Դատախազությունը նախկին վարչապետի հոր դեմ 12 մլն դրամի հայց է ներկայացրել դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հոր՝ «Մսի կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռազմիկ Դարբինյանի դեմ: Դատախազությունը 2014թ մարտի 18-ի իր հայցադիմումով Ռազմիկ Դարբինյանից պահանջել է հօգուտ պետական բյուջեի գանձել 12 միլիոն 477 հազար 120 դրամ: Ի դեպ, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը նաեւ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նախկին վարչապետի հոր դրամական միջոցների եւ գույքի վրա արգելանք դնելու պահանջով, ինչը գործով դատավոր Սիմիզար Հովսեփյանը բավարարել է:
Եվ այսպես՝ դատախազությունը դատարան ներկայացրած հայցում գրել է, որ 2010թ. հուլիսի 16-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Արմոն Օհանջանյան Նամագերդին մաքսանենգությամբ Հայաստան է տեղափոխել 12 միլիոն 477 հազար 120 դրամ արժողության ապրանքներ (նաբաթ, պիստակ, սիսեռ, դդմի կորիզ եւ նուշ):

Տեղեկացանք նաեւ, որ մաքսանենգության փաստի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը: Ավելի ուշ քննիչը որոշել է՝ մաքսանենգությամբ մեր երկիր բերված ապրանքները ի պահ հանձնվեն «Ուրարտու» ՍՊ ընկերության մաքսային պահեստին: Սակայն կարճ ժամանակ անց պիստակը, սիսեռը եւ մյուս ապրանքները մկները կերել են ու վնասել ներկրված գույքը: Պարզվում է՝ դատարանը չի հավատացել կրծողների վարկածին եւ որոշել է պարզել՝ մաքսանենգ ճանապարհով ներկրված ընդեղենը կարո՞ղ էր այդ պահեստում պահպանել իր ապրանքային տեսքը եւ պիտանի լինել օգտագործման համար: Այժմ փորձագետները ուսումնասիրում են սիսեռի, դդումի կորիզների եւ մնացած ապրանքների վիճակը: Թե ինչ եզրակացություն են տվել փորձագետները, առայժմ չհաջողվեց պարզել:

Բայց քանի որ դատախազությունն, ըստ էության, կասկածներ ունի, որ պահեստի ապրանքը գուցե վաճառվել է փչացածի անվան տակ, ուստի պահեստի պատասխանատուից՝ ՀՀ նախկին վարչապետի հորից՝ Ռազմիկ Դարբինյանից, պահանջում է վճարել շուրջ 12 միլիոն դրամ:

Տեղեկացնենք, որ այս գործով դատական նիստերը շարունակվում են, եւ դեռ պարզ չէ՝ ինչ կլինի վերջը: «Ժողովուրդ»-ը փորձեց նախկին վարչապետի հորից՝ Ռազմիկ Դարբինյանից, հետաքրքրվել, թե ինչ է կատարվում իրականում, եւ ինչ է մտածում նա ստեղծված իրավիճակի մասին:

Ռազմիկ Դարբինյանը հայտնեց, որ այն, ինչ կատարվում է, աբսուրդ է, եւ ինքն էլ իր հերթին է հակընդդեմ հայցով դիմել դատարան. «Դեռ դատական նիստերը շարունակվում են, երբ ավարտվեն, նոր կկարողանամ ներկայացնել իրավիճակը»:

Քնար Մանուկյան




Լրահոս