Այն պահից, երբ ողջ համացանցը հեղեղվեց լուրերով, թե ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է քույրերի հետ գալ Հայաստան, ի հայտ եկան հայաստաբնակ հայեր, ովքեր սկսեցին վստահեցնել, թե իրենք Քարդաշյանների ազգականներն են:
Նրանցից մեկը Գյումրիում բնակվող Քարտաշյանների ընտանիքն է: Armlur.am-ը զրուցեց այս ընտանիքի հոր` Մարտին Քարտաշյանի հետ, ով վստահորեն ասեց, որ Քիմ Քարդաշյանի ընտանիքը սերում է հենց իր ազգից: Ի դեպ, այս տեղեկությունը հաստատել է նաև թատերագետ Լևոն Մութաֆյանը, ով համացանցի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է, թե սա իր համար նորություն չէր: «Քարդաշյանների՝ Քարտաշյանների, տոհմը սերում է Արթիկից, Գյումրիում հաստատվել են 1930-ականներին: Մեծ քեռակնոջս քույրը՝ Ասյան, ամուսնացած էր Քարտաշյանների ժառանգներից մեկի հետ: Պետք է ենթադրել, որ նրա ամուսինը Քիմ Քարդաշյանի հորեղբոր տղան է, կամ պապի եղբոր տղան: Այդ ընտանիքից էր վաղամեռիկ ու տաղանդավոր լրագրող Ստեփան Քարտաշյանը»:
Գրեթե նույնաբովանդակ մեկնաբանություն է արել նաև ՀՀ ՏԿԱԻՆ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ում խոսքով Ք. Քարդաշյանի նախնիները բնակվել են երկու վայրում:
Ազգային արխիվի տնօրենը հայտնել է, որ Քարդաշյանների տոհմի մի մասն ապրել է Կարսի մարզում, մի մասն էլ` Կարինում: «Կարսի մարզի Կարակալա գյուղում գտել ենք Քարտաշյանների հետքերը: Քիմ Քարդաշյանի պապն Ամերիկա է տեղափոխվել մինչեւ Ցեղասպանությունը, սակայն մյուսները, ովքեր մնացել են եւ փրկվել սպանդից, ապաստանել են Գյումրիում, որն այն ժամանակ Ալեքսանդրապոլ էր կոչվում: Գյումրիում Քարտաշյաններ կան, ովքեր հեռավոր բարեկամներ են հայտնի Քարդաշյանների հետ»,-նշել էր Ա. Վիրաբյանը:
Արդյոք Քարդաշյաններն ազգականներ ունեն Հայաստանում, թերևս պարզ կդառնա շատ մոտ ապագայում: Մնում է սպասել` իրադարձություններն ինչպես կզարգանան:
Արման Գրիգորյան, Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան