մեկից կատարվել է խոշոր չափի գողություն»,-գրում է Life News-ը: Հանցագործներին հաջողվել է տնից 10 մլն դոլարի արվեստի 12 նմուշ, ինքնատիպ զարդեր, կանխիկ գումար, թանկարժեք գինիներ դուրս բերել, ինչպես նաեւ գողանալ Porsche Carrera մեքենան: Լոս Անջելեսի ոստիկանությունն արդեն 1000 դոլարի չափով պարգեւավճար է խոստացել հանցագործների մասին որեւէ տեղեկություն հայտնողին: Ըստ իրավապահների տվյալների` գողերը ներթափանցել են առանձնատուն, երբ տանտերերը բացակայել են: