Եթե հավատանք վարչապետ Տիգրան Սարգսյանին, ապա իր գլխավորած կառավարության շնորհիվ Հայաստանի տնտեսությունն աճում է: Միայն թե, չգիտես ինչու, ոչ միայն ընդդիմությունը, այլեւ անգամ իշխանությունները նրա տիտանական աշխատանքը չեն գնահատում. ավելին, Սերժ Սարգսյանը նրա աշխատանքը գնահատել էր շատ բացասական:
Երեկ ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, ներկայացնելով 2011թ. ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, նա թվարկեց իր գրանցած հաջողությունները: Օրինակ՝ 2011թ. Հայաստանի տնտեսությունը սկսել է վերականգնվել ու ամրապնդվել, իսկ արդյունաբերությունն էլ նախորդ տարվա համեմատ արձանագրել է 13.5 տոկոս աճ: «Արդյունաբերության աճն արդյունք է եղել այն միջոցառումների, որոնք իրականացրել է կառավարությունը` նպատակ ունենալով խթանել արտահանելի հատվածը, եւ միեւնույն ժամանակ միջազգային շուկաների բարենպաստ միջավայրը նույնպես նպաստեց, որպեսզի արտահանման ծավալները 2011 թվականին էապես բարելավվեն»,-նշեց նա: Տ.Սարգսյանը նաեւ հավելեց՝ կառավարությանը հաջողվել է զսպել գնաճը. «Կարող ենք արձանագրել, որ 2011 թվականը բեկումնային էր, քանի որ էապես նվազեց գնաճի ցուցանիշը, եւ մենք ունեցանք տնտեսական աճ, որը 2 անգամ ավելի բարձր էր, քան 2010 թվականին… 2011 թվականի մարտ ամսվա ամենաբարձր գնաճային կետից, որը կազմում էր 11.6 տոկոս, տարեվերջին այդ ցուցանիշը կազմեց 4.7 տոկոս: Միեւնույն ժամանակ մենք արձանագրեցինք 4.7 տոկոս տնտեսական աճ, որն ավելի քան 2 անգամ գերազանցեց 2010 թվականի աճի ցուցանիշը …Գյուղատնտեսությունում 2010 թվականի աննախադեպ անկումից հետո 2011 թվականին արձանագրվել է 13.7 տոկոս աճ … Ինչ վերաբերում է բյուջեի ընդհանուր եկամուտներին, ապա այստեղ աճը կազմել է 12.9 տոկոս, իսկ ՀՆԱ-ի նկատմամբ՝ 23.3 տոկոս … Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում մեզ հաջողվեց ոչ միայն պահպանել, այլ նաեւ ավելացնել սոցիալական պաշտպանության համակարգի ֆինանսավորման ծավալները»,-իրեն հատուկ միատոն, հանդարտ ձայնով գրանցած հաջողություններն էր թվարկում Տ.Սարգսյանը:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այս տարիներին նույն կառավարության աշխատանքի շնորհիվ Հայաստանում աղքատության ցուցանիշը կազմել է 36 տոկոս, իսկ արտագաղթի ցուցանիշը 2011թ. եղել է վերջին տարիների ամենաբարձր ու ամենամտահոգիչ թիվը. ՀՀ-ից հեռացածների ու վերադարձածների թվի տարբերությունը կազմել է – 50 հազար հոգի: Ընդ որում, այս ամենը՝ այս իշխանությունների օրոք հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն:
Բայց այստեղ կարեւոր է մեկ այլ հանգամանք: Չնայած Տիգրան Սարգսյանի գրանցած այս աննախադեպ ցուցանիշներին, ընդամենը օրեր առաջ կառավարությունում Սերժ Սարգսյանը բոլորովին այլ գնահատական էր հնչեցրել: «Ես կառավարության աշխատանքը, Տիգրա՛ն, շատ բացասական եմ գնահատում, շատ բացասական: Մենք չորս տարի է՝ քեզ հետ խոսում ենք էս թեմայով, չորս տարի ուղիղ, բայց պրոցեսները շարունակվում են»,-վարչապետին նախատել էր նա:
Ուստի հիմա բնական հարց է առաջանում՝ ո՞ւմ հավատալ՝ Տիգրան Սարգսյանին, որ մեջբերում է համապատասխան ցուցանիշներ ու հայտարարում տնտեսական աճի, առաջընթացի մասին, թե՞ Սերժ Սարգսյանին, որը, պարզվում է, չորս տարի շարունակ դժգոհ է եղել կառավարության գործունեությունից ու այսօր էլ շատ բացասական է գնահատում այն: Համենայնդեպս, եթե Տ. Սարգսյանը լուրջ առաջընթաց է գրանցել երկրում, ապա անհասկանալի է՝ ինչու էր նրանից այդպես դժգոհ Սերժ Սարգսյանը, ինչու է որոշել նրան դարձնել քավության նոխազ: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չհամաձայնեց այս հարցադրման հետ: «Այն, որ Սերժ Սարգսյանի քննադատությունը եղել է առարկայական, փաստարկված, փաստ է: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Դա ապացուցվեց կառավարության հաջորդ նիստի ընթացքում ֆինանսների նախարարության փաստարկված խոսքով, որի արդյունքում մի շարք մարդիկ պաշտոնանկ եղան: Բայց կառավարության ղեկավարի գնահատականը հետեւյալն էր. 2010թ. համեմատ 2011թ. եղել է ավելի արդյունավետ, եղել է առաջընթաց»,- ասաց Շարմազանովը:
Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը, սակայն, պնդում է հակառակը. 2011թ. գնաճը եղել է նախատեսվածից ավելին: «Ինչ վերաբերում է բյուջեի կատարողականին, ապա այնտեղ առանձնահատուկ որեւէ բան չկա: 2011թ. բյուջեն բարդ խնդիր չէր ներկայացնում: 2011թ. բյուջեի ընդունման ժամանակ մենք հայտարարել ենք, որ այնտեղ առանձնապես զարգացման միտումներ չկան, այնտեղ չի նախատեսվում աշխատավարձերի, թոշակների, նպաստների բարձրացում: Հայաստանի տնտեսության ստվերայնությունն այնքան բարձր է, որ հարկային եկամուտների բարձրացումը կամ նման միջոցառումներ իրենցից բարդություն չեն ներկայացնում»,-ասաց նա:
Ինչպես երեւում է՝ իշխանություններին չի հաջողվում փոքրիշատե նորմալ բեմադրել նախընտրական տրագիկոմեդիան:
ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԸ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ