Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ՀՀ ոստիկանությունն իրականացնում է հանդիպում դպրոցներում աշակերտների հետ: Հերթական այցը տեղի ունեցավ Ջրվեժի միջնակարգ դպրոցում: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատության վարչության գնդապետ Արմեն Մալխասյանի հետ հանդիպումն անցավ բավականին ջերմ մթնոլորտում: Վերջինս հնարավորինս մանրամասն և հասկանալի կերպով ներկայացրեց աշակերտներին հուզող հարցերի պատասխանները:
Աշակերտներին հուզող հարցերը բազմաբնույթ էին, սակայն, գրեթե բոլորին հետաքրքիր էին անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների հետ կապված օրենքում առկա կարգավորումները: Նրանց նաև հետաքրքիր էր վարորդական վկայական ստանալու կարգը, սահմանված տարիքը և այլ հարցեր` կապված բազմաթիվ դեպքերի հետ:
Հատկանշական էր, որ աղջիկներն ասացին, որ վստահում են ոստիկաններին, սակայն նաև հանդիպել են այնպիսի ոստիկանների, ովքեր հավատ չեն ներնչել: Աշակերտներին հետաքրքիր էր նաև հատուկ գումարտակի` հրեշտակների ծառայությունը, նրանց հետ կապված բազմաթիվ հարցեր:
Դպրոցի տնօրեն Լիլիթ Վարդանյանը ևս կարևորեց նման հանդիպումների անցկացումը: Նա հույս հայտնեց, որ այսպիսի հանդիպումները կդառնան հաճախակի, քանի որ, նրա խոսքով, աշակերտները, իրոք, կարիք ունեն ոստիկանների հետ շփվելու, նրանց աշխատանքին ավելի մոտիկից ծանոթանալու:
Քրիստինա Աղալարյան