ԷԼԻ ՄՆԱՑԻՆ ԱՆՕԹԵՎԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ապրիլից մեկնարկել է Ախուրյանի անօթեւանների համար նախատեսված բազմաբնակարանների շինարարությունը: 1988թ. երկրաշարժից 24 տարի անց համայնքում դեռ կա 182 անօթեւան, որոնց բնակարանով ապահովելու համար կառուցվում է 4-հարկանի երեք շենք՝ 104 բնակարանով: Քաղաքաշինության նախարարի ղեկավարությամբ անցկացված մի քանի արտագնա նիստերում ուսումնասիրվել են անօթեւանների ներկայացրած փաստաթղթերը, եւ արդեն իսկ 117 անօթեւան ընդգրկված են հերթացուցակներում: Մյուսների գործերը դեռ կուսումնասիրվեն, որից հետո պարզ կլինի, թե նրանցից քանիսը կընդգրկվեն հերթացուցակներում, եւ քանի բնակարան կառուցելու անհրաժեշտություն կլինի:
Մեզ հետ զրույցում Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանը նշեց, որ արդեն իսկ պարզ է, որ կառուցվող բնակարանները չեն բավականացնելու՝ բոլոր անօթեւաններին բնակարանով ապահովելու համար, ու եւս մեկ շենք կառուցելու անհրաժեշտություն կա. «Շինհրապարակում ներկայում կառուցման աշխատանքներ են իրականացվում: Շենք կա, որ երկրորդ հարկն են ավարտում, շենք կա` երրորդ»: Հավանաբար Իգիթյանը տեղյակ չէր, որ մեզ հետ զրույցի պահին շինհրապարակում ոչ մի աշխատանք չէր իրականացվում, ինչը մենք պարզեցինք՝ լինելով այնտեղ: Դադարեցված աշխատանքների մասին խոսում էին տարածքում տիրող լռությունը, կանգնած տեխնիկան եւ աշխատողների բացակայությունը: Շինհրապարակին կից տնակներում երկու տասնամյակից ավելի բնակվում են անօթեւաններ, որոնք անհամբեր սպասում են շինարարության ավարտին: Հենց նրանք էլ մեզ հետ զրույցում ասացին, որ աշխատանքները մոտ երկու շաբաթ է` դադարեցված են:
Աշխատանքների դադարեցման պատճառը պարզելու նպատակով դիմեցինք «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ի հանրության հետ կապերի եւ տեղեկատվության պատասխանատու Արմինե Ուդումյանին, ում պարզաբանմամբ` այս պահին շենքերի կառուցման աշխատանքները գտնվում են երկաթբետոնե «կոնստրուկցիաների» կառուցման փուլում: Նա նաեւ նշեց, որ օրերս բետոնալցվել են շինությունների պարզունակները (ռիգել), որոնց վրա նստեցվում է միջհարկային ծածկի սալը: Շինարարական նորմերով՝ դրանց բետոնացումից հետո առնվազն 5-6 օր է անհրաժեշտ չորանալու համար, որից հետո նոր միայն կարելի է տեղադրել միջհարկային ծածկի սալը: Իսկ բնակիչների նկատած աշխատանքների հաճախակի դադարեցումներն էլ Ա. Ուդումյանն այսպես մեկնաբանեց. «Հավանաբար համընկել է նման ժամանակահատվածների հետ»:
Ախուրյան համայնքի բնակարանների շահագործումը նախատեսված է 2013թ. փետրվար ամսին, բայց բնակիչների կարծիքով՝ այն կհետաձգվի: «Ես ամեն օր հետեւում եմ աշխատանքներին ու արդեն իսկ մտածում եմ, որ եւս մեկ տարի մենք անցկացնելու ենք այս տնակում՝ կոմունալ բոլոր հարմարություններից զուրկ»,-ասաց 62-ամյա տիկին Լենան:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս