Ժողովորդ. Մի հատ հասկացի. Խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, չնայած  իր անվան հետ կապված բազմաթիվ չարաշահումներին ու սկանդալային դեպքերին, արդեն 5 տարի է` զբաղեցնում է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնն` այդպես էլ  որեւէ անգամ չարժանանալով  երկրի նախագահի հրապարակային պարսավանքին, ինչպես օրինակ` խեղճ Դերոն, ով ընդամենը  չորս ամիս է` ինչ պաշտոնավարում է: Բայց եթե Սերժ Սարգսյանը մինչ օրս իր կնոջ ընկերուհուն չի նախատել` դիմելով Հասո,  վերջինս իր ենթականերին եւ լրագրողներին “դու”-ով դիմելու մշակույթը սերտել է: Երեկ, պատասխանելով  իր բարձրաստիճան ընկերուհու` Ռիտա Սարգսյանի հետ ռուսերենով շփվելու մասին “Առավոտի” թղթակցի հարցին,  նախարարն ասել է. “Հետ՞ո, հարցիդ բնույթն ինչա, ինչի եմ ես ռուսերեն բառ օգտագործե՞լ, լավ եմ արել”: Ինչ խոսք, տիկին Պողոսյանն իրավունք ունի խոսել որ լեզվով ցանկանում է եւ, ի վերջո` կարողանում է, սակայն որքան տեղյակ ենք` ՀՀ պետական լեզուն հայերենն է, իսկ մշակույթի նախարարն էլ տոնավաճառում հագուստ վաճառող առեւտրական չէ: Չնայած` մեր իրականությունը հաշվի առնելով` դժվար է պնդել թե մեկը, թե մյուսը: Ինչ վերաբերում է կոնկրետ Պողոսյանի` հայերենով խոսելուն, ապա թերեւս ավելի լավ կլինի, որ սույն տիկինն արտահայտվի մեկ այլ լեզվով, եւ իհարկե` այլ կարգավիճակով:  Ի վերջո, հայերենը նուրբ լեզու է, որի չիմացությունն անմիջապես աչքի է զարնում` առավել եւս Հայաստանի մշակույթի կին նախարարի շուրթերից:  Սակայն  Պողոսյանը նաեւ շատ “համեստ” անձնավորություն է, եւ ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչ կարեւոր է մշակույթի նախարարի խոսելաձեւը.” Չէ, ես մի հատ ուզում եմ հասկանամ` դա ինչ-որ շատ ինչ-որ հույժ կարեւոր նշանակությո՞ւն է մեր երկրի համար այդ հանգամանքը”: Եթե ինչ-որ մեկը չհասկացավ, թե ինչ է ուզում հասկանալ Հասմիկ Պողոսյանը` խնդրեմ. “Ես կարծում եմ, շատ երազում եմ, որ հասարակության ուշադրությունը ավելի սեւեռված լինի ավելի կարեւորագույն խնդիրների”:  Իսկ  որպես այդպիսին` Պողոսյանը ներկայացնում է. “Օրինակ, ես կուզենայի այսօր մեկնումեկը ինձ ասեր` տիկին նախարար, գրքեր եք տպագրել, օրինակ, այս գրքի բովանդակությունը արդյոք… Մեկը գիրքը կարդացած լիներ ու ասեր, որ ճիշտ բովանդակություն չի, ինչ որ մի բանը սխալ է տպագրված”: Փաստորեն, ՀՀ մշակույթի նախարարը հրապարակավ ընդունում է, որ իրենց տպագրած գրքերը որեւէ մեկին չեն հետաքրքրում. “Եկեք կարդանք: Գնանք ներկայացում նայենք”,- կոչ է անում նախարարը, որն ըստ ամենայնի, ներկայացումները ոչ թե դիտում է, այլ հենց նայում: “Այ դա օգտակար կլիներ ոչ միայն  մշակույթի նախարարի համար, այլ նաեւ ոլորտի”,- խոստովանում է Պողոսյանը:  Լիովին միանում ենք նրա կոչին` առաջարկելով գնալ Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոն` ֆոնոգրամմայի տակ բալետ “նայելու”: Մեր ընթերցողներից եւ ՀՀ լեզվի պետական տեսչությունից էլ ներողամտություն ենք հայցում` նախարարի խոսքի մեջբերման արդյունքում մեկ հոդվածում այդքան շատ քերականական սխալներ թույլ տալու համար: 




Լրահոս