ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԳԼԽՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում: Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանն ու նրա 17-ամյա որդին որոշել են քվեաթերթիկների մի մասը գողանալ: Արդյունքում երեկ՝ գրեթե ողջ օրը, Բագրատյանը ոստիկանությունում բացատրություն էր գրում, իսկ որդին կարծես «անհետացած» լիներ երկրի երեսից:  
Երեկ ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել Արտաբույնք գյուղի բնակիչ 52-ամյա Ծառուկ Թադեւոսյանը եւ հայտնել, որ գիշերը` ժամը 03:30-ի սահմաններում, Արտաբույնք համայնքի ղեկավարի թեկնածու ՀՀ ԵԿՄ մարզային կառույցի անդամ 52-ամյա Արմեն Սեդրակյանը, իր համախոհներ` Երեւանի Աճեմյան փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, ԲՀԿ անդամ, Վայոց ձորի նախկին մարզպետ 48-ամյա Սերգեյ Բագրատյանը եւ նրա որդին` 17-ամյա Շանթ Բագրատյանը, կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, երբ տեսնում են, որ ձայները հօգուտ իրենց թեկնածուի չեն, ներխուժում են նշված գյուղի առաջին հարկում տեղակայված ընտրատեղամաս, վերցնում քվեաթերթիկների մի մասը եւ փորձում հեռանալ:
Ոստիկանության Գորիսի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեսուչ, ոստիկանության կապիտան 33-ամյա Արմեն Բակունցը փորձում է կանխել Բագրատյանի եւ նրա որդու գործողությունները: Այդ ժամանակ Շ. Բագրատյանը հրում եւ վայր է գցում Բակունցին: Այնուհետեւ Բագրատյանը հայհոյում է եւ գլխով հարվածում Բակունցի դեմքին: Հարվածի արդյունքում տուժողը շրթունքի մասում վնասվածք է ստացել: Ավելի ուշ Սեդրակյանն ու Բագրատյանը բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Երեկ եւս ողջ օրը Բագրատյանը ոստիկանությունում էր, իսկ նրա որդու հեռախոսազանգերին պատասխանում էր ինչ-որ երիտասարդ ու ասում, որ Բագրատյանի որդու ընկերն է, Շանթը հեռախոսահամարը փոխել է:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ՝ պարզելու, թե ինչու է իրենց կուսակիցը հարվածել ոստիկանին. «Այն, ինչ տարածվել էր, որոշ կայքեր տեղեկացրել էին,  իրականությանը չի համապատասխանում: Ավելի ճիշտ, չափազանցված է: Բագրատյանի անձը իմացողները վստահաբար ինձ հետ կհամաձայնեն, մենք այժմ հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը, կարծում եմ՝ մի կարճ ժամանակահատված հետո ամեն ինչ իր տեղը կընկնի»,-նշեց Ուրիխանյանը:
Մեր դիտարկմանը, թե Բագրատյանը գլխով հարվածել է իրավապահի դեմքին, նա ասաց. «Լավ էլի, ախր Բագրատյանը ցիվիլ, քաղաքավարի անձնավորություն է, «խփել» բառը Բագրատյանի հետ ընդհանրապես… այն էլ գլխով, իմ գիտակցության մեջ չի ասոցացվում»: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն:
Հ.Գ. Ավելի ուշ Սերգեյ Բագրատյանը news.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր իր եւ որդու մասնակցությամբ սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ Արտաբույնք գյուղում արձանագրված միջադեպը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս