ՄԱՐԶԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԹ ՉԵՆ ԱՆՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Մի շարք ընտրատարածքներում նախնական տվյալներով հաղթեցին ԲՀԿ-ական թեկնածուները, մասնավորապես Բալահովիտ համայնքում, Եղեգնաձոր եւ Աբովյան քաղաքներում, իսկ մնացած համայնքներում մեծ թվով ձայներ ստացան  ՀՀԿ-ական թեկնածուները: Այս անգամ եւս ընտրություններն անցան «ծեծ ու ջարդով», լցոնումներով, կրկնակի քվեարկությամբ: Արտառոց մի դեպք էլ գրանցվեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Վարդենիսի թիվ 2 միջնակարգ  դպրոցում տեղակայված թիվ 23/03 ընտրատեղամասում Վարդենիսի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Աշոտ Մարտիրոսյանի վստահված անձ Ստեփան Սիմոնյանն իր եղբոր` Գեւորգի հետ  ծեծել է Ռաֆայել Մելիքյանին: Մեր տեղեկություններով՝ Ռաֆայելը գնացել է ընտրության ու հանկարծակի ականատես եղել, որ մի անձը երկու քվեաթերթիկ է վերցրել քվեարկելու համար: Վերջինս դրա մասին տեղյակ է պահել ընտրատեղամասի դիտորդին: Պարզվել է, որ ընտրողն ինչ-որ մեկի փոխարեն է ուզում քվեարկել, որն իբրեւ թե ի վիճակի չէ ինքն ընտրել: Ռաֆայելն առաջարկել է, որ այդ դեպքում ընտրությունն արվի պատահական մեկի օգնությամբ եւ ոչ թե այդ կերպ: Հանկարծակի այդ ամենին է խառնվել ԲՀԿ-ական թեկնածուի վստահված անձ Ստեփանն ու հայտարարել, թե ինքն ուզում է, որ այդպես լինի եւ վերջ: Ծագած լեզվակռիվը վերածվել է վիճաբանության: Արդյունքում ԲՀԿ-ական Ստեփանն ու նրա եղբայրը հարվածել են Ռաֆայելին, որի ուշքը գնացել է: Ժամը 11:00-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի թիվ 2 միջնակարգ  դպրոցում  տեղակայված թիվ 23/03 ընտրատեղամասում վիճաբանում են: Ոստիկանությունը վիճաբանողներին բերման է ենթարկել բաժին: Հանգամանքները դեռեւս պարզվում են: Ի դեպ, ծեծողները եւ ծեծվողը հորեղբոր որդիներ են:
Վարդենիսում քաղաքապետի ընտրությանը ներկա են եղել նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, եւ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը: Երեկ զրուցեցինք Վարդանյանի հետ` պարզելու, թե ինչու է իրենց թեկնածուի վստահված անձը ծեծկռտուք սարքել: «Անկեղծ ասած, ի սկզբանե տեղում չենք եղել: Պարզելու համար՝ ինչ է տեղի ունեցել, գնացել ենք, տեսել ենք` ներսում ամեն ինչ նորմալ էր: Ո՞վ է ասում, որ ԲՀԿ-ի վստահված անձն ա սկսել վիճաբանությունը, ես այդքան մանրամասն չգիտեմ, մեզ կարեւոր էր, որ ընտրությունների ընթացքը շարունակվեր, եւ այդպես էլ եղավ»,-ընդգծեց Վարդանյանը:
Ընտրությունների արդյունքում Վարդենիսի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Վոլոդյա Խլոյանը` ստանալով 3346 ձայն, իսկ ԲՀԿ-ական Աշոտ Մարտիրոսյանը ստացել է 2195 ձայն:
Մարտունիում 3332 ձայնով քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Բագրատ Հարությունյանը, Գավառում՝ անկուսակցական Գուրգեն Մարտիրոսյանը, ում օգտին քվեարկել է 5350 ընտրող, Սեւանում՝ միակ թեկնածու ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը` ստանալով 7203 ձայն: 541 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:
Ի դեպ, մի դեպք էլ արձանագրվել է Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում: Գյուղապետի թեկնածու Վահան Բագրատյանը զանգահարել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն եւ հայտնել, որ թիվ 23/1 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներից մեկը հարբած վիճակում բացում է քվեաթերթիկներն ու  խոչընդոտում ընտրությունների բնականոն ընթացքը: Հանգամանքները դեռեւս պարզվում են:
Կոտայքի մարզում եւս ընտրություններն անցել են ընտրախախտումներով: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:30-ին թիվ 27/02 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանին է մոտեցել տեղամասի հանձնաժողովի նախագահն ու հայտնել, որ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում գրանցված Սարգիս Պողոսյանը Զովունի գյուղի բնակիչ Ուսո Ավդալյանի անձնագրով քվեարկել է գործող գյուղապետի օգտին: «Ժողովուրդ»-ը զրուցեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի՝ Կովալի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել: «Եղվարդում, Ծաղկաձորում ու խոշոր շատ համայնքներում ՀՀԿ-ի թեկնածուներն են հաղթանակ տարել, մարզում ընտրությունները շատ լավ են անցել, օրենքների սահմաններում, կարող է ինչ-որ չնչին թերություններ եղած լինեն, որոնք արդյունքների վրա չէին կարող անդրադառնալ»,-վստահեցրեց Շահգալդյանը: Իսկ Աբովյանում վերընտրվել է  գործող քաղաքապետը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը:
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ի թեկնածու, անկուսակցական, նախկին փոխքաղաքապետ Արմեն Անտոնյանը: Իսկ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում համայնքապետի ընտրություններում ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանը հաղթել է ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանին: Դավիթ Հարությունյանի օգտին քվեարկել է  2329 ընտրող, իսկ ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանը ստացել է 1966 ձայն: Վայքում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս