Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում տնտեսությունը շարունակում է գահավիժել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի օրը լրանում է ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին: Այսօր եթե ասենք, որ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման մեկ տարում այդպես էլ չկարողացավ որեւէ դրական արդյունք արձանագրել, նշանակում է՝ ոչինչ չասենք: Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում, ինչպես նրա նախորդի կառավարման շրջանում, Հայաստանի տնտեսությունը շարունակում է հաստատուն գահավիժել:

Չկա ոչ մի տվյալ, որը Հայաստանի ապագայի հետ կապված լավատեսություն կներշնչի: Փորձենք Հովիկ Աբրահամյանի կառավարումը գնահատել թվերով. 2013 թվականի արդյունքներով Հայաստանից անվերադարձ մեկնած քաղաքացիների, ասել է թե՝ արտագաղթի թիվը կազմել էր ավելի քան 42 հազար մարդ, 2014-ին այդ թիվը կազմեց ավելի քան 47 հազար: 2014-ի առաջին երկու ամիսներին Հայաստանից արտահանվել էր 218 մլն 116  հազ. դոլարի ապրանք, այս տարի՝ 163 մլն 59 հազ.-ի, անկումը կազմել է 25,2 տոկոս: 2014-ի ապրիլի 1-ին Հայաստանի արտաքին պահուստները կազմել են 1 մլրդ 970 մլն 300 հազ. դոլար, այս տարի՝ 1 մլրդ 491 մլն 500 հազ.:

Հայաստանի արտաքին պահուստները նվազել են 478 միլիոն 800 հազար դոլարով: 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գնաճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել էր 4,6  տոկոս, այս տարվա արդյունքներով կազմել է 5,1 տոկոս: Տնտեսությունում առկա ծանր կացությունը բնութագրող թվերը կարելի է շարունակել, բայց կարծում ենք՝ վերը բերվածը լիարժեք բավարար է՝ Հայաստանում հաստատված գաղջի հաղթարշավը բնորոշելու համար: Իսկապես, բարդ ժամանակներում ենք ապրում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս