ԽԻՍՏ Է ԴԺԳՈՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդպես էլ չմասնակցեց  սեպտեմբերի 14-19-ին  Հայաստանում կայացած «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ զորավարժություններին, թեեւ այդ այցին Հայաստանում կարծես թե մինչեւ վերջին պահը սպասում էին: Ավելին, դրանից  երեք ամիս առաջ հայտարարելով Պուտինի` Հայաստան կատարելիք պետական այցի մասին, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը հատուկ ընդգծել էր, որ դա լավագույն պատասխանն է հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի շուրջ կասկածներ ունեցողներին: «Մենք մեր ընկերներին չենք փոխում եւ չենք լքում»,-շեշտել էր Զատուլինը եւ անդրադառնալով  օգոստոսի 8-ին կայացած Սարգսյան-Պուտին  հանդիպմանը, որի համար, հիշեցնենք, Սերժ Սարգսյանը ստիպված եղավ ընդհատել իր կարճատեւ արձակուրդը, արդեն օգօստոսի  11-ին  ասել էր. «Քննարկվում է սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունների հարցը: Քաղաքական, անգամ ոչ քաղաքական տեսանկյունից, սա չափազանց կարեւոր է, քանի որ տեղի է ունենում  հենց այն պահին, երբ ավելի  քան երբեւէ անհրաժեշտ է ցուցադրել գործընկերային հարաբերությունները»: Եվ ահա այդքանից հետո Պուտինի` Հայաստան չգալը, ցուցադրաբար այդ ընթացքում «Կովկաս-2012» զորավարժություններին  մասնակցելը, ապա Ղրղըզստան մեկնելն ու այդ երկրի  կես միլիարդ դոլարի պարտքը ներելը ցույց է տալիս, որ ինչ-ինչ խնդիրներ են առաջացել  «գործընկերային հարաբերությունները ցուցադրելու» եւ «ընկերներին չփոխելու» հարցում: Այս համատեքստում խիստ ուշագրավ էր ՀՀ անկախության տոնի առթիվ ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձը` որտեղ բացի այն, որ կիրառված չէր «մեծարգո պարոն նախագահ» ընդունված դիմելաձեւը, նաեւ առկա էր խոսուն հիշեցում` կապված օգօստոսի 8-ի` վերը հիշատակած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ: «Գոհունակությամբ եմ նշում հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական, կառուցողական բնույթը, որը լիովին հաստատվեց Մոսկվայում մեր վերջին հանդիպման ժամանակ»,-ասված էր Պուտինի ուղերձում: Ակնհայտ է, որ ռազմավարական դաշնակից, դարավոր բարեկամ երկու երկրների հարաբերություններին  տրված «բարեկամական, կառուցողական» բնորոշումները, որոնք կիրառելի են միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող ցանկացած երկրների միջեւ, հենց այնպես չեն ընտրված` փոխարինելով  ավանդաբար հնչող շատ ավելի ջերմ  բառապաշարին:  Էլ չասած` որ Պուտինի շնորհավորական ուղերձը տեղադրված չէ ՌԴ նախագահի պաշտոնական կայքում:  Սրանք մանրուք թվացող, սակայն շատ կարեւոր եւ հստակ ուղերձներ են առ այն, որ Վլադիմիր Պուտինը խիստ դժգոհ է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից, եւ, ըստ ամենայնի, օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումից: Այնքան դժգոհ, որ ոչ միայն ինքը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, այլեւ, ըստ էության, արգելեց նաեւ Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնապես հրավիրված ՀԱՊԿ անդամ մյուս երկրների նախագահներին դա անել:




Լրահոս