Մինչ անկախության տոնի առթիվ Հանրապետության հրապարակում միջոցառման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, ՀՀ շատ քաղաքացիներ, մայիսի 4-ի ապրած վախը սրտում, երկմտում են՝ գնա՞լ, թե՞ չգնալ Հանրապետության հրապարակ:
Այսօր ՀՀ շարքային քաղաքացին ի՞նչ վստահություն պետք է ունենա, որ մասնակցելով Հանրապետության հրապարակում կայանալիք միջոցառմանը՝ չի հայտնվի հիվանդանոցում: Դեպքից անցել է չորսուկես ամիս, իսկ ողբերգական միջադեպի մեղավորները դեռեւս չեն պատժվել: Ու 4 ամիս անց ոչ միայն չեն դադարել խոսակցությունները, այլեւ չեն սպիացել այրվածքները:
ՀՀ տնտեսագիտական համալսարանի ուսանող 20-ամյա Արամ Կիրակոսյանի (անուն-ազգանունը փոխված է) ձեռքերի այրվածքները մինչ օրս չեն բուժվել: “Մեկ տարի դեռ պետք է, որ ձեռքերս նորից առաջվանը լինեն: Հիմա էլ գնում եմ հիվանդանոց, բժիշկներն ասում են՝ կվերկանգնվի, մի՛ մտածի: Դե ես էլ հավատում եմ, որ լավ կլինի, ու ձեռքերս կփոխվեն”,-ծիծաղելով պատմեց Արամը: Նրա խոսքով՝ սարսափելի է եղել իր ծնողների վիճակը: “Նրանք մեզնից շատ են տանջվել, բայց հիմա ամեն ինչ անցյալում է, բոլորս էլ շարունակում ենք ապրել: Ինչպես ասում են, վերքերը լավանում են, բայց սպիները կմնան, ու դրանք իմ կյանքում շատ բան փոխեցին: Մեջս, ճիշտ է, վախ մտավ, բայց արդյունքում բանակից ազատվեցի”,-բավական ոգեւորված նշեց երիտասարդը: “Ժողովուրդ”-ի հարցին, թե սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնակատարությանը կմասնակցի, Արամը բացասական պատասխան տվեց.”Քանի որ առաջին հերթին ցանկանում եմ խնայել ծնողներիս”: Նշենք, որ 20-ամյա երիտասարդը երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել եւ 14 օր գտնվել հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ ՀՀԿ նախընտրական վերջին հանրահավաքը զարդարող “ավատանք, որ փոխենքե կարգախոսով հարյուրավոր սպիտակ փուչիկները իսկական պատուհաս դարձան շուրջ 150 երիտասարդների գլխին, որոնք հիմնականում ուսանողներ էին՝ հարկադրաբար բերված ՀՀ տարբեր բուհերից: Երիտասարդները մեթան գազով լիցքավորված փուչիկները բռնել էին իրենց գլխավերեւում, որոնք անհասկանալի հանգամանքներում բռնկվեցին: “Երկնքից թափված կրակի” հետեւանքով ներկաները տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվեցին մայրաքաղաքի հիվանդանոցներ: Ու չնայած հրապարակում տիրող խուճապին ու երիտասարդների ճիչերին՝ ՀՀԿ նախընտրական հանրահավաք-համերգը չընդմիջվեց:
“Ժողովուրդ”-ը երիտասարդ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանից փորձեց պարզել՝ արդյոք նա անձամբ կմասնակցի Հանրապետության հրապարակում կայանալիք տոնակատարությանը: Չի՞ վախենում, որ իր ձեռքն էլ մի “անմեղ”փուչիկ տան՝ բացասական հետեւանքներով: “Ես իմ զավակների հետ ներկա եմ լինելու միջոցառմանը եւ կարծում եմ՝ պետք չէ մայիսի 4-ի դեպքը շահարկել կամ չարաշահել, դա տեղին չէ”,-ասաց Սահակյանը՝ պարզաբանելով, որ ինքը տեղյակ չէ՝ այս համերգին փուչիկներ կլինեն, թե ոչ:
Մեզ մնում է խորհուրդ տալ ՀՀ քաղաքացիներին, որ անկախության տոնը նշեն ոչ թե անհայտ ծագում ունեցող փուչիկներով, այլ գնեն նոր փուչիկներ ու սեփական թոքերի հնարավորություններն օգտագործելով՝ իրենց համար տոնական տրամադրություն ապահովեն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ