ՀԱՐՑ. Ցանկանում եմ իմանալ՝ Հայաստանում արդյոք անում են քթի միջնապատի լազերային վիրահատություն: Այսինքն՝ ոչ թե քիթը կոտրում են, հետո նոր ուղղում միջնապատը, այլ վիրահատությունն արվում է լազերի միջոցով: Եթե կա, ապա ո՞ր բուժհաստատությունում է կատարվում: Եւ խնդրում եմ ասել, թե այն մոտավորապես ինչքան արժե:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անահիտ Պետրոսյանի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում քթի միջնապատի լազերային վիրահատություն չի կատարվում՝ վիրահատության համար անհրաժեշտ լազերային սարքի բացակայության պատճառով:
ղեկավար Սուրեն Քրմոյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնի է, որ նման վիրահատությունները թանկ արժեն: Հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկություններով պայմանավորված քթի վիրահատության մեծ պահանջարկը՝ տարօրինակ է, որ նման սարք Հայաստանում դեռ չկա: Բժշկությունը վաղուց արդեն բիզնեսի է վերածվել, ու նման պայմաններում պետք է որ գործարար-բժիշկները կամ բժշկությունը շահութաբեր գործի վերածած օլիգարխ-պաշտոնյաները նաեւ հիշատակված լազերային սարքից ձեռք բերած լինեին: Փաստորեն, մեր քաղաքացիները կա՛մ ստիպված կլինեն դիմել հին մեթոդին՝ վիրահատությունը կատարելով Հայաստանում, կա՛մ ահռելի գումարներ ծախսել արտերկրում վիրահատվելու համար: