Սեպտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի 92 համայնքներից 64-ում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Սեւան քաղաքն ընդգրկված էր թիվ 23 ընտրատարածքում, որտեղ ձեւավորվել էր 12 ընտրատեղամաս: Առաջադրվել էր համայնքի ղեկավարի մեկ եւ ավագանու 33 թեկնածու, որից 15-ը հաղթեցին ընտրապայքարում: Սեւան քաղաքում ընտրողների ընդհանուր թիվը 19 356 է, որից ընտրություններին մասնակցել է 9627 ընտրող, այսինքն՝ ընտրողների 49,8 տոկոսը:
«Ժողովուրդ»-ի խմբագրակազմը եղավ ընտրատեղամասերում եւ բոլոր խախտումները ի մի բերելով՝ արձանագրեց, որ ՀՀ-ում տեղի ունեցող բոլոր տեսակի ընտրախախտումները՝ կրկնակի, բաց, այլ անձանց անձնագրերով, անձնագրի պատճենով, ուղղորդված, ընտրատարածքներում կուտակումներով եւ այլն, այդ օրը տեղայնացվել էին Սեւանում: Հարկ է խոսել ընտրատեղամասերի վատ կահավորման, թույլ լուսավորության, տարածքների անհարմարության եւ սահմանված չափանիշներին անհամապատասխանության մասին: Սակայն այս ամենի մեջ ամենազավեշտալին ԸԸՀ-ի անդամների, հատկապես որոշ հանձնաժողովի նախագահների` ընտրական օրենքներից իրազեկության, մեղմ ասած, ցածր մակարդակն էր:
Խոսենք փաստերով. թիվ 23/02 ընտրատեղամասում առաջին կուտակումները նկատվեցին ժ. 14:37: Այդ պահից սկսած` մոտ 18 րոպե թվով 27-31 մարդ միաժամանակ գտնվել են ընտրական տեղամասում: Իրավիճակը շտկվել է «Ժողովուրդ»-ի լրագրող Քնար Մանուկյանի ակտիվ միջամտությումբ: Դրանից հետո քաղաքապետի թեկնածուի վստահված անձը՝ Նորիկ Մաթեւոսյանը, փորձել է խոչընդոտել վերջինիս բնականոն գործունեությունը:
Թիվ 23/06 տեղամասում Ստեփանյան Սեւակի անձնագրով ներկայացած մեկի անունը նրա նշած համարի տակ չհայտնաբերեցին, Մարության Վարդանինը` եւս, Խաչատրյան Կառլենի անձնագրով ներկայացած անձի նշած համարի տակ Խաչիկ Ղարիբյանն էր գրանցված, Աֆրիկյան Մերուժանի անվան տակ` Արամ Հայրապետյանը: Նշյալ դեպքերով, իհարկե, քվեարկությունը կանխվեց, բայց, օրինակ, Գալստյան Արան ՌԴ անձնագրով էր եկել եւ քվեարկեց. մեր հարցին ի պատասխան` ասաց, որ երկքաղաքացի է, Ռուսաստանի գրանցում էլ ունի, հայկական անձնագիր էլ, որը, սակայն, ՌԴ-ում է թողել:
Թիվ 23/08 տեղամասում 1937թ. ծնված Հունանյան Կոլյային հանձնաժողովի նախագահի ցուցումով աջակցության նպատակով քվեախցիկ ուղեկցած լրագրողը նկատել է, որ Հունանյանի մոտ առկա է թղթի կտոր, որի վրա գրված է ավագանու թեկնածու Ռոբերտ Հարությունյանի անունը: Հարցին, թե դա ինչ է, նա ասել է. «Պառավս է ասել՝ սրան կընտրես, իրա ղեկավարն ա»: Նույն տեղամասում հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ 1961թ. ծնված Վահրամ Մամիկոնի Մարգարյանն ընտրություն է կատարել անձնագրի պատճենով:
Ընտրատեղամասերի անհամապատասխան ձեւավորման մասին է խոսում նաեւ թիվ 23/08 տեղամասում քվեախցիկի կոտրվելու փաստը: Հանձնաժողովի նախագահ Ռ. Գուլանյանը այն հավաքել եւ կապել է «տուկի» թելով: Իսկ ժամը 19:10-ից մինչեւ քվեարկության վերջը ընտրությունն ընթանում էր լապտերի լույսի հավելյալ լուսավորության ներքո: Նույն տեղամասում Ռուստամ Նորիկի Կարապետյանը զրկվեց ընտրության իր իրավունքից: Վերջինս հայտնաբերեց, որ իր փոխարեն ընտրություն է կատարել AC0322795 անձնագրով քաղաքացին: Դա հաստատել էր հանձնաժողովի անդամ Լուսինե Ղարիբյանն իր անունով գրանցված կնիքով՝ 22 347, այս կնիքի տակ հայտնաբերվեցին եւս մի քանի խախտումներ: Լրագրողի կողմից զգուշացված Լուսինեն պարտավորվեց այդուհետ զգույշ աշխատել:
Թիվ 29/09 տեղամասում, «Ժողովուրդ»-ի լրագրող Սյունե Համբարձումյանի վկայությամբ, 102-ամյա Նվարդ Վարդանի Միլիտոնյանն ընտրելուց հետո շփոթված նայել է հանձնաժողովի անդամներին եւ ասել. «բա ո՞ւր են փողերը»:
Այս եւ նմանատիպ այլ ընտրախախտումներ են տեղի ունեցել նաեւ թիվ 23/03, 23/11 տեղամասերում:
Հ. Գ. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում այսօր ավագանու թեկնածու Դավիթ Մուրադխանյանի պահանջով կսկսվի վերահաշվարկի գործընթացը: Վերջինս համաձայն չէ թիվ 23/08 տեղամասում («Սեւանի պատանի տեխնիկներ» կենտրոն) ստացած ավագանու թեկնածության իր քվեների ամփոփիչ թվերի:
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ «ԳԵՂԱԿԱՆ» ԿԱՐԳՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ