ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄՐՑԱՆԱԿ` ՀԱՅՐԻԿԻՆ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի հայրը` ՀՀ Արագածոտնի մարզի Չքնաղ համայնքի պատվավոր անդամ  Գառնիկ Հովսեփյանն արժանացել է «Եվրոպական միություն/«Եվրոպա Նոստրա» 2012» մրցանակաբաշխության շրջանակում միջազգային ժյուրիի հատուկ գնահատականին` «Անհատի կողմից օրինակելի ներդրում մշակութային ժառանգության բնագավառում» անվանակարգում: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրել են ԻԿՕՄՕՍ-ի Հայաստանի գրասենյակից,   ժյուրիի նախագահը հատուկ ընդգծել է  Գառնիկ Հովսեփյանի  «Եվրոպայի ընդհանուր հարստություն համարվող մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված երկարամյա ու նշանակալից ջանքերը»: Ըստ ամենայնի, խոսքը Չքնաղի Սբ. Ստեփանոս եկեղեցական համալիրի վերականգնման մասին է: Ի դեպ, այս մրցանակաբաշխությանը ՀՀ-ն առաջին անգամ էր մասնակցում:

ՉԻ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ
ՌԴ ՊՆ-ն բացահայտել է ռազմական գերատեսչության նախկին ղեկավար, գեներալ Պավել Գրաչեւի մահվան պատճառը: 65-ամյա գեներալը մահացել է սուր մենինգոէնցեֆալիտից: Գրաչեւը կթաղվի Մոսկվայում` Նովոդեւիչյան գերեզմանոցում: Պաշտպանության նախկին նախարարի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին ՌԴ զինված ուժերի մշակութային կենտրոնում: Ավելի վաղ բժիշկները մահվան այլ պատճառ էին նշում` կաթվածը: Իսկ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ նա թունավորվել էր սնկից: Նախկին նախարարի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել ՌԴ եւ ՀՀ նախագահները:

ԻՍԿ Ո՞Վ Է ՈՐՈՇՈՒՄ
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը բոլոր նրանց, ովքեր հարցադրում են անում, թե ինչպես է պատահում, որ Արագածոտնում հայտնված տենդերում հաղթում է իր եղբայրը, հրավիրում է գալ եւ տեսնել նրա վերանորոգած դպրոցը: Այդ մասին նա ասել է Tert.am-ին` դժգոհելով Անահիտ Բախշյանից, որը մատնացույց էր արել այն փաստը, որ Արագածոտնում հայտարարված տենդերները շահում է հենց մարզպետի եղբայրը: «Ի՞նչ անենք, իմ եղբայրն իրավունք չունի՞ ՀՀ-ում աշխատի կամ հաղթի: Անահիտ Բախշյա՞նը պետք է որոշի, նման հզոր կազմակերպությունը պետք է չաշխատի՞»,-դժգոհել է  Սահակյանը:

ԿԵՑՑԵ ՏԱՐՈՆԸ
Երեկ՝ կեսգիշերին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Երեւանի քաղաքապետարանին հարակից այգու (Կոմայգու) մուտքի մոտ «գեղեցկադեմ երիտասարդները»՝ տրանսվիստիտները, ոստիկանության աշխատակիցներին եւ մեկ քաղաքացիական մեքենայի ուղեւորներին փորձում էին հեռացնել իրենց մշտական «բնակության» վայրից: Երկարածամ տղաները սպառնում էին ոստիկաններին, որ կդիմեն 6-րդ վարչություն: Նրանց աղմուկը լսելի էր ողջ փողոցում:

ԱՆԳՈՐԾ ՉԹՈՂԵՑԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Գյուրջյանը նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար մինչեւ մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։ Ի դեպ, Արա Գյուրջյանին օրերս ազատեցին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից եւ փոխարենը  նշանակեցին  Վիկտոր Դալլաքյանին, որը նաեւ ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչն է: Ինչպես տեսանք, Գյուրջյանը երկար անգործ չմնաց:




Լրահոս