ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՌԵՎԱՆԳԵԼ Է
Մեծ Բրիտանիայի 51-ամյա բնակչուհին ալկոհոլի ազդեցության տակ Դեւոնում՝ Դարթ գետի վրա, առեւանգել է 100 տեղ ունեցող «Princess» լաստանավը: Շտապօգնության, ոստիկանության եւ առափնյա անվտանգության ավելի քան 30 աշխատակից մի ամբողջ ժամ հետեւել են կնոջը: Բրիտանուհին բղավել է, թե ինքը Ջեք Ճնճղուկն է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից: Փախուստի ընթացքում լաստանավը բախվել է իր ճանապարհին հանդիպած բոլոր նավակներին ու նավերին: Բարձրանալով նավ՝ ոստիկանները կնոջը հայտնաբերել են անգիտակից վիճակում: Ձերբակալության ժամանակ նա վստահեցրել է, որ եթե իրեն չբռնեին, ինքը կհասներ մինչեւ  Սեն-Տրոպե:

ԿՈԿՈՐԴԻԼՈՍ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ
Ուղեբեռները ստուգող օպերատորն ավստրալիական Qantas ավիաընկերության ինքնաթիռի  բեռնախցում ազատ շրջող կոկորդիլոս է հայտնաբերել: Ինչպես պարզվել է, կոկորդիլոսը կարողացել է իր բեռնարկղից դուրս գալ Բրիսբենից Մելբուռն թռիչքի ժամանակ: Նրան անմիջապես տեղափոխել են բեռնարկղ: Նա ոչ ոքի եւ ոչինչ չի վնասել: Qantas-ի ականատեսների խոսքով՝ կոկորդիլոսը՝ որպես բեռ, ուղարկվել է Australian Air Express տրանսպորտային ընկերության կողմից: Ավիաընկերությունը նպատակ ունի հետաքննություն իրականացնել եւ պարզել, թե արդյոք ճիշտ բեռնարկղ է ընտրվել կենդանու տեղափոխման համար, եւ որքանով է այն ամուր փակված եղել:

ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ
Մոսկվայում սեպտեմբերի 21-ին՝ օրը ցերեկով, զինված հարձակում է իրականացվել «Audi A8»-ի վրա, որի հետեւանքով գնդակահարվել է երիտասարդ հայազգի գործարար Սերգեյ Ավակովը, իսկ նրա ուղեւորը՝ վիրավորվել: Պարզվել է, որ մեքենայում 12 մլն ռուբլի գումար է եղել: Հարձակումը տեսագրել են ճանապարհային երթեւեկության տեսախցիկները: Տեսագրությունից պարզ է դառնում, որ 29-ամյա հայ գործարարի վրա կրակել են 3 անգամ: Դիմակավոր հարձակվողներից մեկը գործել է մուրճով: Դրանով կոտրել են մեքենայի ապակին, եւ հափշտակել գումարով պորտֆելը: Սերգեյ Ավակովը եղել է  «Ռոստելեկոմ»-ի մերձվոլգյան մասնաճյուղի ղեկավարի անվտանգության հարցերով խորհրդականը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս