Ժիրայր Սէֆիլյանին և ընկերներին արգելվել է մամուլ ստանալ և հարազատների հետ տեսակցություններ ունենալ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Որեկ` ճիշտ այն ժամանակ, երբ ՀՀ ղեկավարությունը եւ լրատվական դաշտը զբաղված էին Քարդաշյան քույրերի շրջագայությունը կազմակերպելով ու լուսաբանելով, Հայաստանի իրավապահները հերթական «օպերացիան» էին իրագործում ընդդեմ Հայաստանի: Արցախյան պատերազմի հերոսին` Ժիրայր Սէֆիլյանին եւ նրա ընկերներին շղթայված, ի ցույց բոլորի, Երեւանի Նալբանդյան փողոցով ՀՀ ԱԱԾ շենքից տեղափոխում էին ՀՀ քննչական կոմիտե, որ այնտեղ նրանց շինծու մեղադրանք առաջադրեն:

Այն, որ ՀՀ քննչական կոմիտեն Ժիրայր Սէֆիլյանին եւ նրա ընկերներին շինծու մեղադրանքներով կպահի անազատության մեջ այնքան, որքան հրահանգեն, ի սկզբանե հայտնի էր: Բայց երբ ՀՀ իշխանությունները Սէֆիլյանին շղթայված փողոցով, ի ցույց բոլորի, տանում են, դրանով նրանք հայ հանրությանը նաեւ կոնկրետ ուղերձ են հղում. Հայաստանի համար իրենց կյանքը զոհելու պատրաստ հերոսների խարանը սա է, իսկ պետության բարիքները պետք է վայելեն բանակից փախած, առնվազն մեկ անգամ ընտրություն կեղծած եւ պետբյուջեի փողերը թալանածները: Վերջիններս իշխանություններին լավ ծառայելու դեպքում կարող են դառնալ պատգամավոր, նախարար եւ քաղաքապետ:

Հ.Գ. «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին, նախաձեռնության անդամներ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գեւորգ Սաֆարյանին եւ Գարեգին Չուգասզյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-225 հոդվածի 1-ին մասով` զանգվածային անկարգություններ նախապատրաստելը: Նրանց բոլորի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կալանավորվածներին արգելված է մամուլ ստանալ եւ տեսակցություններ ունենալ` բացառությամբ փաստաբանների հետ հանդիպելուց»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս