Արդեն մի քանի օր է` Հայաստանում ամենաքննարկվող թեման ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցն է Երեւան` 100-րդ տարելիցին ընդառաջ: Նրա հետ Հայաստան ժամանածների թվում է ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը: Պետք է նկատել, որ Քարդաշյանին Հայաստանում ընդունեցին սպասվածից ավելի բուռն կերպով, իսկ ԶԼՄ-ները պարզապես «պայթեցին» նրա մասին լուրերով:
Եթե փորձենք որոնողական համակարգերում փնտրել Քիմ Քարդաշյանի անունը, դրա կողքին կտեսնենք` ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, հեռուստաաստղ, լավագույն դեպքում նաեւ` մոդել… Քարդաշյանի ամենամեծ արժանիքը մեզ համար, թերեւս, մնում է նրա ազգությունը` հայ: Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ իր հետույքով հայտնի դարձած աստղն ավելի քննարկվեց Հայաստանում, քան 21 «Գրեմմի» մրցանակի արժանացած նրա ամուսինը` Ուեսթը, ով նաեւ երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր եւ դերասան է:
Ուեսթի Հայաստան գալն, իրականում, պետք է որ ոչ պակաս մեծ իրադարձություն լիներ մեզ համար, այնինչ նա ոչ թե պակաս ուշադրության արժանացավ, այլ ընդհանրապես ուշադրություն չստացավ հայերիս կողմից. «Իհարկե, եթե Քարդաշյանը Հայաստան չգար, Ուեսթն էլ չէր գա. սա կարեւոր փաստ է, ամեն դեպքում, Քանյեն ամենաշատն է արժանի մեր ուշադրությանը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց երգչուհի Անուշիկ Ալավերդյանը:
«Բոլորը խոսում են միայն Քիմի մասին, Քիմից են ստորագրություն վերցնում, իսկ ահա Քանյեն` այդ տաղանդավոր երաժիշտը, որ պետք է շատ ավելի հետաքրքրեր լրագրողներին, բլոգերներին ու քաղաքացիներին, փաստորեն, մղված է երկրորդ պլան, ինչն ինձ համար տարօրինակ է: Թեպետ չի բացառվում, որ Ուեսթն ինքն է իրեն մղել երկրորդ պլան: Համենայն դեպս, հետաքրքիր կլիներ լսել Քանյեի մասշտաբի երաժիշտին, իհարկե, հասկանում եմ, որ, օրինակ, նրա մասնակցությամբ մաստեր-կլաս կազմակերպելը դժվար կլիներ, բայց կուզենայի գոնե մասնակցել նրա մամուլի ասուլիսին, լսել երաժիշտին: Ես միակը չեմ, ով ցանկանում է լսել Ուեսթին, նրան հանդիպելու հնարավորություն ստանալ»,-իր հերթին մեզ հետ զրույցում նկատեց երգիչ Արթուր Ալեքը:
Ամեն դեպքում, մի կողմ թողնելով այն հարցը, թե Քիմ Քարդաշյանից ու Քանյե Ուեսթից ով է ավելի տաղանդավոր, պետք չէ մոռանալ, որ հայազգի հեռուստաաստղը սոցցանցերում ու միկրոբլոգներում ունի միլիոնավոր հետեւորդներ, եւ նրա ամեն քայլը կարող է հրաշալի փիար լինել Հայաստանի համար, հատկապես` Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:
Աննա Բաբաջանյան