Երեկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է գրել Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով իրականացնել հետեւյալ քայլերը. 1. Ձեր եւ պետական գործող բոլոր պաշտոնյաների հրաժարումը բարձր ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի նախագահի ու համապատասխան այլ պաշտոններից: 2. Բուհերի ուսումնական խորհուրդների ապակուսակցականացումն ու ուսանողության առջեւ բոլոր քաղաքական ուժերի հավասար մատչելիությունը: 3. Ձեր ղեկավարած կուսակցության բոլոր գրասենյակների դուրսբերումը քաղաքապետարանների, գյուղապետարանների, համայնքապետարանների, մշակութային տների եւ հանրային սեփականություն հանդիսացող այլ շենքերից կամ էլ ցանկացող քաղաքական կուսակցությունների կողմից դրանց` միեւնույն պայմաններով օգտագործման ապահովումը: 4. Ձեր կամ որեւէ այլ կուսակցության զինանշանի, ցուցանակի, պաստառի կամ անվան հղման հեռացումը քաղաքապետարանների, գյուղապետարանների, համայնքապետարանների, մշակութային տների, համալսարանների, դպրոցների եւ հանրային սեփականություն հանդիսացող այլ շենքերից ու տարածքներից: 5. Հանրակրթական համակարգի ապակուսակցականացումը` տնօրեններից մինչեւ դահլիճներ, բացառելով քաղաքական ցանկացած միջոցառում դպրոցի տարածքում` բացի աշակերտների քաղաքացիական լուսավորմանը միտված բազմակուսակցական, հաղորդակցման հավասար հնարավորություններ ապահովող ձեռնարկներից: Նույնը` առողջապահության եւ հանրային բոլոր մնացյալ ոլորտներում: 6. Ձեր իսկ կուսակցական գործունեության բացառումը նախագահական նստավայրում: 7. Պետական բյուջեի հատկացումների բացառումը կուսակցական ուղղակի կամ անուղղակի օգտագործման համար` դրանք լինեն ուղիղ հատկացումներ ինքնաթիռների, հյուրանոցների, օրապահիկների, ընդունելությունների կամ ներկայացուցչական այլ ծախսերի համար, թե միջնորդավորված հատկացումներ տարատեսակ հիմնադրամների, կենտրոնների կամ այլ ձեռնարկների միջոցով: 8. Իրավապահ մարմինների, անվտանգության ծառայությունների, մարզպետների եւ Ձեր կուսակցության ներկայացուցիչների առանձին, տեղ-տեղ նույնիսկ նկատելիորեն համակարգված գործունեության բացառումը, որն ուղղված է Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքների սահմանափակմանը, վախի ու ստրկամտության հակաքաղաքացիական մթնոլորտի պարտադրմանը: 9. Քաղաքապետ(արան)ների, գյուղապետ(արան)ների, համայնքապետ(արան)ների, ցանկացած հանրային ծառայողի վրա որեւէ տեղից ուղղակի կամ անուղղակի ձեւով նախընտրական ճնշման, սպառնալիքի, անգամ դրանց ակնարկի բացառումը: 10. Մրցակցության, այդ թվում եւ ֆինանսական իրավահավասար պայմանների ապահովումը` բացառելով «վարչական ռեսուրսների» հատվածական չարաշահումը: 11. Ցանկացող բոլոր կուսակցությունների համար հեռուստատեսությունների, ձայնասփյուռի եւ այլ լրատվամիջոցների հավասար մատչելիությունը` այդ թվում գովազդային ցուցանակների եւ պաստառների առումով: 12. Ձեր կամ որեւէ այլ կուսակցության շահադիտական կամ քարոզչական «բարեգործության» բացառումը՝ անկախ դրա ձեւից, բովանդակությունից ու անվանումից: 13. Ազգի հպարտություն հանդիսացող մեր զինվորների նենգագործման բացառումը նախընտրական եւ ընտրական գործընթացներում: 14. Եկեղեցու քաղաքական օգտագործման կամ կուսակցականացման անգամ տպավորության բացառումը: 15. Ամբողջապես համամասնական ընտրակարգի ընդունումը, փաստացի քվեարկող քաղաքացիների մատների թանաքոտման պահանջի կատարումը, փաստացի քվեարկած քաղաքացիների ցուցակների հետընտրական հրապարակումը, օրինախախտ բոլոր հանցագործների` անկախ պաշտոնական կամ կուսակցական դիրքից, բացահայտումն ու խստագույն պատժումը: