Մեր նպատակն է մաքրել ոստիկանության վրա դրված խարանը. Վլադիմիր Գասպարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Ոստիկանության կենտրոնական շենքում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության ինտերնետային նոր կայք-էջի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կայքի ներկայացումից հետո ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր խոսքում  նշեց, որ այսօրվա քայլն արվում է տաս ամիս, սակայն այլ ձևերով. “Հիմա մենք ավելի բարձր որակի բարձրացրեցինք դա, և սա դեռ սկիզբն է, մենք ավելի խոր, ավելի ընկալելի կդարձնենք մեր գործունեությունը: Դուք կտեսնեք նաև կոնկրետ ոստիկանական միջոցառումները հանցագործունեությունը բացահայտելիս:
Մեր նպատակն է ոստիկանությունից մաքրել այն խարանը, որ դրվել է մեր վրա:
Իհարկե կան խոչընդոտներ, իհարկե կան չարակամություններ և չարաճճիություներ, որոնք արվում են մեր նկատմամբ, բայց մենք սովորել ենք համբերել այդ ամենը: Այ սա (կայքի մասին) մեզ բավականին շատ մեծ թերություններից կմաքրի: Այս պարագայում ես ինչ կխնդրեի, կխնդրեի աշխատել մեզ հետ: Հիմա լրագրողները չգիտես ինչու որոշել են մեզ հետ պայքարել, կուզենայի, որ մեր թափանցիկությունը ունենայիք նաև դուք”,-նշեց ոստիկանապետը: 
Ամփոփելով իր խոսքը՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց. “Մենք ամեն ինչ անելու ենք, որ ունենանք այն ոստիկանությունը, որը երազում ենք, լավ, ազնիվ ոստիկանություն”:
Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի միջոցների վարչության պետի տեղակալ, կայքի պատասխանատու Վարուժան Բալյանը մանրամասն ներկայացրեց նոր կայքը՝ իր հնարավորություններով, նորամուծություններով:
Կայքը լինելու է եռալեզու, ոստիկանության նոր կայքում գործելու է “ուղիղ միացում” բաժինը, որտեղ ներկայացված են Ճանապարհային ոտսիկանության եւ անձնագրային վարչության մի շարք ուղիղ միացման տեսախցիկները, ցանկացած այցելու կարող է տեսնել, թե ինչ է կատարվում: Կայքում նորություն է նաեւ այն, որ  ոստիկանության ստորաբաժանումները ներկայացվում են ՀՀ քարտեզի տեսքով եւ դրանց մասին կան մանրամասն տեղեկություններ: “Հաջորդ նորությունը “Ձեր տեղամասյին տեսուչ” բաժինն է, ցանկացած մարդ կարող է ընտրել իր տարածքը, նշել բնակության հասցեն եւ բերվում է տեղամասային տեսուչների ամբողջական ցուցակը՝ իրենց բոլոր տվյալներով: Առաջիկայում պատրաստվում ենք այս բաժնում զետեղել նաեւ անչափահասների գործերով տեսուչների տվյալները, ինչը եւս կանխարգելիչ նշանակություն կունենա եւ օգտակար կլինի ծնողներին”,- նշեց նա: Այս կայքում նորություն են թափուր հաստիքներ, բյուջե, թեժ գիծ, օնլայն նամակ գրելու եւ այլ  բաժինները: Կայքի փոփոխությունները Ոստիկանության վրա արժեցել են 0 դրամ, իսկ այն ստեղծող ընկերությունը գերադասեց գումարը չհրապարկել՝ նշելով, որ դա կորպորատիվ գաղտնիք է:




Լրահոս