ՀԱՐՑ. Արդեն երրորդ տարին է՝ Մասիս քաղաքի սրտում եկեղեցու շինարարությունը դադարեցվել է: Այն իրականացվում էր Վարդանյանների ֆինանսական աջակցությամբ ու այդպես էլ թերի մնաց: Ես ուզում եմ իմանալ՝ արդյոք այդ հրաշալի կոթողի շինարարության ընդհատումը քաղաքական կամ շինարարական խնդիրների ենթատեքստ ունի:
ՊԱՏԱՍԽԱՆ. Իսկապես, սա հրաշալի կոթող է՝ ճարտարապետական նոր լուծումներով: Այն նախագծվել է դեռեւս խորհրդային տարիներին, սակայն վերջինիս փլուզման հետեւանքով շինարարությունը չի սկսվել: Վարդանյանները հովանավորել են եկեղեցու կառուցապատումը, որը դեռեւս ընթացքի մեջ է: Նշեմ, որ շուտով շինարարական աշխատանքները կամփոփվեն, եւ կկատարվի եկեղեցու օծումը:
ծառայության պետ Վահրամ Բրուտյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արարատյան թեմի առաջնորդարանը եւս կոթողը համարում է բացառիկ եւ հայկական ճարտարապետական ստանդարտներին համահունչ կառույց: Այն դեռեւս անուն չունի, քանի որ, ըստ ծիսակարգի, անվանակոչումը կատարվում է օծման արարողությունից հետո: Կոթողը նախագծել է հայ անվանի ճարտարապետ Արտավազդ Թարխանյանը: Իր ճարտարապետական լուծումների համար այն արժանացել է անգամ խորհրդային քննադատների դրվատանքին: Հուսանք, որ «Գրանդ հոլդինգ» ընկերությունը շուտափույթ կավարտի եկեղեցու կառուցումը, եւ այն կծառայի Մասիսի հավատացյալ հոտին: Մեր ընթերցողի նամակից կարելի է ենթադրել, որ այդ քաղաքում շատերն են սպասում եկեղեցու բացմանը: