ՈՎՔԵՐ ՉԳԱՆ, ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ ՊԵՏՔ Է ԳՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 22-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կազմակերպած քաղաքային շաբաթօրյակը լուրջ դժգոհությունների առիթ է տվել: «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին, որը հարգելի պատճառներով չցանկացավ ներկայանալ, տեղեկացրեց, թե Աջափնյակ համայնքի թիվ 44 մանկապարտեզի դայակներից մեկը շաբաթօրյակի ընթացքում ուշագնաց է եղել: Մանկապարտեզում խուճապ է սկսվել:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող գրեթե բոլոր  հիմնարկների աշխատակիցների հանգստյան օրերն անցել են փողոցներում: Ուրբաթ օրը մարդկանց «բռնի կերպով» տարել են տարբեր միջոցառումների՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան, իսկ շաբաթ օրը տարել են համաքաղաքային շաբաթօրյակի՝ մանկավարժներին ու բժիշկներին ստիպելով ավլել փողոցները:
Իհարկե, մանկավարժներից շատերը տոնական միջոցառման հենց սկզբից «ներկա ստանալուց» եւ տնօրենների աչքին երեւալուց հետո «ծլկել» են: Նրանցից մի քանիսն իրենց «փախուստն» այսպես բացատրեցին. «Սա այն օրն է, երբ պետք է մենք մեր ընտանիքների հետ նշենք»: Իսկ չգալ չեն կարող, քանի որ «օրվա հացից կզրկվեն, այլ տարբերակ չունեն»:
Ու հավանաբար այս իրավիճակից սրտնեղած՝ մանկավարժներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, ու նա ուշագնաց է եղել հենց թիվ 44 մանկապարտեզի բակում: «Ահավոր վիճակ էր ստեղծվել, մանկավարժները գոռում էին, փորձում էին օգնել այդ կնոջը, ու փառք Աստծո, շտապօգնությունը շուտ եկավ, եւ նրան տեղափոխեցին հիվանդանոց»,-մեզ հետ զրույցում պատմեց Աջափնյակի բնակիչ 54-ամյա Սալբինա Մկրտումյանը՝ ընդգծելով, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում կնոջն առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո նրան դուրս են գրել հիվանդանոցից:
Տեղեկացնենք, որ Աջափնյակի 2-րդ շղթայում տեղակայված շենքերի բակերը մի շարք մանկավարժներ էին մաքրում՝ դժգոհելով, որ դա իրենց գործը չէ: «Եթե շաբաթօրյակը լիներ նրա համար, որ մենք մեր մանկապարտեզի բակը պետք է մաքրեինք, հասկանալի կլիներ, բայց մեզ՝ մանկավարժներիս, տարել են եւ շենքերի բակերն են մաքրել տալիս, մի՞թե այս կերպ են հարգում մանկավարժներին: Բա քաղաքապետարանի գործը ո՞րն է, որ մենք ենք բակերը մաքրում: Ինչո՞ւ մենք պետք է զբաղվենք այդ հարցով: Մեր հանգստյան օրերը հարամեցին. ուրբաթ օրը ստիպելով տարան անկախության տոնին նվիրված ինչ-որ միջոցառման, շաբաթ օրը՝ ուրիշների բակերը մաքրելու, մի կիրակի մնաց: Դեռ էս շաբաթ օրն էլ պիտի աշխատենք»,-վրդովված ասացին Աջափնյակի մի շարք մանկապարտեզների դաստիարակներ: Նրանք, իհարկե, փորձել են ընդդիմանալ, սակայն տնօրեններն ասել են. «Ովքեր չգան շաբաթօրյակին, թող աշխատանքից ազատման դիմումներ գրեն»:
Նույն իրավիճակն էր նաեւ Քանաքեռ-Զեյթուն բ/կ-ի բուժաշխատողների մոտ: «Մեր սպիտակ խալաթներով տաքսու վարորդների ծխախոտի մնացորդներ էինք հավաքում ու մայթերը մաքրում, այսպես ենք հարգվում»,-ասացին նրանք:
Այսպիսով՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բժիշկների ու մանկավարժների ինքնասիրության հաշվին ինքն իրեն է գովազդում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս