
“Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ օրերս Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի բեմում Լյուդվիգ Մինկուսի “Դոն Կիխոտ” բալետն ընթացել է ձայնագրության` ֆոնոգրամայի ներքո: Պատճառն այն է, որ այս պահին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Եվ սա արդեն բավարար պատճառ է, որպեսզի անտեսվի ՀՀ մշակույթի նախարարի` 2009թ. փետրվարի 18-ի հրամանը, որով արգելվում է ֆոնոգրամայով երգելը, ելույթ ունենալը: Սակայն այդ նույն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի խոսքով` դա շատ նորմալ երևույթ է. “Մենք արտասահման հյուրախաղերի ենք գնում, ֆոնոգրամա ենք տանում, հո օրկեստրը չենք տանում”: Այսպիսով` ՀՀ քաղաքացուն այլընտրանք չի մնում, քան ֆոնոգրամայով բալետ “վայելել”: