Չենք ցանկանում մասնակցել մեր պետական շահերին վնասող փաստաթղթի ընդունմանը. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծը: Նախագծի վերաբերյալ Հայ ազգային կոնգրես խմբակցության անունից  հանդես եկավ Լևոն Զուրաբյանը: Նրա ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ներկայացված հայտարարության այս նախագիծը հղում է կատարում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագրին»՝ առաջարկելով «արժեւորել» նրա դրույթները։ Խնդիրը, սակայն, հենց այն է, որ մենք չենք կարող արժեւորել վերոհիշյալ հռչակագրի դրույթներն առանձին վերցված կամ ամբողջությամբ, քանի որ մեր կարծիքով, անհասկանալի մի ձեւաչափով ընդունված այդ փաստաթուղթը լրջորեն վտանգում է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը, եւ ըստ էության, հակապետական փաստաթուղթ է։

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 11-ին՝ «Խոհեր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» հրապարակման առթիվ» վերնագրով եւ մարտի 20-ին՝ «Ձայն բարբառոյ յանապատի» վերնագրով հրապարակված ծավալուն հոդվածներով անդրադարձել է այդ հռչակագրին` մանրամասն վերլուծելով դրա բոլոր դրույթները եւ մեր հանրությանը ներկայացնելով բոլոր վտանգները:

Մեկ այլ հրապարակումով՝ մարտի 24-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծը, որը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ նպաստավոր է մեր պետական շահերի տեսակետից: Կարծում եմ, որ Ցեղասպանության եւ նրա շուրջ ծավալվող քաղաքականության խնդրով հետաքրքրվող բոլոր մարդիկ պետք է մանրամասն ծանոթանան այդ հոդվածներին: Ասածս վերաբերում է հատկապես այն մարդկանց, ովքեր պատասխանատու եւ հեռուն գնացող հետեւանքներ ունեցող քաղաքական որոշումներ են ընդունում, որոնցից մեկն այսօր ներկայացվել է Հայաստանի Ազգային ժողովին:

Իսկ Ազգային Ժողովի լիագումար այս նիստում ես ցանկանում եմ ներկայացնել մեր հետեւյալ դիտարկումներն ու հիմնավորումները:

Ե՛ւ հռչակագրի, ե՛ւ նրան հղում կատարող ներկայացված հայտարարության հիմնական էությունն այն է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության հիմքում դնում է Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Մեր կարծիքով, դա կոպտագույն սխալ է, որը կատարվեց դեռ 1998 թվականին, եւ որը բավական ծանր հետեւանքներ ունեցավ Հայաստանի համար։ Մեր դիրքորոշումը ցեղասպանության հարցում անկախացումից ի վեր եղել է այն, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն չպետք է դրված լինի Հայաստանի կողմից վարվող պետական արտաքին քաղաքականության հիմքում, այլ նույնիսկ չպետք է լինի իր օրակարգում։ Թուրքիայում կատարված հայերի ցեղասպանությունը հանցագործություն է ոչ թե Հայաստանի, այլ ամբողջ մարդկության դեմ, քանի որ ցանկացած ցեղասպանություն, որ ժողովրդի դեմ էլ որ այն կատարվի, հանցագործություն է ողջ մարդկության դեմ։

Եթե Հայաստանը Թուրքիայից պաշտոնապես պահանջում է ճանաչել Ցեղասպանությունը, այդ հարցը, ինչպես դա եղավ 1998 թվականից հետո, մարդկության առջեւ Թուրքիայի բարոյական պատասխանատվության խնդրից վերածվում է ընդամենը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միջպետական վեճի։ Այս կարեւոր խնդիրը ժամանակին հաշվի չառավ Ռոբերտ Քոչարյանը, որի վարչակազմի ջանքերով Հայաստանը պաշտոնապես Թուրքիայի առջեւ բարձրացրեց Ցեղասպանության ճանաչման հարցը։ Դա թույլ տվեց Թուրքիային հանդես գալ Հայաստանի համար նվաստացուցիչ մի նախաձեռնությամբ՝ այն է ստեղծել Ցեղասպանության եղելության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողով: Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց շատ անհարմար իրավիճակում. Հայաստանը չէր կարող մերժել այդ առաջարկը, քանի որ Թուրքիան դա կներկայացներ միջազգային հանրությանը այն լույսի ներքո, թե իբր Հայաստանը խուսափում է պատմության ուսումնասիրությունից եւ արխիվների քննությունից, ուստիեւ ինքն էլ վստահ չէ, որ ցեղասպանություն եղել է։ Իսկ եթե Հայաստանն ընդուներ այդ առաջարկը, դա հավասարազոր էր Ցեղասպանության եղելությունը հարցականի տակ դնելուն։

Ստեղծված վիճակում Քոչարյանը Էրդողանին պատասխանեց մի նամակով, որի մասին մենք իմացանք Վիքիլիքսի շնորհիվ: Նա թուրքերին առաջարկեց ստեղծել հայ֊-թուրքական հարաբերությունների կարգավորման միջկառավարական հանձնաժողով, որը կարող է քննարկել «ցանկացած եւ բոլոր չլուծված խնդիրները մեր երկու պետությունների միջեւ»։ Դրանից հետո սկսվեցին հայ-թուրքական գաղտնի բանակցությունները, իսկ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո այդ գործը շարունակեց Սերժ Սարգսյանը, որի ֆուտբոլային դիվանագիտության արդյունքերով կնքվեցին «Ցյուրիխյան ուրացում» անվանումը ստացած հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները: Դրանց համաձայն, պետք է ստեղծվեր հայ թուրքական միջկառավարական հանձնաժողով, որի ենթահանձնաժողովներից մեկը ի թիվս այլ չլուծված հարցերի, կզբաղվեր պատմության ուսումնասիրությամբ, այսինքն հնարավորություն ստեղծվեց ցեղասպանության եղելության Թուրքիայի համար այդքան ցանկալի ուսումնասիրման համար։

Փոխարենը թուրքերը պետք է բացեին հայ-թուրքական սահմանը: Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի բարձրացումը պետական արտաքին քաղաքականության օրակարգում այլ ընթացք չէր կարող ունենալ, քան նման ամոթալի գործարքը։ Հիշեցնեմ սակայն, որ Ցյուրիխյան արձանագրությունների միակ իրական արդյունքն եղավ այն, որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը դարձավ մանրադրամ մեծ քաղաքական խաղի մեջ։ Թուրքիային հաջողվեց Ցեղասպանությունը հարցականի տակ դնելու Հայաստանի իշխանությունների համաձայնությունը օգտագործել միջազգային ճանաչման գործընթացը կասեցնելու նպատակով։ Իսկ Հայաստանն այդպես էլ չստացավ հայ-թուրքական սահմանի բացում։
Կարծես այս ձախողումը քիչ էր, եւ միգուցե հենց այդ ձախողման նվաստացումը ծածկելու նպատակով Սերժ Սարգսյանը հիմա էլ ընկել է հակառակ ծայրահեղության մեջ։

Ներկայացված հռչակագրի տեքստում կատարված են հղումներ Սեւրի հաշտության պայմանագրին եւ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի դերին ու նշանակությանը Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից էլ առաջ ընկնելով, առաջին անգամ Հայոց նորանկախ պատմության մեջ, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դնում է Հայ դատը եւ պահանջատիրությունը, որի անբաժանելի մասն է Հայաստանի տարածքի ընդարձակումը Սեւրի դաշնագրի եւ ԱՄՆ նախագահ Վիլսոնի գծած սահմաններով։ Ավելորդ է խոսել այն մասին, թե ինչպես կարող է Թուրքիան օգտագործել այս փաստաթուղթը՝ ներկայացնելով այն սեփական հասարակությանը եւ միջազգային հանրությանը որպես Հայաստանի կողմից ակնհայտորեն եւ պաշտոնապես արտահայտված ծավալապաշտություն եւ այդպիսով արդարացնելով Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու իրենց ձգտումը։ Հասկանալի է, թե ինչ վտանգներ է սա ներկայացնում Հայաստանի համար դիվանագիտական բնագավառում՝ էլ ավելի մեկուսացնելու եւ ռազմական բալանսը հօգուտ Ադրբեջանի փոխելու առումով։

Ըստ էության, Սերժ Սարգսյանի եւ ազգայնականության հողի վրա դիվիդենտներ շահելու պատրաստ բոլոր քաղաքական ուժերի այս «հայրենասիրությունը» շատ թանկ է նստելու Հայաստանի եւ Ղարաբաղի վրա, վատթարացնելով առանց այդ էլ բարդ իրավիճակը, որը ստեղծվել է Ղարաբաղի ազատության համար դեռ չավարտված այս պատերազմում։

Հայոց ցեղասպանության ճանաչումը ինքնին շատ կարեւոր գործ է, սակայն Ազգային ժողովի կողմից նման հայտարարությունների ընդունումը բացարձակապես որեւէ նպաստ չի բերում այդ գործի հաջողությանը, եւ իրականում ի զորու է լուծել միայն մեկ հարց՝ ստեղծել Ազգային ժողովի պատգամավորների «ազգանվեր» գործունեության, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի գրած հռչակագրի շուրջ իբր ստեղծված ազգային միասնականության պատրանք։ Այսինքն, հայտարարությունն իրականում ուղղված չէ արտաքին աշխարհին, այլ կազմված է բացառապես ներքին սպառման համար, բայց ավերածություններ է գործում հենց մեր արտաքին քաղաքական դիրքերում։ Որեւէ այլ խնդիր այս հայտարարությունը լուծել չի կարող։ Իմ տեղեկություններով, հասկանալով հռչակագրի բոլոր վտանգները, Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես հիացած չէ այդ տեքստով։

Եվ ես զարմանում եմ նաեւ որոշ պատգամավորների վրա, ովքեր իրենց ամբողջ կյանքում հասկացել են հայդատականության ու պահանջատիրության վնասակարությունը մեր ազգային շահերի համար եւ պայքարել են հուզական ազգայնականության նկատմամբ քաղաքական մտածելակերպի հաղթանակի համար, բայց այսօր պատանդ են դարձել պարզունակ պոպուլիզմով զբաղվող կեղծ ազգայնականների ձեռքում։ Ի վերջո, պետք է հասկանալ, որ 1990-ների մեր բոլոր հաղթանակները ձեռք են բերվել շնորհիվ իրատեսական քաղաքականության, որը մերժում էր հայդատականությունը եւ պահանջատիրությունը եւ կառուցված էր միջազգային քաղաքականության իրողությունների եւ իրավունքի նորմերի վրա, իսկ ազգայնական պոռոտախոսությունը միշտ էլ բերել է պարտությունների եւ հայրենքի կորստի, ինչպես դա եղավ 1920 թվականին:

Մենք չենք ցանկանում մասնակցել մեր պետական հիմնարար շահերին վնասող այս փաստաթղթի ընդունմանը, ուստի, չենք մասնակցի հայտարարության քվեարկությանը»։




Լրահոս