Քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը դասախոսել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր աշխատակիցների համար կազմակերպում է դասախոսությունների շարք՝ Հայոց ցեղասպանության, հայկական ինքնության, հայության անցած պատմական ճանապարհի և զարգացման հեռանկարներին առնչվող թեմաներով:

Թեմաները ներկայացնելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալում է հայտնի պատմաբանների, քաղաքագետների և վերլուծաբանների:

Ցեղասպանության պատճառների ու հետևանքների, ինչպես նաև դրանց հաղթահարման հնարավորությունների մասին ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների հետ զրուցեց հայտնի պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը: Դասախոսության ու դրան հետևած քննարկման ընթացքում արծարծվեցին նաև հայոց էթնիկ հոգեբանության վրա ցեղասպանության թողած ազդեցությանը, Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակին ու հեռանկարներին, հայ քաղաքական մտքի անցյալին ու ներկային վերաբերող հարցեր։

1992-1994 թթ. Արմեն Այվազյանն աշխատել է որպես ՀՀ նախագահի օգնական, ՀՀ արտգործնախարարի խորհրդական, Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցությունում ՀՀ պատվիրակության գործող ղեկավար (Վիեննա)։ Մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին։ 1994-ից զբաղվում է գիտական և հասարակական գործունեությամբ։ Ռազմավարական հարցերի գծով շուրջ երկու տարի ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ի Սիրակուզի և Ստանֆորդի համալսարաններում, Հունաստանի գիտահետազոտական կենտրոններում։ Արմեն Այվազյանը բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել արտասահմանյան համալսարաններում, միջազգային գիտաժողովներում և Սփյուռքի համայնքային կենտրոններում։ Արմեն Այվազյանը մի շարք մենագրությունների և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։

Հանդիպման ընթացքում պատմաբան-քաղաքագետը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգային խնդիրների վերաբերյալ իր տեսակետները, խոսել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի առանձնահատկությունների, թուրք-ադրբեջանական գործակցության, դրանց համարժեք քաղաքական գնահատական տալու և ազգովին ու պետականորեն դիմագրավելու անհրաժեշտության մասին:

«Ցեղասպանությունը ոչ միայն հայերի՝ որպես Հայկական լեռնաշխարհի բնիկ էթնոսի, ֆիզիկական բնաջնջումն էր, այլև Հայաստանի ոչնչացումը, մի երկրի, որն ուներ անկախ պետականություն վերահաստատելու ժողովրդագրական, գաղափարական, քաղաքական և մշակութային բոլոր կարողություններն ու հնարավորությունները։ Վերջին հաշվով, հայերի ցեղասպանությունն ուղղված էր Հայաստանի պետության վերականգնման հավանականության դեմ։ Ցեղասպանությունն իրականացվեց փուլ առ փուլ՝ 1893-1923 թթ. ժամանակահատվածում, հիմնականում բնաջնջման, արտաքսման և թուրքացման եղանակներով», – նշել է Արմեն Այվազյանը: «Այդ առումով 1915 թ. խորհրդանշական տարեթիվ է։ Ցեղասպանության հետևանքների հնարավորին չափով նվազեցումը պետք է սկսվի հասարակական և ռազմավարական գիտակցության մեջ առկա բացերի վերհանմամբ ու շտկմամբ, ազգային ինքնագիտակցության բարձրացմամբ՝ հատկապես երիտասարդ սերնդի շրջանում: Այս հարցում առանցքային է պետության դերը, որպես ազգային իղձերի իրականացման հիմնական գործիք», – ավելացրել է Արմեն Այվազյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսում է իր աշխատակիցների շրջանում համահայկական նշանակության կարևորագույն հարցերի վերաբերյալ գիտելիքների ձեռքբերումը՝ ոլորտի մասնագետների հետ հանդիպումների և քննարկումների միջոցով: Մենք նախևառաջ քաղաքացիներ ենք, հասարակության անդամներ, ովքեր անտարբեր չեն պատմության և պետականության հիմնախնդիրների հանդեպ, ունենք տարբեր դիրքորոշումներ լսելու և սեփական դիրքորոշում ձևավորելու կարիք: Այս հարցում մենք ակնկալում ենք մեր գիտնականների աջակցությունը, որոնց միջոցով ցանկանում ենք ստանալ պատասխաններ՝ մեր անցյալի, ներկայի ու ապագայի վերաբերյալ: Ուրախ ենք նաև, որ ամեն մի հանդիպումից հետո մեր ընկերության գրադարանը համալրվում է արժեքավոր աշխատություններով», – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

unnamed (1)

unnamed (2)

unnamed (3)

unnamed (4)

unnamed (5)

unnamed (6)

unnamed (7)

unnamed (8)

unnamed (9)

unnamed




Լրահոս