Երեկ երեկոյան “Գլոբալ գոլդ մայնինգ” ընկերությունը երկրորդ պարզաբանումն է տարածել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի հայտարարությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
Սույն թվականի սեպտեմբերի 19-ին Գլոբալ Գոլդ Մայնինգ ՍՊԸ-ն (“Ընկերություն”) հանդես էր եկել պարզաբանումով՝ կապված Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի (“Այվազյան”) կողմից մամուլում տարածած հայտարարարությունների հետ։
Մասնավորապես, Ընկերությունը բացահայտել էր, որ հակառակ Այվազյանի պնդումների առ այն, թե իբր նա տեղյակ չի եղել Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանում (“Դատարան”) իր նկատմամբ գործի քննության և Դատարանի կողմից իր նկատմամբ կայացրած վճռի վերաբերյալ, Այվազյանն իրականում պատշաճ կերպով ծանուցվել և տեղյակ էր իր նկատմամբ դատական գործընթացի, այդ գործընթացի նյութերի, ինչպես նաև Դատարանի կողմից Այվազյանի նկատմամբ կայացրած վճռի մասին՝ Այվազյանի հասցեներով ուղարկված ծանուցումների և դրանք Այվազյանի կողմից ստանալն ապացուցող հաստատումների միջոցով (Ընկերությունը, մասնավորապես, հրապարակել էր Այվազյանի կողմից 2012թ-ի ընթացքում ստացված ծանուցումները)։
Ընկերությունը նաև բացահայտել էր, որ հակառակ Այվազյանի պնդումներին առ այն, թե իբր Դատարանը վճիռ է կայացրել իր՝ որպես նախարարի նկատմամբ, անհիմն է, և որ իրականում վճիռը կայացվել է Այվազյան անձի նկատմամբ՝ որպես 2003թ-ի ՍՀԱ ՍՊԸ-ի բաժնեմասի գնման պայմանագրի ծպտյալ կողմ և պրինցիպալ, այդ պայմանագրի խախտմամբ Ընկերությանը վնաս պատճառելու համար։
Ընկերությունը բացահայտել էր նաև Հանքավանի հանքավայրում կատարված աշխատանքների մասով պարտավորությունների գումարի՝ ՍՀԱ-ի բաժնեմասը ձեռք բերելու պահին ընդամենը 500.000 դրամ, այնուհետև Ընկերության կողմից պարտավորության գումարը 50.000 ԱՄՆ դոլարի հասցնելու, սակայն փաստացի կատարված աշխատանքների վրա ավելի քան 2,8 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներ կատարելու արժեքների տարբերությունը (ավելի քան 50 անգամ ավել)՝ հերքելով Այվազյանի հայտարարություններն առ այն, թե իբր նա՝ որպես նախարար, դադարեցրել է Ընկերության լիցենզիան Հանքավանի հանքավայրում իբր աշխատանքներ չիարկանացնելու պատճառով։ Ընկերությունը նկատում է, որ վերոնշյալ կեղծ հայտարարություններն Այվազյանը արել էր տեսախցիկների առաջ՝ առանց աչք թարթելու։
Ընկերության բացահայտումներից հետո, սակայն, Այվազյանը դարձյալ հանդես է եկել կեղծ հայտարարություններով՝ պնդելով, թե իբր Բնապահպանական նախարարության կողմից Հանքավանի հանքավայրում իրականացվել է ստուգում, որի արդյունքում կազմվել է ակտ, համաձայն որի պարզվել է, որ Ընկերությունը Հանքավանի հանքավայրում աշխատանքներ չի իրականացրել։ Այվազյանը՝ Երկիր լրատվամիջոցին 2012թ-ի սեպտեմբերի 20-ին տված հարցազրույցի ընթացքում, տեսախցիկի առաջ ցույց տալով որոշ փաստաթղթեր, պնդել է, թե իբր այդ ակտը ստորագրել է նաև Ընկերոււթյան ներկայացուցիչը՝ ակնարկելով, թե իբր Ընկերությունը նույնպես համաձայնել է Այվազյանի կողմից Հանքավանի հանքավայրում աշխատանքներ չիրականացնելու պնդումներին։ Այվազյանը՝ փորձելով արդարացնել որպես նախարար իր կողմից Ընկերության լիցենզիան դադարեցնելը, բառացիորեն հայտարարել է. “Ո՞վ իմ տեղը լիներ, որպես նախարար, 2005թ-ից թույլատրեր, որպեսզի նրանք շարունակեն իրենց աշխատանքը” (Առավոտ, 21-ը սեպտեմբերի, 2012թ)։ Երկիր լրատվամիջոցին տված հարցազրույցի ընթացքում Այվազյանը հայտարարել է, թե Ընկերությունն իբր աշխատանքներ չի իրականացրել նաև Մարջանի հանքավայրում, դարձյալ կազմվել է ակտ, որն իբր դարձյալ ստորագրել է Ընկերության ներկայացուցիչը։ Այնուհետև, Այվազյանը պահանջել է որպեսզի իրեն դատեն Հայաստանում։
Հաշվի առնելով Այվազյանի վերոնշյալ, և այլ հայտարարությունները, Ընկերությունը ստիպված է ներկայացնել հետևյալ բացահայտումները.
1. Ընկերությունը փաստում է, որ իրոք, ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից 2005թ-ին կազմվել էր ակտ, համաձայն որի իբր Ընկերությունը թերացել էր կատարել Հանքավանի հանքավայրի ուսումնասիրության աշխատանքները (ակտը կցվում է)։ Ակնհայտ է, որ ակտում բացակայում է Ընկերության ներկայացուցչի ստորագրությունը։ Այդ ակտը բողոքարկվել է Ընկերության կողմից՝ անհիմն լինելու պատճառով (Ընկերության բողոքը կցվում է)։ Պատասխանելով Ընկերության բողոքարկմանը՝ Այվազյանը Ընկերությանն է ուղարկել գրություն՝ 2005թ-ի մայիսի 27-ին, որով ընդունել է ակտի անհիմն լինելը, ընդունելով որ Ընկերությունն իրականում կատարել է պարտավորություն հանդիսացող բոլոր աշխատանքները, գրության մեջ բառացիորեն նշելով հետևյալը. “իրականացված ստուգման արդյունքում կազմված թիվ 100026 ակտը վերադասության կարգով ուժը կորցրած է ճանաչվում” (Այվազյանի գրությունը կցվում է)։ Այս անհերքելի փաստն ապացուցում է, որ նույնիսկ Այվազյանն ինքն է հերքել մամուլում իր իսկ կողմից արված հայտարարություններն առ այն, թե իբր Ընկերությունը Հանքավանում աշխատանքներ չի կատարվել, ինչի արդյունքում իբր Այվազյանը դադարեցվել է Ընկերության լիցենզիան։ Ավելին, Ընկերության՝ կից ներկայացված բողոքարկումից ակնհայտ է, որ Նախարարության այն աշխատակիցը որը Նախարարության հանձնարարագրով կազմել և Ընկերությանն էր ներկայացրել վերոնշյալ անհիմն ակտը, միաժամանակ հանդես է եկել Ընկերության այն կապալառուի աշխատակիցը, որն իրականացրել է աշխատանքները Հանքավանում, այսինքն, ակտը կազմող նույն ստուգողը կատարել էր Հանքավանում Ընկերության կողմից իրականացված աշխատանքները (աշխատանքների ընթացքում արված լուսանկարներից մեկը՝ ակտը կազմող նախարարության աշխատակցի պատկերով, կցվում է)։ Օրենքով սահմանված պատասխանատվություն՝ Ընկերությանն անհիմն ակտ ներկայացնելու համար, Այվազյանը չի կիրառել։
2. Ընկերությունը նաև փաստում է, որ իրոք, 2006թ-ին, նույն Նախարարության հանձնարարագրով իրականացվել է նաև ստուգում Մարջանի հանքավայրում, և կազմել է ևս մեկ անհիմն և ինքնանպատակ ակտ առ այն, թե իբր Ընկերությունը Մարջանում ևս աշխատանքների չի կատարել (ակտը կցվում է)։ Դարձյալ՝ ակտից ակնհայտ է, որ հակառակ Այվազյանի պնդումների, այդ ակտը չի ստորագրվել Ընկերության որևէ աշխատակցի կողմից։ Ընկերությունը դարձյալ բողոքարկել է այդ ակտը (բողոքարկումը կցվում է)։ Բողոքարկումն ակնհայտորեն ցույց է տալիս, որ ստուգողները նույնիսկ չեն այցելել Մարջանի հանքավայր, քանզի ստուգման ժամանակաընթացքում այդ հանքավայրի ամբողջ տարածքը պատված է խորը ձյան շերտով, և որ հանքավայրին մոտենալն անգամ անհնար էր (Մարջանը գտնվում է ծովի մակերևույթից 2.800 մետր բարձրության վրա)։ Ընկերության բողոքարկումը բացահայտում է նաև, որ ապօրինի ակտը կազմելուց առաջ Այվազյանը փորձել է ապօրինի խոչընդոտել և դադարեցնել Ընկերության աշխատանքները Մարջանի հանքավայրում։ Բողոքարկումը բացահայտում է նաև, որ Նախարարության տեսուչները Ընկերությանն փաստորեն մեղադրել են Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանի վրա շուրջ 3897 պայթեցումներ չիրականացնելու, և Հայաստանի Հանրապետությանը չվտանգելու մեջ (Ադրբեջանական ռազմական հենակետը գտնվում է Մարջանի հանքավայրից մոտ 500 մետր հեռավորության վրա)։ Այս հերթական ապօրինի ակտը հերքվել է ՀՀ կառավարության որոշմամբ Ընկերությանը Մարջանի հանքավայրի շահագործման լիցենզիա տրամադրելու փաստով, Այվազյանի՝ որպես նախարար պաշտոնավարումից հետո։ Ընկերությունը Մարջանի հանքավայրի ուսումնասիրության աշխատանքներում ներդրել է ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլար։ Կից ներկայացվում են Ընկերության կողմից Բնապահպանության նախարարությանը ներկայացված՝ Հանքավանում և Մարջանում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները՝ 2005 և 2006 թվականների համար, որոնք ընդունվել են Նախարարության կողմից՝ առանց առարկությունների։
3. Այվազյանի՝ Հայաստանում դատվելու հիրավի ինքնաբուխ ցանկությունն իրականում կեղծ է։ Հատկանշական է, որ Այվազյանը Հայաստանում դատվելու ցանկություն չի հայտնել երբ Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանը և Միջազգային Առևտրային Պալատի Արբիտրաժը նրան ճանաչել են որպես դատավարության կողմ՝ ինչի մասին Այվազյանը ծանուցվել է։ Նման ցանկություն Այվազյանը չի հայտնել նույնիսկ երբ ծանուցմամբ ստացել է Դատարանի վճիռը։ Հայաստանում դատվելու այս հախուռն ցանկությունը Այվազյանը հայտնել է միայն Կատարողական Թերթը Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանի կողմից տալուց, և այն հրապարակելուց հետո։ Մինչդեռ, ակնհայտ է, որ պայմանագրով սահմանվել է, որ հենց Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանն է համարվում որպես ընդդատյա դատարան, ուստի անհերքելի է, որ ցանկացած դատարան՝ ներառյալ Հայաստանի դատարանները, օրենքի համաձայն այդ պայմանագրով հայց քննել չէին կարող, և եթե նույնիսկ նման հայց ներկայացվեր Հայաստանի որևէ դատարան, ապա դատարանը մերժելու էր այն նույնիսկ քննել։ Պայմանագրային ընդդատությունը որևէ մեկի ցանկությամբ կամ քմահաճույքով չի կարող փոփոխվել, ինչի մասին, կարծում ենք, քաջատեղյակ է նաև Այվազյանը։ Ընկերությունը նաև գտնում է, որ Այվազյանի նկատմամբ արդեն իրականացրել է բավարար ծավալի դատական գործողություններ, ուստի Այվազյանին Հայաստանում դատելու առիթը թողնում է այլոց։