«Ես` ուր, պատգամավորը` ուր». Ալլա Լևոնյանը` իր գործունեության և Քիմ Քարդաշյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Լեւոնյանն օրերս մամուլի ասուլիսի ընթացքում մի արտահայտություն էր արել, որը, նրա խոսքով, ճիշտ չի մեկնաբանվել: Երգչուհին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է իր կողմից արված արտահայտությանը, որն առնչվում է քաղաքական դաշտ մուտք գործելուն, նշել է, որ ինքը պատրաստ չէ քաղաքականության ոլորտում լինել: Ալլա Լեւոնյանն անդրադարձել է նաեւ վերջին օրերին Հայաստանում ամենաքննարկվող հարցերից մեկին` Քիմ Քարդաշյանի այցին:

-Ալլա՛, օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մի միտք եք արտահայտել, որն աղմուկ է բարձրացրել համացանցում: Կայքերն ու սոցցանցերի օգտատերերը մեջբերում են Ձեր խոսքը. «Եթե ցանկանայի կամ պատրաստ լինեի, ես էլ ԱԺ-ում կլինեի»: Ըստ Ձեզ՝ ո՞րն է բուռն քննարկումների պատճառը:

-Լրատվամիջոցները սխալ են մեկնաբանում իմ խոսքը, ինչը շատ տհաճ է եւ անհարմար: Նրանք կարող են վերցնել միտքն ու ինչպես ուզեն, կներկայացնեն: Ես ո՞նց նման արտահայտություն կանեմ: Ի՞նչ է նշանակում` որ ուզենայի, կլինեի: Ես քաղաքականությունից այնքան հեռու մարդ եմ, ոչինչ չեմ հասկանում դրանից եւ ամենեւին չէի ուզենա այդ դաշտում լինել, ինչի՞ մասին է խոսքը: Ասել եմ` եթե պատրաստ լինեի. այսինքն` դրան պատրաստ չեմ, չէ՞: Ես ո՞նց կարող եմ դառնալ պատգամավոր, ես` ուր, պատգամավորը` ուր, ցանկություն էլ չունեմ:

-Այսինքն` երբեւէ քաղաքական դաշտում հայտնվելու մտադրություն չե՞ք ունեցել:

-Չէ, ամենեւին, ո՛չ հասկանում եմ, ո՛չ էլ ուզում եմ խառնվել ու չեմ կարծում, թե ճիշտ է, որ ամեն մեկն այդ դաշտում լինի: Կարծում եմ` շատերի ներկայությունն այնտեղ անիմաստ է: Քաղաքականությունը լուրջ երեւույթ է, պետք է մտքով, հոգով պատրաստ, ուժեղ լինես, ինչ-որ բաների դիմակայես: Դա զուտ մասնագիտություն չէ, պետք է պատրաստ լինես չորս կողմից հարվածներ ստանալուն:

-Մարդիկ հաճախ մտածում են, որ եթե երգչուհի Շուշան Պետրոսյանը մուտք գործեց քաղաքական դաշտ, հնարավոր է` Դուք էլ դրանից զերծ չմնաք:

-(Ծիծաղում է): Ինձ մի ժամանակ հաճախ էին զանգահարում եւ ասում, թե լսել են, որ ես էլ եմ ուզում մուտք գործել քաղաքականություն: Սկզբում ծիծաղում էի, հետո լրջացա, ապա ասացի, որ եթե այդպիսի բան լիներ, ես չէի ամաչի, կասեի:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Շուշան Պետրոսյանի` խորհրդարանում լինելու հանգամանքին:

-Նորմալ, մարդը պատրաստ է, որ այնտեղ է, ես պատրաստ չեմ նման բանի:

-Համենայն դեպս, Դուք զերծ չեք սոցիալական գործունեությունից: Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանից ի՞նչ սպասելիքներ ունենանք:

-Բարի կամքի դեսպանի իմ գործունեությունը շարունակում եմ, քանի որ վերընտրվել եմ: Վերջերս էի ՄԱԿ-ի գրասենյակում, բավական լավ ծրագրեր կան, իմ գործն է` լինել խոսնակ, ինձնից շատ բան չպետք է ակնկալել, քանի որ ներքին խոհանոցում ես չկամ, կա մի սահման, որից այն կողմ չի թույլատրվում անցնել:

shushan-petrosyan

-Ալլա՛, չենք կարող չանդրադառնալ Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից մեկին` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ժամանմանը Հայաստան: Հետաքրքիր կլինի լսել Ձեր կարծիքը` ինչպե՞ս եք վերաբերվում նրա այցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:

-Բնականաբար, բոլորս էլ հասկանում ենք, որ Քիմ Քարդաշյանն ամենևին էլ հայուհու կերպար չէ, բայց եթե մի քիչ դիվանագետ լինենք, նրան կօգտագործենք մեր փիարի համար: Նրա շոուն դիտում են միլիոնավոր մարդիկ, մարդը եկել-հասել է այստեղ եւ կարող է օգնել մեզ մեր խոսքն աշխարհին տեղ հասցնելու գործում: Ավելի լավ չէ՞ օգտագործել այս հնարավորությունը:

qim qardashyan 6

-Եվ վերջում` Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ինքներդ որեւէ ծրագրում, նախագծում ընգրկվե՞լ եք:

-«Երգ երգոց»-ի` Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ծրագրում երգել եմ «Վասպուրական» երգը, մի քանի ամիս առաջ նկարահանվել եմ փոքրիկ մի հոլովակում, որտեղ պատմել եմ իմ պապերի ու տատերի մասին, ովքեր Եղեռնի տարիներին Վանից եկածների թվում են եղել: Մի պապս, ի դեպ, Անդրանիկ Օզանյանի ազգակիցն է: Հոլովակում նաեւ փոքրիկ հատված եմ երգել «Քելե լաո» երգից: Ցեղասպանության թեմայից դուրս ունեմ մի երգ, որն ինքս եմ գրել, այն կոչվում է «Բարեւ», մտադիր եմ դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Այն արդեն հասցրել է սիրվել, ուր մտնում եմ, ինձ ողջունում են երգիս բառերով:

Աննա Բաբաջանյան




Լրահոս