Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրի ընդունման նախագծի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հայտարարեց, որ նման հայտարարություն ընդունելու անհրաժեշտություն կա, և ՀՀԿ-ն միաձայն կողմ է քվեարկելու հայտարարությանը:
Նա նշեց, որ միգուցե ելույթ չունենար, եթե իրենից առաջ որոշ պատգամավորներ հայտարարություններ չանեին, որոնք չի կարելի անվանել ազգային ու պետական շահերը սպասարկող:
«Միգուցե կարող է սպասարկել այլ շահեր, բայց ոչ երբեք Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի: Կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է էթիկա ունենա, և երբ մի բան ասում է, պետք է լսի նաև պատասխանը: Մենք միշտ պատրաստ ենք լսելու: Բայց քանի դեռ այստեղ չեն, իրենց շեֆը, կարծում եմ, հետաքրքրությամբ կլսի, մանավանդ խոսքս էլ ուղղված է իրենց քաղաքական առաջնորդին: Նախ՝ 25 տարին ցույց տվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր թիմով հանդերձ, ինչպես բուրբոնների մասին էին ասում, ոչինչ չի մոռացել և ոչինչ էլ չի սովորել: Հայոց պետականության այս ժամանակաշրջանը ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը ցեղասպանության միջազգային ճանաչման, իսկ ըստ իս՝ պարտվողական քաղաքականությունն ընդունելի չէ ոչ միայն ՀՀ քաղաքական ուժերի մեծամասնության, այլև հայ հասարակության ու սփյուռքի կողմից, և միգուցե դա է ջղաձգումների մեջ գցել հարգարժան պարոնին: Մի հատ կողմնորոշվի, եթե դեմ ես միջազգային ճանաչմանը, տղամարդավարի կանգնի ու ասա, որ դեմ ես ու էլ մի ասա, որ հաշտեցման գործընթացի ժամանակ եղավ ուրացում»,-կոչ արեց նա: