Արյան մակարդման ժառանգական հիվանդություններից 92- 95% կազմում են հեմոֆիլիաները։ Դրանք պայմանավորված են մակարդման գործոնների պակասով և անցնում է ժառանգաբար` կապված X քրոմոսոմի հետ: Շատ երկրներում մեծ խնդիր է հեմոֆիլիայով տառապող հիվանդների բուժումը, թանկարժեք դեղերով ապահովումը և կյանքի որակի բարելավումը։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության ղեկավար Տանյա Խաչատրյանին` առաջարկելով համատեղ լուծումներ տալ հաշմանդամության հանգեցնող հիվանդության հաղթահարմանը։
Տանյա Խաչատրյանը ներկայացրեց 1997 թվականից գործող իրենց կազմակերպության կողմից իրականացված աշխատանքները։ Նշեց, որ 1998-ից կազմակերպությունն անդամակցում է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիային։ Հենց դա էլ հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության և Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի միջև 2003թ. հուշագրի կնքման համար ։ Այս ընթացքում բավականաչափ խնդիրներ լուծում են ստացել։ ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» ստեղծվել է Հեմոֆիլիայի կենտրոն, որտեղ հսկվում են հեմոֆիլիայի բոլոր տեսակներով տառապող հիվանդները։ Նրանք հակահեմոֆիլային գործոններ են ստանում թե՛ առողջապահության նախարարության, թե՛ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի կողմից: Հուշագրի շրջանակում Արյունաբանական կենտրոնում հիմնվել է հեմոֆիլիայի բաժանմունքը, մշակվել է Հեմոֆիլիայի ազգային ծրագիրը, կազմվել է հեմոֆիլիայով հիվանդների ռեգիստրը, արյունաբաններ և լաբորանտներ են վերապատրաստվել տարբեր երկրում։ Միաժամանակ մակարդելիության լաբորատորիայում ներդրվել են արյան մակարդելիության ժառանգական հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ և այլն։
Արմեն Մուրադյանն առաջարկեց հեմոֆիլիայի բուժման գործում առկա խնդիրներն ու դրանց համատեղ լուծման հնարավորություններն աջիկայում հանգամանալից քննարկել նախարարությունում` Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության ներկայացուցիչների, մասնագիտների, ինչպես նաև հիվանդների մասնակցությամբ։
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը։