Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը այցելել է Երևանի մանկապարտեզներ, որտեղ այս օրերին բաշխվում է տարեկան ծրագրով նախատեսված գույքը։
2012-2014թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին բաշխվել է շուրջ 30 000 միավոր գույք՝ սառնարաններ, սառցախցիկներ, սալօջախներ, մսաղացներ, խոհանոցային սպասք, երկհարկանի ու եռահարկ մահճակալներ, զգեստապահարաններ, սեղաններ, աթոռակներ։
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ նախադպրոցական կրթության ոլորտում բարեփոխումների ծրագիր մեկնարկեցինք, որի կարևորագույն նշանակությունը երեխաների անվտանգության ապահովումն է՝ սննդի և այլ պայմանների բարելավման տեսանկյունից։ Քաղաքապետարանն սկսեց թե՛ գույքային, թե՛ վերանորոգման լայնածավալ ծրագրի իրականացումը։ 2012 թվականից բոլոր 160 մանկապարտեզներում մոնիտորինգ իրականացրինք, ներկայացրեցինք քաղաքապետին: Արդյունքում ըստ առաջնահերթության՝ կյանքի կոչվեցին թե՛ վերանորոգման, թե՛ գույքային ծրագրերը՝ ժամանակացույցի փուլային աշխատանքներով»,- ներկայացրել է Գայանե Սողոմոնյանը։
2015 թվականին մանկապարտեզները կհամալրվեն ևս 3000 միավոր տարատեսակ գույքով։
«Այսօր քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզներն ունեն առնվազն մեկ նոր սառնարան։ 2014 թվականին երկրորդ սառնարանները բաժանեցինք այն մանկապարտեզներին, որտեղ հաճախող երեխաների քանակը մեծ էր, հետևաբաև և մեծ քանակության սննդամթերք է ստանում։ 2015 թվականին, նույնպես ըստ երեխաների թվաքանակի, ըստ անհրաժեշտության՝ մանկապարտեզները համալրում ենք երկրորդ, նույնիսկ երրորդ սառնարանով։ Մանկապարտեզները կստանան նաև մահճակալներ, զգեստապահարաններ, սննդի մշակման սեղաններ՝ չժանգոտվող մետաղից պատրաստված, և այլն»,- նշել է Գայանե Սողոմոնյանը։
2015 թվականին շարունակվելու է նաև մանկապարտեզների վերանորոգման ծրագիրը։ Այս տարի ևս 31 մանկապարտեզ է նորոգվելու։