Ովքե՞ր ուղղորդեցին քննիչներին, և ինչո՞ւ լռեց դատախազը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզում Սոթքի ոսկու հանքից գողացված հանքաքարերը բաժանելու շուրջ առաջացած անհամաձայնությունը 2014թ հոկտեմբերի 12-ին ավարտվեց սպանությամբ: Ու քննիչները փոխանակ խորությամբ ուսումնասիրեին խնդիրը՝ հասկանալու համար, թե ինչու են նույն ազգի ներկայացուցիչները միմյանց դեմ դուրս եկել, ակնհայտ ուղղորդված ձեւով ավարտեցին գործի նախաքննությունը, եւ գործը մտավ դատարան:

Հիշեցնենք, որ նշված օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում ավտոմեքենայի մեջ սպանվեց 33-ամյա Արման Մանուկյանը: Այս գործով կալանավորվեցին Վարդենիս քաղաքի բնակիչ Սասուն Կարապետյանը, որը կրակել էր Արմանին, եւ Սարգիս Գալստյանը (Ապեր), որն իբրեւ թե եղել է դեպքի վայր հասած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ղեկին:

Կալանավորված Սարգիս Գալստյանի հարազատներն այս ամիսների ընթացքում մշտապես բարձրաձայնեցին քննչական մարմինների կողմից թույլ տրված ապօրինությունների մասին: Նշվեց՝ որեւէ ապացույց չկա, որ Արման Մանուկյանին սպանող Սասուն Կարապետյանը դեպքի վայր է հասել Սարգիս Գալստյանի «Մերսեդեսով»: Վերջինիս մեղադրելու միակ հիմքը եղել է այն, որ մի անչափահաս երեխա՝ 11-ամյա Արա Գրիգորյանը, առանց ծնողների գիտության եւ մասնակցության, քննիչների ճնշման տակ ցուցմունք էր տվել, թե ինքը տեսել է, որ դեպքի վայրում եղել է Ապերի «Մերսեդեսը»: Ու թեեւ երեխայի ծնողները բողոքեցին, նաեւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին նամակ ուղարկեցին՝ հայտնելով, որ անչափահաս երեխայի տված ցուցմունքները կորզվել են ապօրինաբար, այնուամենայնիվ, իրավիճակը չփոխվեց: Քննիչները, առանց որեւէ հիմնավոր ապացույցի «հալած յուղի տեղ» ընդունելով անչափահաս երեխայի խոսքերը, ըստ էության, սարքեցին քաղաքացու գլխին: Եւ որպեսզի գործի քննության վերահսկողությունն իր ձեռքը վերցրած ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Թամազյանի մոտ կասկածներ չառաջանան, մարզի քննիչները զեկուցել են նրան, թե Ապերը նախկինում դատապարտված է եղել եւ պետք է հիմա էլ «նստի»:

Ուշագրավ է, որ Թամազյանն այդպես էլ չստուգեց, թե իր ենթակա քննիչներից ով քանի անգամ է հանդիպել, շփվել այն մարդկանց հետ, որոնց անունները՝ որպես սպանության կազմակերպիչ, տվել էր սպանված Արմանի եղբայրը՝ Գրիշա Մանուկյանը, armlur.am-ի հետ զրույցում: (Հիշեցնենք, որ նա Վարդենիսում զինված բանդայի մասին էր խոսել): Չպարզեց նաեւ՝ արդյո՞ք քննիչներին ինչ-որ բաժին է հասել հանքից գողացված ոսկու ձուլակտորներից…

«ժողովուրդ»-ի հետ զրույցում Սարգիս Գալստյանի հարազատներից մեկը պատմեց, որ Սարգիսը միջնորդություն էր ներկայացրել քննչական մարմին, որ մինչ գործը դատարան ուղարկելը, 5 օր ժամանակ տան իրեն, որպեսզի ծանոթանա գործի մանրամասներին: Ավելին՝ Սարգիսը խնդրել էր քննիչներին, որպեսզի առերեսում լինի իր եւ դեպքի ականատես երեխայի միջեւ, սակայն ոչ մի միջնորդություն էլ չի բավարարվել, եւ գործն ուղարկվեց դատարան:

Ըստ ամբաստանյալի հարազատների` իրենք չեն լռելու եւ թույլ չեն տա, որ Սարգիսը անարդար կերպով 8-15 տարի հայտնվի ճաղերի հետեւում: Նրանք մինչեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան կհասնեն, ու չի բացառվում՝ հաղթեն, քանի որ անչափահասի մեկ ցուցմունքով մեղադրանք է առաջադրվել քաղաքացուն:

Հ. Գ. Սարգիս Գալստյանի հարազատներից տեղեկացանք, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն ՔԿՀ-ում նրան չեն բուժում:

Քնար Մանուկյան




Լրահոս