Այսօր` ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Լոռու մարզկենտրոնում վարարել է Տանձուտ գետը, ինչի հետևանքով փլուզվել են մի քանի կամուրջներ: Ինչպես Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման աշխատանքների բաժնի պետի տեղակալ Լյովա Մելիքյանը, արդեն մի քանի ժամ է` բաժնի աշխատակիցները փորձում են կարգավորել տեղի ունեցածը. «Գոսստանդարտի կամրջին հարակից գետի հունն ենք մաքրել, այս պահին գտնվում ենք Մարգարյան փողոցի վրա, սպասում ենք` տեխնիկան մոտենա, որպեսզի այստեղի կամրջի մոտն էլ մաքրենք, փակվել է: 9-րդ դպրոցի մոտ հետիոտնային երկաթյա կամուրջ կար, քշել-տարել է: Առայժմ այդ մի տեղն է վնասը»,- հայտնեց Լ. Մելիքյանը:
Վերջինիս փոխանցմամբ` այս պահին աշխատանքներ են տարվում, որպեսզի հնարավոր հեղեղների դեպքում նմանատիպ փլուզումները չկրկնվեն: Լյովա Մելիքյանը հայտնեց նաև, որ դեռևս ցանքատարածքների վնասման շուրջ ահազանգեր չեն ստացվել:
Ահազանգը եղել է միայն այն, որ կամրջի փլուզման ժամանակ, շրջանառվող լուրերի համաձայն, եղել են հայր ու որդի: Վերջինիս հայրը դպրոց տանելիս է եղել և հրաշքով կարողացել է անցնել կամուրջը: Նշենք, որ այս կամրջից օգտվում են թե´ Սանկտ Պետերբուրգ թաղամասի բնակիչները, թե´ 9-րդ դպրոց հաճախող աշակերտները:
lorinews.am լրատվականի փոխանցմամբ` կամրջի փլուզումից հնարավոր է գետի ջուրը լցվի բնակարանները:
Լուսանկարը` lorinews.am-ի: