Վարորդների հաշվին բյուջե են լցնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 20-ից ԱՊՊԱ չունեցող վարորդները կտուգանվեն 100 հազար դրամի չափով: Երեկ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը: Տպավորություն է, թե պետբյուջեի մուտքերը մեր երկրում վարորդները պետք է ապահովեն:

Այսպիսով՝  ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին եւ տրանսպորտային միջոցների սեփականատերերին մինչեւ 2015 թվականի ապրիլի 19-ը ներառյալ ունենալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր, հակառակ դեպքում, սկսած ապրիլի 20-ից, կկիրառվեն վարչական ներգործության միջոցներ:

Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Էդիկ Հովհաննիսյանի հետ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, ապրիլի 20-ից ԱՊՊԱ չունեցող վարորդները կտուգանվեն 100 հազար դրամի չափով: Ի՞նչ է սա Ձեր կարծիքով:

-Ինչու մինչեւ հիմա չէին տուգանո՞ւմ, տուգանում էին այն ժամանակ, երբ վթար էր լինում, եւ պարզվում էր, որ տվյալ մեքենան ապահովագրված չէ: Նկատվում էր, որ ապահովագրվող մեքենաների քանակը բավականին նվազել է: Եւ այս որոշման պատճառն արդեն հասկանալի է: Սա արվում է այն բանի համար, որ բոլոր տրանսպորտային միջոցներն ապահովագրվեն:

-Չե՞ք կարծում, որ 100 հազար դրամ նախատեսված տուգանքը դաժան «պատիժ» է վարորդների համար:

-Այո՛, դաժան է տուգանքի չափը: Այդպես չի կարելի: Եթե մեքենան ապահովագրելու համար վարորդը ծախսում է 30 հազար դրամ, ինչու պետք է 100 հազար դրամ տուգանվի: Չէ որ կարելի է նաեւ 10 հազար դրամի չափով տուգանել: Եթե վարորդները իմանան, որ տուգանվելու են, ապա հաստատ նրանք մեկ ժամ առաջ կապահովագրեն իրենց մեքենաները: Ըստ երեւույթին, հիմա ՃՈ-ն ունի այն վարորդների տվյալների բազան, ովքեր չեն ապահովագրել իրենց մեքենաները: Տասնյակ հազարավոր մեքենաներ չեն ապահովագրել, պատկերացրեք, եթե ուղիղ կեսին տուգանեն, ապա ինչ գումար կստացվի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս